Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը հորդորել է ակտիվացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ

Օգոստոս 06,2014 17:39

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա հրատապ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար, հատկապես, պտղի որոշ տեսակների և բանջարեղենի համար: Հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, Սերգո Կարապետյանը հորդորել է արտահանող ընկերություններին էլ ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ` ավելացնելով հայկական արտադրանքի արտահանման ծավալները:

«Ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականից, հարկավոր է ակտիվացնել մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից, գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների համար` սկսած պտուղ-բանջարեղենից մինչև միս և կաթնամթերք:

Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից , ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար: Հարկավոր է Մոսկվա և մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար: Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք»,- մասնավորապես նշել է նախարարը:

Նախարարը կարևորել է նաև ՌԴ-ում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը, տեղեկացնելով, որ ս.թ. հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայում անց է կացվելու Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի 75-ամյակին նվիրված գյուղատնտեսական ցուցահանդես: Սերգո Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել այդ խոշորագույն միջոցառմանը մասնակցելու ուղղությամբ, իր կողմից խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ խնդրում:

Խորհրդակցության ընթացքում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են մի շարք առաջարկներ`արտահանման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ: Առաջարկվեց Առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետները կրճատել և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկում է արտահանման եռուն շրջանը, այն տրամադրվի նաև ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև նվազեցնել պահանջվող փաստաթղթերի քանակը :

Խորհրդակցության ավարտին Սերգո Կարապետյանը հանձնարարել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկները և ըստ ամենայնի աջակցել դրանց լուծման գործում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031