Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային հրավառությունը՝ նորատիպ գրքերով

Հուլիս 03,2014 14:05

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը թեեւ չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, մենք էլ՝ ֆուտբոլասերներս, սահմանափակվում ենք երկրպագելով այս կամ այն թիմին, այդուհանդերձ, պարզվում է, անմասն էլ չենք մնացել ֆուտբոլային համաշխարհային հրավառությունից։ Վերջերս գրախանութներում հանդիպեցինք երկու գրքի: Առաջինը անգլերենից հայերեն Աստղիկ Աթաբեկյանի թարգմանությամբ «Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրականն» է, որը պատմում է «Մանչեսթեր Յունայթեդի» 27 տարվա հաղթարշավի «մեղավոր» Ալեքս Ֆերգյուսոնի մասին: Երկրորդ գիրքը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների տեղեկագիրն է։

football

Առայժմ Հայաստանում գրքերով են «մխիթարվում»:

Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ կենսագրականը» գիրքը նախագծի հեղինակն ու հրատարակիչը «Երեւան փրոդաքշըն»-ն է, իսկ «Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների տեղեկագիրը» գրքի հեղինակն է Աշոտ Գոմցյանը։ Հիշյալ երկու գործերն էլ տպագրել է «Անտարես մեդիա հոլդինգը»։

«Առավոտը» այս գրքերի իրականացնողներից հետաքրքրվեց՝ Հայաստանն իր ֆուտբոլային պատմության ընթացքում ունեցել է հիանալի մարզիչներ, ֆուտբոլիստներ, ի վերջո՝ «Արարատ-73»-ի պես լեգենդար թիմ, այսօր էլ ունենք արտերկրում խաղացող բարձրակարգ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, ինչո՞ւ մինչ օրս նրանց մասին բրոշյուրներից ու օրացույցներից բացի ոչինչ չի տպագրվել։

«Երեւան փրոդաքշըն»-ի տնօրեն Էդուարդ Այանյանը նշեց, որ վերջին շրջանում աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացրել Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրականը, հետո էլ մանրամասնեց. «Այս ինքնակենսագրականը ոգեշնչող պատմությունն է մի մարդու, ում շատերը իրավամբ համարում են բրիտանական ֆուտբոլի մեծագույն մարզիչը։ Գրքում նա ներկայացնում է իր անցած առասպելական ճանապարհը եւ մարզչական կարիերան, որը սկսվեց «Աբերդինի» անսպասելի եվրոպական հաղթանակով, ապա շարունակվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ավելի քան երկու տասնամյակ տեւած հաղթարշավով։ Վերջին քառորդ դարի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» զանազան փոփոխություններ են եղել։ Միակ անփոփոխ մեծությունը մարզչի գերպրոֆեսիոնալիզմն էր եւ «Յունայթեդի» անդադար ձգտումը դեպի հաղթանակներ»։ Պարոն Այանյանը հավելեց, որ մինչ օրս հայկական «ֆուտբոլային գրքի» ստեղծման ոչ մի առաջարկ չի եղել: Հետո էլ կարծես իբրեւ արդարացում փաստեց, որ ամսագրերում շատ-շատ են անդրադարձները հայկական ֆուտբոլի իրական աստղերին՝ Զանազանյանին, Հովիվյանին, Մարկարովին… Նշեց, որ ժամանակին ռուսերեն հրատարակվել է Ալեքսանդր Գրիգորյանի «Հայկական ֆուտբոլի բրազիլացիները» գիրքը… «Ինչ վերաբերում է, ասենք՝ Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող գրքին, կարծում եմ՝ դեռ շատ շուտ է նման գիրք հրատարակելը… Գիրքը գրվում է լեգենդար ֆուտբոլիստների մասին, իսկ այդպիսին մարզիկները դառնում են իրենց ողջ կարիերայի ընթացքում։ Իհարկե, ոչինչ չունեմ բարձրակարգ մարզիկ Հենրիխ Մխիթարյանի դեմ, բայց նա դեռ երկա՜ր ուղի ունի անցնելու…»,- հայտնեց Այանյանը։

«Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հավաստիացրեց, որ ժամանակին դիմել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, որ Հայաստանի ֆուտբոլի պատմությանը վերաբերող այն բազմաթիվ լուսանկարներն ու պաստառները, որոնք այսպես թե այնպես հայտնվել են վաճառքում, օրինականացվի ու շահույթի մի մասն էլ տրվի մեր հավաքականին։ Այդպիսով ստվերը օրինական դաշտ կբերվի։ Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այդ առաջարկը հավանության է արժանացել։ Կոնկրետ «Անտարեսը» դեռեւս անցյալ տարի ֆուտբոլասերների շրջանում մրցույթ է անցկացրել, թե աշխարհի 2014 թ. գավաթի առաջնությունում ո՞ր թիմերն են դուրս գալու եզրափակիչ, կամ ո՞վ է խփելու առաջին գոլը, ո՞ր րոպեին… Գուշակողը օրերս արժանացավ գլխավոր մրցանակին՝ «Սամսունգ» հեռուստացույցի։ Եղան նաեւ խրախուսական մրցանակներ…

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների տեղեկատու գրքի հեղինակ-կազմող Աշոտ Գոմցյանը, որը մարզական լրագրող է, 1995 թ. Մոսկվայում հաղթող ճանաչված «Բրեյն-ռինգի» հայկական թիմի ավագը, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի գլխավոր խմբագիրը, շեշտեց, որ ժամանակին ինքը եղել է ֆուտբոլային մրցավար, հետո էլ ասաց, թե իր հեղինակած գիրքը ռուսերեն է ընդամենը մեկ պատճառով. «Հայերեն ծավալը սովորաբար մեծ է լինում, ինչն էլ պահանջում է մեծ ֆինանսական միջոցներ…»։
«Առավոտի» երեք զրուցակիցներն էլ հույս ունեն, թե մի օր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կհայտնվի աշխարհի ֆուտբոլային համայնապատկերում։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031