Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտն այս տարի է գրանցվել՝ արտահանումը 8 տոկոս անկում է ապրել»․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 28,2026 15:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտն այս տարի է գրանցվել։ Պատկերացրեք՝ Հայաստանը մեծ ընտանիք է, վաստակում է 100 հազար դրամ՝ ապրանք վաճառելով, այս տարի արդեն վաճառում է 92 հազար դրամի։ Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով Հայաստանից արտահանումը մոտ 8 տոկոս անկում է ապրել»,- ԱԺ նստաշրջանում Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջև համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ զուգահեռ ներմուծումն աճել է 9,5 տոկոսով։ «Հայաստանում այսպիսի վատ առևտրային դինամիկա չի եղել, այսպիսի մեծ դեֆիցիտ չի եղել»,- հավելեց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն, անդրադառնալով այս հարցերին, ասաց․ «Օրինակ՝ ԱՄԷ հետ հայկական ծագման ապրանքների արտահանումն ավելացել է 48 տոկոսով, բայց ընդհանուր շրջանառությունն էական նվազել է։ Գիտե՞ք՝ ինչ է տեղի ունեցել, օրինակ, ռուսական ոսկի Հայաստանի տարածքով չի գնացել, չի եկել։ Երբ որ ռուսական ոսկին գալիս է Հայաստան, գնում է, առևտրաշրջանառությունն ուռում է, դուք դա ներկայացնում եք ողբերգություն, ես ասում եմ՝ դա ոչ մի բացասական էֆեկտ մեր տնտեսության վրա չի ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» խմբակցություններին մեղադրեց արտահանման ծավալների նվազման ու ՌԴ կիրառած սահմանափակումների համար։ «Խոսենք փաստերով՝ մի քանի շաբաթ առաջ հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը։ ԵԽԽՎ զեկույցում սևով սպիտակին գրված է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանը կիրառել է տնտեսական սահմանափակումներ՝ նպատակ ունենալով մարդկանց դրդել քվեարկել ընդդիմության օգտին։ Եթե նկատել եք՝ այդ ընդդիմությունը դուք եք, պարոն Կարապետյան, դուք եք, տիկին Գրիգորյան։ Հիմա եթե դուք Արամ Վարդևանյանի դեմքով գալիս ասում եք՝ իսկ ինչքա՞ն ծաղիկ է արտահանվել ԱՄԷ, դուք ազնիվ չեք, որովհետև այդ հարցը ծագել է այն տնտեսական սահմանափակումների պատճառով, որոնք կիրառվել են, որպեսզի մարդիկ քվեարկեն ձեզ»,- ասաց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել