Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցների անվանումը քաղաքապետարանն է փոխել, 33 հազար դրամը քաղաքացուց են գանձել

Հունիս 19,2014 14:33

Վերջերս «Առավոտ» թերթից տեղեկացա, որ Երեւանի քաղաքապետարանը փոխել է մի քանի փողոցների անվանումներ։ Իրենց գործն է, իրենք գիտեն՝ փոխեն, թե չփոխեն, ես առարկություն չունեմ։ Առարկություն չունեմ, սակայն հիշեցի մի քանի տարի առաջ ինձ հետ պատահած, կարգին երկրների համար՝ անհավանական, Հայաստանում՝ փաստացի մի դեպքի մասին։

Ամերիկայում գտնվող քույրս իմ անունով երաշխավորագիր էր ուղարկել եւ խնդրել էր իր տան սեփականությունը հաստատող վկայականը փոխել, որովհետեւ հին վկայականը տրված էր, երբ փողոցը, որտեղ իր տունն է, այն ժամանակ կոչվել էր Մոսկովյան, հետո փողոցի այդ մասը վերանվանվել էր Խանջյան։ Մտածեցի, իհարկե՝ միամտաբար, որ որեւէ դժվարություն չպետք է լինի՝ փողոցի անունը հո ե՞ս չէ, որ փոխել եմ, հետեւաբար բավական է դիմեմ կադաստրի պետական կոմիտե, իսկույն կբավարարեն խնդրանքս, նույնիսկ շնորհակալությամբ՝ իրենք չեն բերել, ես եմ գնացել ստանալու փոխված վկայականը։

g_image

Այդպես միամտաբար էլ դիմեցի կենտրոնի կադաստր։

«Պետք է դիմում գրեք ընդունված ձեւով եւ վճարեք 15.000 դրամ»,- ինձ հայտնեցին կադաստրից։ Դիմում, իհարկե, պետք է գրեի, սակայն ինչի համար պետք է վճարեի 15.000 դրամը, անկեղծ ասած՝ անհասկանալի էր՝ եթե հիշում եք, փողոցի անունը ես չէի փոխել։ Ինչ որ է, քրոջս խաթեր վճարեցի, եւ ինչպես ասել էին՝ երեք օր հետո նորից գնացի կադաստր՝ փոխված վկայականը ստանալու։

Վկայականի փոխարեն ինձ տվեցին մի երկտող, որտեղ գրված էր, որ պետք է քաղաքապետարանից տեղեկանք բերեմ առ այն, որ Մոսկովյան փողոցի այդ հատվածը վերանվանվել է Խանջյան անունով։

Ինչպես հիշում եք… չեմ շարունակում, քրոջս խաթեր գնացի քաղաքապետարան, մեկ պատուհաս, ներող եղեք, մեկ պատուհան կոչված տեղում գրեցի պահանջված դիմումը, բայց այնտեղ էլ ինձնից պահանջեցին 15.000 դրամ։ Եթե հիշում եք… քրոջս խաթեր… չեմ շարունակում, եւ երեք օր հետո վերցրեցի 15.000 դրամ արժեցող տեղեկանքը եւ գնացի կադաստր՝ մտածելով, որ արդեն ոչինչ չի կարող խանգարել ստանալու փոխված վկայականը։

«Մուծեք 3.000 դրամ եւ եկեք երեք օրից»,- զգուշացրին կադաստրից։ Ինչ արած՝ քրոջս խաթեր…

Երեք օր հետո վկայականի տեղը ինձ նորից մի երկտող են տալիս, որտեղ գրված է, որ նորից պետք է գնամ քաղաքապետարան՝ տեղեկանք բերելու, քանի որ իմ բերած տեղեկանքի մեջ նշված է ոչ թե Խանջյան, այլ Գրիգոր Խանջյան փողոց, եւ միայն ես եմ մեղավոր, որ ուրախությունից չեմ նայել, թե ինչ է գրված տեղեկանքում։ Լավ, ես չեմ նայել, բա ինչի՞ համար են ինձնից վերցրել 15.000 դրամը։

Ինչ որ է՝ քրոջս խաթեր… չշարունակեմ, չհաշվեմ քաշքշուկի օրերը, վճարված փողերի գումարը, չհիշեմ նյարդային վիճակները։

Հիմա մտածում եմ՝ բյուջեն լցնելու ինչ հիանալի հնարավորություն կա (եթե այդ ձեւով շորթած գումարները իսկապես գնում են պետբյուջե)՝ ամիսը մեկ թող փոխեն փողոցների անվանումները։

Գրեցի ու փոշմանեցի՝ բա որ իսկապես սկսեն փոխել:

ՌՈԲԵՐՏ ՄԻՐԶՈՅԱՆ
Տեխնիկայի գծով Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30