Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ասածն էլ է խայծ ԲՀԿ-ի համար» (Տեսանյութ)

Հունիս 06,2014 16:14

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 5-ին և 6-ին անցկացվեցին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները` ՀՀ կուսակցությունների մասնակցությամբ:

Ամփոփելով քննարկումների արդյունքներն ու սպասելիքները` ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն ասաց. «Սպասելիքներն այլ էին, հարցադրումները պետք է լինեին հայեցակարգային և այդ շրջանակներում: Բայց սպասելի էր նաև, որ քաղաքական ուժերի հետ գործ ունենք, և քաղաքական էլեմենտը գերիշխում է իրավականին: Նաև իմ գայթակղությունն էր մեծ քաղաքական դեբատ սկսել ու այդ ամենին պատասխանել»:

Ըստ Հրայր Թովմասյանի` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պիտի իր առջև խնդիր դնի քաղաքական ուժերին հիմնավորելու, ոչ թե համոզելու սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և այն լուծումները, որ կան, և ցույց տա, որ այս խնդիրները կոչված են այս լուծումների համար»:
Պարոն Թովմասյանի համար ընդունելի չէ «քաղաքական բոյկոտը` որպես քաղաքական պայքարի ձև»,նա նկատի ունի նաև այն, որ քաղաքական ուժերից որոշները չեն ցանկանում մասնակցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական քննարկմանը:
Հրայր Թովմասյանը պատրաստ է նաև իր 90-ամյա պապիկին մեկ օր տրամադրել ու բացատրել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե քննարկումներն էլ ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, այդ դեպքում գուցե իրո՞ք չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, քանի որ հենց Հրայր Թովմասյանն էլ ասում է, որ Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է և այս հարցում էական դերակատարություն ունի նաև կուսակցությունների դիրքորոշումն ու ներգրավվածությունը: Այս առիթով պարոն Թովմասյանն արձագանքեց. «Եթե մեկին գումարում ես մեկ, գումարում մեկ, էլի մեկեր, միևնույն է՝ դա փոքր է լինելու 99-ից: Պիտի հասկանանք` մեծամասնությունը որն է: Այնպես չէ, որ այս պրոցեսը պարտադիր կարգով ավարտվելու է: Դրա սուբյեկտը ՀՀ նախագահն է, և այս ամբողջի արդյունքում ՀՀ նախագահն է որոշում կայացնելու` շարունակո՞ւմ է հաջորդ քայլը, թե` ոչ: Հանձնաժողովից դա մի պահանջեք: Հանձնաժողովը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա»:

Հրայր Թովմասյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումները խայծ են և հույս ունի, որ ԲՀԿ-ն կուլ չի տա այդ խայծը: Հրայր Թովմասյանն ասաց. «Իմ քաղաքական փորձառությունը շատ փոքր է գնահատական տալու քաղաքական նման փորձ ունեցող` երկրի առաջին նախագահին: Ինքը հաստատ ինձնից լավ գիտի, թե ինչ է անում, ինչ է մտածում, և ես այդ գնահատականները չեմ մեկնաբանի: Ինձ համար բոյկոտը քաղաքական պայքարում ընդունելի տարբերակ չէ: Չեմ ուզում մեկնաբանել, քանի որ կա նաև հակառակ մեկնաբանությունը. իր ասածն էլ է խայծ ԲՀԿ-ի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30