Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ կատարվել է հայերի հետ, որեւէ իսրայելցի հակառակը չի ասի»

Հունիս 23,2014 14:50

Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Աննա Ազարին՝ Հայոց ցեղասպանության, ուկրաինական դեպքերի եւ իր կարիերայի մասին:

Իսրայելի անկախության 66-րդ տարեդարձի կապակցությամբ օրերս Հայաստան էր այցելել Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի վարչության պետ Աննա Ազարին: Նա հարուստ դիվանագիտական կենսագրություն ունի, տարբեր տարիների դիվանագիտական առաքելությամբ հանդես է եկել ինչպես նախկին խորհրդային տարածքի երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, Լեհաստանում…

«Առավոտի» հետ զրույցում տիկին Ազարին, խոսելով Իսրայելի արտաքին քաղաքականության ներկա շեշտադրումների եւ այդ համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների մասին, ասաց, որ 66 տարվա ընթացքում Իսրայելը, չնայած գտնվելով ո՛չ խաղաղ տարածաշրջանում, հասցրել է բավականին շատ բան ստեղծել, մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հասնել եվրոպական երկրներին, զարկ տալ բարձր տեխնոլոգիաներին: «Մեր երկրի արտաքին քաղաքականության հարցերը կապված են Մերձավոր Արեւելքի կոնֆլիկտի եւ տարածաշրջանի հետ ընդհանրապես: Մեր գերխնդիրը մնում է միջուկային զենքը՝ Իրանի ձեռքին: Բնականաբար, կարեւորը խաղաղությունն է եւ պետականաշինությունը: Մեր հարեւաններն են Եգիպտոսը, Հորդանանը, ցանկություն ունենք խաղաղ գոյակցել Պաղեստինի հետ: Մի խոսքով՝ նորմալ պետություն ենք, որն ուզում է տարբեր ոլորտներում առավելագույն թվով համագործակցության համաձայնագրեր ստորագրել հնարավորինս շատ երկրների հետ, զբոսաշրջիկներ ներգրավել մեր երկիր եւ այլն: Առաջընթացներ ունենք, եւ սա այն դեպքում, երբ պետությունը փաստացի ստեղծվել է մի վայրում, ուր ոչինչ չկար, անապատ էր… Ինչ վերաբերում է Հայաստանին, ճակատագրի ու պատմության առումով ընդհանրություններ ունենք, այդ հողի վրա էլ՝ փոխադարձ համակրանք: Չեմ կարող ասել, թե Հայաստանն ու Իսրայելը շատ սերտ են համագործակցում: Հույս ունեմ, որ, օրինակ, առեւտրի ծավալը Մաքսային միության երկրների հետ կաճի, երբ համապատասխան համաձայնագիր ստորագրենք՝ ազատ առեւտրի գոտու հետ կապված»:

Մեր զրուցակցից հարցրինք՝ հե՞շտ է լինել կին եւ դիվանագետ: Նա դիվանագիտությունը բնորոշեց որպես «գնչուական» մասնագիտություն, ապա հավելեց, որ այն հեշտ չէ ոչ կնոջ, ոչ էլ տղամարդու համար, որովհետեւ տարիներով «դրսում» ես ապրում, անընդհատ գործուղումների մեկնում: «Մի տարի եղավ, որ Մոսկվայում դիվանագիտական առաքելություն իրականացնելիս լրիվ մեն-մենակ էի, առանց ամուսնուս, անգամ շուն չկար ինձ հետ… Մյուս կողմից էլ՝ մի բան ասեմ Ձեզ. նման դեպքերում հեշտ ու դժվար չկա, կարեւորը հաջող ամուսին ընտրելն է (ծիծաղում է-Գ. Հ.)… Բարեբախտաբար, ամուսինս միշտ աջակցում է ինձ, համաձայնում իմ բոլոր էքսպերիմենտներին: Իմիջիայլոց, հենց նա է առաջարկել, որ դիվանագետ դառնամ: Ամեն ինչ շատ պատահական է ստացվել, ախր ամուսինս ինքը կարող էր դիվանագետ լինել, ոչ թե ես, որովհետեւ մասնագիտությամբ քաղաքագետ է, իսկ ես ավարտել եմ անգլերեն գրականության ու պատմության բաժինը: Մեր կրթական համակարգում այսպես է. ապագա դիվանագետներ ընտրելու համար համալսարաններում հայտարարություն է տարածվում, որ պետք է համապատասխան քննություններ հանձնել: Մի օր ամուսինս եկավ ու ասաց՝ քո անգլերենը շատ լավ է, գնա դիմիր: Դիմեցի եւ ընդունվեցի: Մի խոսքով՝ այն մարդկանցից չեմ, որ տարիներով երազել է դիվանագետ դառնալու մասին: Նշեմ, որ ապագա դիվանագետներին հեշտ չեն ընտրում, օրինակ՝ անցյալ տարի, երբ ես եւս մասնակցում էի ընտրությանը, մի լավ տանջեցինք դիմորդներին… Այս տարի իմ կուրսում 20-ից հինգը աղջիկներ էին, հինգն էլ հաղթահարեցին քննությունները, նրանցից մեկը Ճապոնիայում դեսպան գնաց»,- ասաց Աննա Ազարին:

Քանի որ Աննա Ազարին 1999-2003թթ. եղել է Իսրայելի դեսպանը Ուկրաինայում եւ Մոլդովայում, հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում ուկրաինական հայտնի իրադարձությունների մասին:

«Շատ ցավալի է, չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող էին նման դեպքեր տեղի ունենալ Ուկրաինայում, իրադրությունն իսկապես բարդ է: Ուկրաինացիների համար հեշտ չի լինի այդ պատմությունից հեշտությամբ «դուրս պրծնել»: Իսրայելը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Ռուսաստանի հետ, հետեւաբար չէինք ցանկանա երկու բարեկամ երկրների հետ ինչ-որ բան պատահեր»,- ասաց դիվանագետը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Իսրայելում հայկական ներկայությանը եւ մեր համայնքին, մանավանդ հայոց ներկայությունը Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգեւոր կայուն միավոր՝ 154 թվականից է թվագրվում։
«Իսրայելի հայկական համայնքը հին է ու շատ նրբանկատ: Հենց խոսք է գնում հայերի մասին, յուրաքանչյուր իսրայելցի անմիջապես Երուսաղեմում հայտնի հայկական կերամիկան է պատկերացնում: Իսրայելում բոլորը համակրանք ունեն հայկական համայնքի հանդեպ… Դրական, լավ համայնք է, երբեմն մտածում եմ՝ ցածր է ձայնը, համեստ է, մինչդեռ Մերձավոր Արեւելքում իրավիճակն այնպիսին է, որ ով բարձր է գոռում, նա՛ է լսելի»:

Դիվանագետի հետ զրույցում անդրադարձ եղավ այն փաստին, որ Իսրայելը դեռեւս ձեռնպահ է մնում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Դա ամենահեշտ հարցը չէ, յուրաքանչյուր իսրայելցի մտածում է այդ մասին ու անձնապես հասկանում, բայց բարձր քաղաքականությունը երբեմն ավելի բարդ է, նման հարցերը շաղկապված են բազմազան այլ հարցերի հետ: Ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվել է հայերի հետ, որեւէ իսրայելցի հակառակը չի ասի»,- հայտնեց տիկին Ազարին:

Հայ-թուրքական հարաբերությունների թեման էլ շոշափվեց: Նրա ձեւակերպմամբ՝ կոնֆլիկտների լուծման հաջողությունը առաջին հերթին պայմանավորված է անհատականություններով. «Պետք է լինեն լիդերներ, որ հասկանան ծառացած կոնֆլիկտը եւ ի զորու լինեն այն լուծել: Վստահ չեմ, թե Հայաստանի եւ Թուրքիայի պարագայում դա հենց վաղը կպատահի: Չնայած ո՞վ գիտի, գուցե նոր մարդիկ գան ու ամեն ինչ այլ ընթացք ստանա: Ամեն դեպքում, այնպես չէ, որ Թուրքիայում դա չեն ցանկանում…»:

Աննա Ազարին նշեց, որ այս օրերին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, զմայլվել Սեւանով, անչափ տպավորվել Գաֆեսճեան թանգարանով: Ափսոսաց, որ այցը կարճատեւ էր եւ չի հասցրել լինել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում. «Երեւի այդ նպատակով մեկ անգամ էլ գամ: Ախր Փարաջանովը Կիեւում լեգենդար անձնավորություն էր»:

«Առավոտի» հետ զրույցի ավարտին դիվանագետը հայտնեց, որ հայ ժողովրդին մաղթում է նույնը, ինչ իր ժողովրդին, այսինքն՝ խաղաղություն եւ ժամանակի ընթացքում բոլոր կոնֆլիկտները լուծելու ուղիներ. «Երբ քաղաքական կոնֆլիկտները լուծվում են, տնտեսական եւ մյուս խնդիրները հաղթահարելի են: Մանավանդ ձեր երկրի ու ժողովրդի պարագայում, որ ամեն ինչի ունակ եք՝ նկարելու, կառուցելու, ստեղծելու»: Իսկ թե ո՞րն է անկախությունը պահպանելու լավագույն բանաձեւը՝ դիվանագետը չգիտի, ասում է՝ աշխարհը գնալով ավելի կախյալ է դառնում՝ շատ հանգամանքներով պայմանավորված, չնայած բոլոր մարդիկ նույնն են՝ Թել Ավիվում, Նյու Յորքում, Երեւանում… Նույն կերպ են հագնվում, նույնպիսի երազանքներ ունեն: «Ուղղակի ձեզ եւ մեզ բարդ ժամանակներ են «բաժին ընկել», ցավոք, աշխարհն այսօր «վառվում» է՝ Սիրիան, Իրաքը… Ժամանակի ընթացքում կկարգավորվի: Ու ինչքան շուտ, այնքան լավ»,- կարծում է դիվանագետը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ասելով է՞:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30