Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի` ստվերը կրճատելու հայտարարությունից հետո, պետք է ունենանք հնգապատիկ ավելի բյուջե. «աչքս տեսնի, ձեռքս շոշափի»

Հունիս 09,2014 17:35

Չնայած նրան, որ տարեսկզբին ՀՀ նախագահն ու կառավարությունը «Գազպրոմի» հետ կնքած գազային համաձայնագրերի հիման վրա վստահեցնում էին թե գազի սակագինը Հայաստանում 5 տարի մնալու կայուն , այնուամենայնիվ, արդեն կանխատեսումներ կան, որ եկող տարի մեր երկրում գազի գինը կբարձրանա:

Այս եւ այլ հարցրերի շուրջ Aravot.am-ը զրուցեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

-Ի՞նչ կարծիք ունեք եկող տարի գազի սակագնի բարձրացման մասին, եկող տարի Ռուսաստանում գազի 4.2% թանկացում է սպասվում:

-Ուրեմն գազի սպառման գինը` վերջնակետում եւ սահմանին, այդ 2 գների տարբերություններն ուղղակի խայտառակություն են, կարելի է ասել` գինը գրեթե 2 անգամ տարբերություն է տալիս, 2 անգամ, բա դա նորմա՞լ վերաբերմունք է երկրի զարգացման նկատմամբ:

-«Գազպրոմ Արմենիան» բացատրում է, որ գազը սահմանից վերջնական սպառողին մատակարարելու ծախսերն են դրանք:

-Ինձ չի հետաքրքրում «Գազպրոմ Արմենիան» ինչ է պատճառաբանում, գների միջեւ 1-ին` 2 տարբերությանը պատճառաբանություն չկա, չե՞ն կարողանում աշխատել` թող մի կողմ քաշվեն. 1-ը` 2-ի վրա ի՞նչ պատճառաբանություն: Գազը «Գազպրոմ Արմենիայի» օղակով անցնելով կրկնապատկում է իր գինը, էլ ի՞նչ բացատրել, դրանից հետո չեն բացատրում, դրանից հետո պատասխան են տալիս:

-Առաջիկայում սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում, էներգակիր ընկերությունները թանկացման հայտով դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. խոսք կա, որ էներգակիր կառույցների մաշվածությունը շատ է եւ մեծ ներդրումների կարիք կա: Հիմնավո՞ր համարում եք թանկացման հայտը:

-Այս պահի դրությամբ Հայաստանում էներգակիրների գները կարելի է առնվազն 10%-ով իջեցնել, ոչ թե 10% բարձրացնել: 2-րդը` մեր գնագոյացման մեխանիզմները ոչ միայն թափանցիկ չեն, այլ` միտված են միայն գերշահույթ եւ գերածախս ապահովելու համար, ռազմավարական իմաստով` ոչ մի տրամաբանություն գոյություն չունի: Սա եղել է եւ կլինի բոլոր ասպարեզներում` երթուղային տաքսիների, տոմսերի գները, կուտակային կենսաթոշակայինի մասով, էներգակիրների: Միայն գազի օրինակը`սահմանի վրա որքան ժամանակ Հայաստանը ստանում էր 180 դոլարով, վաճառվում էր` 360 դոլարով: Եթե իրենք վկայակոչում էին մաշվածությունը, այն ժամանակ այդ էներգակիր կառույցները ունեին շահույթ, խոշոր կազմակերպության էությունն էլ հենց այն է, որ ռազմավարական ներդրումներ պետք է անեն: Թե չէ ստացվում է` հենց իրենք հաշվապահական շահույթ են ունենում, բոլորը գոհ եւ ուրախ են, ոչ մի լուրջ ներդրում չեն անում, դրա համար էլ հետո առաջանում է մաշվածություն: Կարճ ասած`տնտեսագիտական իմաստով անլուրջ հիմնավորում է:

-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր ստվերից դուրս գալ եւ հավասար մրցակցային պայմաններում աշխատել: Այդ հանդիպումից հետո առաջին սպառման որոշ ապրանքներ թանկացել են: Սա ի՞նչի մասին է խոսում, արդյոք սպառողների հաշվին չեն փորձում ստվերից դուրս գալ, այսինքն` ստվերից հանում են փողերը ու մուծում բյուջե, սակայն որպեսզի իրենց գրպանից չպակասի, ապրանքներն են թանկացնում:

-Մարդկային ագահությունը միշտ գտնում է հիմնավորում` շահույթ եւ գերշահույթ ստանալու: Մինչ օրս 40-80% ստվեր էր, եւ գները շարունակում էին բարձրանալ, հայտարարություն արվեց, գները սկսեցին բարձրանալ հայտարարության հիման վրա: Հարց է ծագում` այս թանկացումները համարժե՞ք են լինելու բյուջեի ավելացմանը: Չէ՞ որ տարբեր գնահատականներով մեր ստվերայնությունը 40-80% է, սա նշանակում է նման հայտարարություններից հետո, 1-2 տարուց, մենք պետք է ունենանք կամ կրկնապատիկ, կամ հնգապատիկ ավելի բյուջե. «աչքս տեսնի, ձեռքս շոշափի», բնական է՝ չի լինի: Հետո կսկսեն բացատրել` ինչո՞ւ չկա ավելի բյուջե, բացատրելը` մի կողմ, իրական ֆինանսական հոսքը` մյուս կողմ. ամեն մի հայտարարություն, իրավիճակ օգտագործվում է գերշահույթ ստանալու համար, ագահությունը դեռ ոչ ոք չի վերացրել:

Օլիգարխիկ տնտեսության պայմաններում մի սպասեք երկրի բարելավման ու բնակչության սոցիալական վիճակի լավացմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30