Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանը հարցնում է՝ «քննիչի հետ բնապահպանությունի՞ց եմ խոսել». (Տեսանյութ)

Հունիս 06,2014 17:49

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների հրապարակումը: Հրապարակվեց Վարդան Պետրոսյանի BMW ավտոմեքենայի փորձագետի եզրակացությունը (վարորդի գործողությունների տեխնիկական վերլուծությունը, քննիչի որոշումը տուժող Էմմա Հակոբյանի հագուստը առգրավելու մասին, տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա Հակոբյանների բուժհիմնարկից դուրսգրման մասին:

Բանավեճ ծավալվեց այն ժամանակ, երբ ներկայացվեց անցյալ տարվա նոյեմբերի 4 –ին Վարդան Պետրոսյանին ոստիկանության Նաիրիի քննչական բաժին ներկայանալու մասին ծանուցագիրը: Պետրոսյանը ստորագրել էր ծանուցագրի տակ, հայտնելով, որ առողջական վիճակի պատճառով չի կարողանա նոյեմբերի 7-ին ներկայանալ քննչական բաժին եւ կներկայացնի համապատասխան փաստաթղթեր: Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ կասկած ունի այս ծանուցագրի պատշաճության առումով:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Վարդան Պետրոսյանը նոյեմբերի 7-ին հրավիրվել է որպես վկա՝ քննիչ Հայկարամ Հակոբյանի մոտ, սակայն նոյեմբերի 5-ին նույն քննիչը որոշում էր կայացրել նրան ձերբակալելու մասին: Ըստ պաշտպանի՝ ձերբակալման հիմքում էլ դրվել էր այն, թե իբր բնակության տեղը հայտնի չէ:
Կոտայքի մարզի դատախազի տեղակալ, մեղադրանքը պաշտպանող Արթուր Սարգսյանը հաստատեց, որ նոյեմբերի 4-ին երկուշաբթի էր եւ իրենք տեղեկություններ են ստացել, որ նախորդ՝ կիրակի օրը Վ. Պետրոսյանը դուրս է գրվել եւ գնացել տուն: Իրենք փոխել են մարտավարությունը, քանի որ հազվադեպ է լինում, որ վերակենդանացման բաժնից, առանց ստացիոնար բուժման անցնելու, հիվանդը դուրս գրվեր եւ դա ըստ մեղադրողի՝ կասկած է առաջացրել, թե նա կարող էր խուսափել նախաքննությունից:
Հրապարակվեց նաեւ քննիչի արձանագրությունը, համաձայն որի՝ Վարդան Պետրոսյանի՝ հիվանդանոցից դուրսգրման կապակցությամբ զանգել է քրոջը՝ Աշխեն Պետրոսյանին՝ նպատակ ունենալով ճշտել նրա գտնվելու վայրը: Աշխեն Պետրոսյանը հայտնել է, թե եղբայրը գտնվում է Կասյան փողոցում գտնվող բնակարանում ու երբ, ըստ քննիչի, առաջարկել է եղբոր հետ գալ քննչական բաժին, Աշխեն Պետրոսյանն ասել է, թե թույլ չի տա մտնել իրենց բնակարան:

Վարդան Պետրոսյանը դատարանի ուշադրությունը գրավեց այն հանգամանքի վրա, որ քննիչը զանգել է Աշխենին ոչ նրա տնօրինած հեռախոսահամարով, այլ ուրիշ: Նա նաեւ ասաց, որ իրենց ընտանիքում «մշակութաբանական» թեմա չի կարող լինել «մենք տուն չենք թողնի» արտահայտությունը:

Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ քննիչի հետ պարբերաբար եղել է կապի մեջ այն պահից, երբ ստանձնել է Վարդան Պետրոսյանի պաշտպանությունը, քննիչը իմացել է, թե երբ է իր պաշտպանյալը դուրս գրվում հիվանդանոցից: Նա հարցրեց մեղադրողին՝ ես ու քննիչը խոսել ենք ինչի՞ց, բնապահպանությունի՞ց:

Ինչ վերաբերում է այսօր հրապարակված BMW ավտոմեքենայի վարորդի գործողություններին, փորձագետներն արձանագրել էին, որ պատահարի վայրը բնակավայրի սահմաններում է գտնվել, թույլատրելի արագությունը 60 կմ/ժամ է, օրը եղել է պարզ, առանց տեղումների, ասֆալտը՝ չոր եւ որ գիշերային ժամերին ճանապարհը չի լուսավորվել: Ըստ փորձագետների՝ դեպքի վայրում Վարդան Պետրոսյանն այնպիսի կառավարում է իրականացրել, որ վթարային իրավիճակ է ստեղծվել, թույլ է տրվել ՃԵԿ կանոնների խախտում եւ որ նա իրականացրել է ոչ թույլատրելի, երթեւեկության համար առավելագույն արագություն:

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ուշադրություն հրավիրեց դեպքի վայրում հայտնաբերված բեկորներին, հետքերին եւ ցույց տվեց լուսանկարներ, որոնք, ըստ իրեն՝ ցույց են տալիս դեպքի վայրում հայտնաբերված հետքերը: Նիկոլայ Բաղդասարյանը (տեսանյութում) կասկածի տակ առավ քննիչի կողմից արված դեպքի վայրի գծագիրն ու արձանագրությունը:

Նա ասաց, որ երկու պլաստմասսայի կտորների ընկած տեղը տեքստում չկա եւ որ երկու տարբեր տեղեր են նշվել, ընտրվել վթարի վայրերը՝ բախման տեղը այլ տեղ է գրված՝ «ոչ թափված հեղուկի վայրում»:

Ըստ մեղադրող Արթուր Սարգսյանի՝ Նիկոլայ Բաղդասարյանը տպավորություն է ստեղծում, թե ինչ-որ հետքեր են ջնջվել եւ այնպես է ներկայացնում, «ոնց որ հաստատված լինի»: Ռուբեն Բալոյանն էլ նկատեց, որ պաշտպանական կողմը մոլորության մեջ է գցում հանրությանը: Ըստ նրա՝ հեղուկը թափվում է այն ժամանակ, երբ մեքենաները գտնվում են հետվթարային վիճակում եւ հնարավոր չէ, որ մեքենաները բախվեն իրար ու զուգահեռ հետքեր լինեն:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30