Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ ճանապարհը Եվրասիական միությանը չանդամակցելն է». «Իրատես de facto»

Հունիս 06,2014 12:17

Երկար տարիներ քաղաքական թատերաբեմը չլքած խոսափողի «սեփականատեր» ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ Ղարաբաղի շուրջ այսօրվա զարգացումները դրական չի համարում և պնդում է, որ իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում Արցախին առնչվող նման հայտարարություններ երբևէ չեն հնչել։

– Իշխանության վերին օղակներում կանգնած մարդիկ այլ հարցադրմամբ արձագանքեցին՝ իսկ ո՞վ է ասել, թե մենք Եվրասիական միություն ենք մտնում Ղարաբաղի հետ, նաև փաստեցին, որ ոչ մի խոչընդոտ չկա այդ միությանն անդամակցելու հարցում։ Ինչպե՞ս հասկանալ։

– Ուղղակի հայտարարել, թե Ղարաբաղը մեզ հետ է մտնելու ՄՄ, իմաստ չուներ, որովհետև դա ինքնըստինքյան այդպես էլ ենթադրվում էր։ Եթե Հայաստանն ու Ղարաբաղը ընդհանուր տնտեսական միավորման մեջ են և մեր բյուջեից միջոցներ են գնում Ղարաբաղ, ընդհանուր սահման, մաքսային կետ չունենք, հարց է ծագում. եթե Ղարաբաղը չընդգրկվի այդ միավորման մեջ, կա՛մ Հայաստանի հետ ընդհանուր տնտեսական տարածքից պիտի դուրս գա, կա՛մ Հայաստանն այդ միության մեջ չպետք է լինի։

– Հիմա ինչպիսի՞ զարգացում կարելի է ակնկալել։

– Ադրբեջանին զենք վաճառելուց հետո «ստորաքարշ» վիճակով գնալ դեպի այդ միավորում սխալ է, որովհետև դրանից կարելի է եզրահանգել, որ վտանգվում է անգամ Ղարաբաղի գոյությունը։

– Իշխանության ներկայացուցիչները ՄՄ-ին անդամակցությունն արդարացնում են Ղարաբաղի անվտանգության ապահովմամբ, փաստորեն հիմա հակառա՞կն է ստացվում։

– Այս վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ոչ միայն անվտանգության երաշխավոր չէ այդ միությունը, այլև լրիվ հակառակ զարգացումներ են տեղի ունենում։ Զենք վաճառողները լավ էլ կողմ են, որ պատերազմը վերսկսվի, որպեսզի իրենց զինամթերքը «լայն» սպառում ունենա։ Իսկ թե այս ամենի արդյունքում որքան մարդ կզոհվի, ու Ղարաբաղը որտեղ կլինի, նրանց համար կարևոր չէ։ Ուստի մեզ համար ճիշտ ճանապարհը Եվրասիական միությանը չանդամակցելն է, որովհետև դա ոչ մի երաշխիք չի տալիս Ղարաբաղի անվտանգության համար։ Եթե մենք մեզ համար գերակա ենք համարում աշխարհի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը, ՄՄ-ին անդամակցելն ուղղակի հակասում է մեր արտաքին քաղաքական ուղեգծին։ Մեր իշխանությունները պետք է վերջնագիր ներկայացնեն. եթե Ղարաբաղը՝ չէ, մենք էլ՝ չէ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30