Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը հասկացավ, որ գրքի համաշխարհային մայրաքաղաքում չի կարող «Մաշտոցի շաուրմա» լինել». Ռուբեն Փաշինյան

Հունիս 06,2014 20:02

Երևանի պետական կամերային թատրոնում այսօր բացվեց լուսանկարիչ, լրագրող Մարիաննա Մելիքսեթյանի և լրագրող, դրամատուրգ, դերասան Ռուբեն Փաշինյանի «Երևան. երեկ, այսօր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կտևի մոտ մեկ ամիս:

Ցուցահանդեսը, որում ցուցադրված են 120 լուսանկարներ, համեմատելով ներկայացնում է երեկվա Երևանն ու այսօրվանը:

«Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք: Բարիքը այս մեծ հավաքն է այն չարիքի շուրջ, որը կոչվում է ոչ խոհեմ մոտեցում մեր քաղաքին»,- Aravot.am-ի հետ զրույցում ցուցահանդեսին այսպիսի բնորոշում տվեց Ռ. Փաշինյանը:

«Երևան. երեկ, այսօր» խորագրով ցուցահանդեսը, ըստ էության, նախորդ տարվա «Երեք հայացք Երևանին» ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է և ցույց է տալիս նաև այն դրականը, որը նախորդ ցուցահանդեսին բացասական էր. «Մարդը հասկացավ, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանն իրավունք չունի իր կենտրոնում ունենալու «Մաշտոցի շաուրմա», և «Մաշտոցի» բառն անհետացավ: Իսկ Թումանյանի շաուրմայի տերը պիտի մտածի, չէ՞ որ հնարավոր է ավելի հետաքրքիր անվանում գտնել,- ասում է Ռ. Փաշինյանը:- Անճաշակություն է, մենք չպիտի թույլ տանք, որ այն տարածվի մեր քաղաքում, և ես հուսով եմ, որ այս ցուցահանդեսից մենք կհեռանանք մի մտքով, որն անընդհատ կբորբոքի մեր ուղեղը և ավելի դիպուկ ու զգոն հայացք կնետենք այն ամենին, ինչ կատարվում է մեր քաղաքում»:

mmm

Պարոն Փաշինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսով բոլորովին նպատակ չունի որևէ մեկին քննադատելու, պարզապես, ցանկանում է, որ մենք բոլորս ավելի ուշադիր լինենք մեր քաղաքի նկատմամբ. «Մենք պիտի հասկանանք, որ բոլորս մի ընտանիք ենք: Եվ երբ 12 տարեկան երեխան ծխելով քայլում է ու հետո գլանակը գցում գետնին, նրան պետք է ոչ թե մեկ, այլ երկու անգամ ապտակել. առաջինը՝ որ ծխում է այդ տարիքում, իսկ երկրորդը՝ որ գցում է գետնին: Մեր պապերն այդպես էին անում, իսկ երբ մենք սկսեցինք վախենալ դիտողություն անելուց ու չարեցինք, հենց այդ օրվանից մեր քաղաքը քանդվեց»,- համոզված է Ռ. Փաշինյանը:

Մարիաննա Մելիքսեթյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում մեծ ուրախությամբ նշեց, որ մեզանում գնալով պակասում է անտարբերությունը, և դա երևում է այցելուների բազմությունից ու նրանց ոչ անտարբեր աչքերից. «Լավ է, երբ մարդը կարողանում է արտահայտել իրեն հուզող մտքերը: Այս ցուցահանդեսն իմ մտահոգությունների արտահայտությունն է, և ես ուրախ եմ, որ այստեղ անտարբեր դեմքեր չեմ տեսնում, նշանակում է՝ դա միայն ինձ չէ, որ անհանգստացնում է, այլ շատ-շատերին»,- ասում է լուսանկարչուհին:

Մեր հարցին, թե ցուցահանդեսի ասելիքն առավելապես ում է ուղղված, Մ. Մելիքսեթյանը հստակ պատասխանեց՝ հասարակությանը, և հիմնավորեց. «Եթե մենք փորձենք կազմակերպել և բարձրաձայնել մեզ հուզող, մտահոգող հարցերը, ես համոզված եմ, որ դրանք պատասխան կստանան: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է հենց հասարակությանը ներգրավել այս հարցերում: Ես կարող եմ նամակ գրել և ուղարկել որոշակի կառույցների, բայց ես վստահ չեմ, որ այնտեղ այն կկարդացվի կամ ինչ-որ ընթացք կստանա, իսկ այստեղ եկող մարդիկ «լիցքավորվում  են», ես կարողանում եմ իմ լուսանկարների միջոցով նրանց հաղորդել իմ մտքերը, որոնք, հուսով եմ, իրենք իրենց հետ կտանեն, կվարակվեն դրանցով, և ամեն ինչ լավ կլինի»:

Նշենք, որ այցելուները հնարավորություն ունեին ցուցահանդեսի մասին իրենց մտքերն ու կարծիքները գրավոր արտահայտելու:

Երաժիշտ Շողիկ Աթանեսյանը, օրինակ, այսպիսի կարճ գրառում էր թողել տետրում. «Շնորհակալություն իրականությունն այդպես վառ տեսնելու համար»: Մեզ հետ զրույցում Շ. Աթանեսյանը, կարևորելով և բարձր գնահատելով այսպիսի ցուցահանդեսները, նշեց նաև, որ իրականությունը տեսնելը, զգալն ու գիտակցելը մեծ արվեստ է, և բոլորը չէ, որ հասնում են դրան»:

Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որը նույնպես ներկա էր ցուցահանդեսի բացմանը, նկատեց, որ մենք հաճախ չենք տեսնում՝ ինչ է կատարվում հենց մեր աչքի առաջ, և այս տեսակետից շատ կարևոր են բոլոր այն ցուցահանդեսները, որոնք ստիպում, պարտադրում են մեզ վերհիշել, թե որտեղ ենք մենք ապրում, ինչ մթնոլորտում, ինչ է մեզ շրջապատում և այլն. «Քաղաքը մի օրում չի ստեղծվել, քաղաքը սերունդների պատմություն ունի, և, կարծում եմ, շատ կարևոր է, թե ինչ վերաբերմունք ունի ամեն մի սերունդ իր նախորդի ստեղծածի հանդեպ, որովհետև միայն աղյուսը աղյուսի վրա դնելով է շենքը կառուցվում, և ամեն անգամ քանդելով, նոր շենք կառուցելով մենք քաղաք չենք ստեղծի: Այս ցուցահանդեսի հիմնական ուղղվածությունը, կարծում եմ, դա է»,- ասաց Ռ. Բաբայանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ցուցահանդեսը կմղի դրական փոփոխությունների, պարոն Բաբայանը նկատեց, որ պետք չէ որևէ փոփոխություն սպասել պաշտոնյաներից: «Փոփոխությունը պիտի մեր մեջ կատարվի, մենք ինքներս պիտի պահանջատեր լինենք, պիտի մենք պահանջենք, որ այս կամ այն շենքին, այգուն, արձանին ձեռք չտան,- համոզված է Ռ. Բաբայանը,- ի վերջո, իշխանավորները պարտավոր են կատարել այն առաջադրանքները, որոնք մենք կդնենք նրանց առջև: Սա է ազատ քաղաքացու, երկրի, քաղաքի տիրոջ մոտեցումը: Չի կարելի ձեռքերը ծալած նստել-սպասել, որ քեզ համար հարմարավետություն ու գեղեցկություն ստեղծեն: Չեն ստեղծի, որովհետև պատվիրատուները, այն մարդիկ, որոնք փող ունեն և կարող են ստեղծել, ցավոք, բարձր ճաշակով չեն առանձնանում հասարակության մեջ»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30