Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կատարած վճարները կվերադարձնեն 2015-ից

Հուլիս 09,2014 14:40

Այս տարվա մարտի 28-ին Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչեց հակասահմանադրական՝ կասեցնելով օրենքի 76 եւ 86-րդ հոդվածների գործողությունը: Դրույթները համապատասխանաբար վերաբերում էին պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում պատասխանատվությանը եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրության վերջնաժամկետին:

Հուլիսի 5-ից 6-ը Ծաղկաձորում մեկնարկած սեմինարին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի պատասխանատուները ներկայացրին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ՝ կուտակային բաղադրիչի մասնակիցներ են 1974 թ.-ի հունվարի 1-ին ու դրանից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերն ու նոտարները: Մասնավոր կառույցներում աշխատողների համար այն մասնակիորեն հետաձգվել է՝ մինչեւ 2017 թ.-ի հուլիսի 1-ը:

Եթե նախորդ օրենքով հարկման բազայի սահմանաչափ չկար, ապա նոր օրենքով դրվել է սոցիալական վճարի հարկման առավելագույն շեմ՝ 500.000 դրամը, ավելի բարձր աշխատավարձի դեպքում վճարվում է միայն առավելագույն շեմի 5 տոկոսը, այսինքն՝ 25.000 դրամ: Այս դրույթը կգործի մինչեւ 2020 թվականը: Հիշեցնենք, որ նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է աշխատավարձի 10 տոկոսը, որից 5-ը վճարում է մասնակիցն իր աշխատավարձից, մնացածը՝ պետությունը: Նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն:

Լրամշակված օրենքով, ինչպես տեղեկացրեց պարոն Սաիյանը, եթե 1964-ից 1974թթ. ծնվածները կամավորության սկզբունքով միանան, ապա պետությունը 5 տոկոս կհամաֆինանսավորի:

Նոր օրենքը բարենպաստ է նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի համար, որոնք առաջին 2 տարիների ընթացքում 18.000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ՝ անձի համար կկատարվի նպատակային սոցիալական վճար 8000 դրամ, որից 5000-ը՝ պետբյուջեից, իսկ 3000 դրամը պետք է մուծի գործատուն: Իսկ եթե գործատուն չցանկանա բարի կամք դրսեւորել, ապա օգնության կհասնի աշխատանքային օրենսգիրքը:

Ծառայության աշխատակցի պարզաբանմամբ՝ եթե հին օրենքով միայն 63 տարեկանից հետո կարող էիր ստանալ կենսաթոշակ, ապա նոր օրենքով 55 տարեկանից հետո, եթե ունես առողջապահության նախարարության կողմից հաստատված հիվանդությունների ցանկից որեւէ հիվանդություն կամ կուտակել ես բավարար միջոցներ՝ հիմնական կենսաթոշակի 5-ապատիկից ոչ պակաս չափով՝ ցմահ անուիտետ գնելու համար:
Եթե նախորդ օրենքում մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային միջոցները փոխանցվում էին ժառանգի կենսաթոշակային հաշվին, ապա նոր օրենքով վերջինս կարող է ցանկության դեպքում դիմումի համաձայն միանվագ ստանալ գումարը:

Ինչ վերաբերում է 2014թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարներին, ապա պետի տեղակալը հավաստիացնում է, որ այն անպայման կվերադարձվեն 2015 թ.-ի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա 2014թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսած:

Հաշվի առնելով հանրապետությունում օր օրի ավելացող արտագաղթը՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ են լինելու այն գումարները, որոնց տերը որոշ ժամանակ մուծելուց հետո որոշի մեկնել արտերկիր: Ի պատասխան՝ պարոն Սաիյանն ասաց, որ տվյալ անձը օտար երկրի քաղաքացի դառնալուց հետո էլ կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո կարող է տնօրինել գումարները իր հայեցողությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031