Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի տոլմայի փառատոնին կրկին կպատրաստվի ամենաերկար տոլման

Հուլիս 15,2014 15:36

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ներկայացնելով «Ուդուլի» տոլմայի փառատոնը, ասաց, որ փառատոնի հիմնական նպատակը ազգային խոհանոցի ամենակարեւոր մաս հանդիսացող տոլմայի լավ լուսաբանմանը, նոր տարատեսակների ի հայտ գալուն եւ տարածմանը նպաստելն է:

Պրն Մամուլյանը տեղեկացրեց, որ տոլմայի փառատոնը իրականացվում է 2011 թվականից. «Տարեցտարի այն մեծ թափ է հավաքում, ինչպես նաեւ մասնակիցներն են շատանում»:

Պրն Մամուլյանը հայտնեց, որ փառատոնի ընթացքում հաղթողները մրցանակներ են ստանալու. «Լինելու է գլխավոր մրցանակ եւ երեք անվանակարգ՝ լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահղացում: Լինելու են նաեւ հանդիսատեսի համակրանք, լավագույն տաղավար, կոկիկ տաղավար, լավ սպասարկում եւ այլ անվանակարգերում մրցանակներ»: Փառատոնի ընթացքում լինելու են 30 տաղավարներ. դրանցից 26-ում մասնակցելու են բուն տոլմայի փառատոնին հայտ ներկայացրածները, իսկ մնացածը նաեւ այլ ուտեստներ եւ արհեստներ են ցույց տալու:

Խոհարարը հայտնեց, որ ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի փառատոնի ընթացքում լինելու է ամենաերկար տոլմայի մրցանակաբաշխությունը:Անցյալ տարի ամենաերկար տոլման ուներ 7 մետր 4 սմ երկարություն:

Անդրադառնալով փառատոնի խորագրին՝ «Ուդուլի», պրն Մամուլյանը ասաց, որ այն նշանակում է խաղողի վազ:

Ասուլիսին ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ նմանատիպ փառատոները բխում են պետական քաղաքականության շահերից եւ նպաստում են երկրում զբոսաշրջության զարգացմանը. «Նման փառատոները նպաստում են զբոսաշրջության կենտրոնացմանը դեպի հանրապետության մարզեր, նպաստում են տեղի մշակույթի զարգացմանը»:
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանն էլ կարեւորեց այն հանգամանքը, որ փառատոնը անցկացվելու է հենց Սարդարապատի հուշահամալիրի տարածքում եւ ասաց, որ հայկական ուտեստները հայոց մշակույթի անբաժան մասն են կազմում, որոնք էլ անհրաժեշտ է ի ցույց դնել զբոսաշրջիկների համար:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը իր խոսքում, անդրադառնալով Ոսկե Ծիրանի եւ տոլմայի փառատոնի կապին, նշեց, որ ցանկացած փառատոնի ընթացքում շեշտը դրվում է հենց տվյալ երկրի խոհանոցի վրա. «Յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող փառատոների ընթացքում միշտ փորձում են առիթը բաց չթողնել եւ արտասահմանցի հյուրերին ներկայացնել իրենց խոհանոցը եւ ցանկացած այլ մշակութային արժեք»:

Բանախոսները տեղեկացրին, որ փառատոնի ընթացքում վաճառված տոլմայի հասույթը բարեգործական նպատակներով տրվելու է Արմավիրի մարզի դպրոցներից մեկին՝ գրենական պիտույքների գնման նպատակով:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031