Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափածոյում ես ապրում եմ առանց մտածելու»

Օգոստոս 08,2014 14:00

Ռիմա Խաչատրյանի բլոգ-կայքը երիտասարդ ստեղծագործողի բանաստեղծությունների հանգրվանն է, որտեղ Ռիման ներկայանում է «Ռի-Մա» գրական անունով: Այստեղ Ռիմայի մտքերի ընտրանին է՝ հանգավորված, դասակարգված ու խնամքով մատուցված ընթերցողներին: Ռիման գերուշադիր է բառի, կետադրության ու ասելիքի նկատմամբ, հենց դրա համար էլ ամեն ստեղծագործություն չէ, որ կայքում տեղ է գտնում: Կայքի` «Իմ մասին» խորագրում Ռիման բանաստեղծություն ունի, որն ամենալավն է իրեն բնութագրում: «Առավոտը» որոշեց զրուցել «Արեւոտ երկրի այն թախծոտ աղջկա»՝ Ռիմայի հետ:

– Շատերը սկսում են ստեղծագործել ինչ-որ գրողից ոգեշնչված, կամ էլ սիրահարվելու արդյունքում: Ո՞րն էր քո «մոտիվացիան»:

– Ստեղծագործելը, կարելի է ասել, ինքն իրեն ստացվեց։ Փոքր տարիքում մի որոշ ժամանակ գրել եմ մանկական բանաստեղծություններ, բայց հետո բավականին երկար (մոտ 8 տարի) առհասարակ չեմ գրել։ Հետո վերսկսել եմ 15 տարեկանից ու գրում եմ մինչ օրս։ Բլոգը ստեղծվել է 2009-ին, հիմա արդեն վերածել եմ կայքի: Աշխատանքը, իհարկե, այդպես ավելի է շատացել ու մեկ-մեկ բավականին երկար դադարներ են լինում։ Բայց աշխատում եմ, որքան հնարավոր է՝ շուտ-շուտ թարմացնել կայքս։

-Ինչո՞ւ ընտրեցիր չափածոն, ի՞նչն է քեզ այդ ոճում գրավել, որովհետև գիտենք, որ շատերը բլոգներում, կայքերում արձակ են գրում:

– Արձակ գործեր որոշ ժամանակ առաջ գրել եմ, բայց արձակ գրելու նկատմամբ իմ վերաբերմունքն ունեմ։ Ըստ իս, արձակ կամ պետք է գրել կատարելապես լավ, կամ պետք չէ գրել առհասարակ։ Իմ արձակ աշխատանքներն էլ հիմա որևէ մեկին չեմ ներկայացնում, քանի որ, իմ համոզմամբ, դրանցով ներկայանալ դեռ պատրաստ չեմ. քանի դեռ իրենց չեմ հղկել այնքան, որ ինքս հավանեմ, չեմ ներկայացնի ընթերցողներին։ Իսկ չափածոն ինձ հիմա անհամեմատ ավելի հոգեհարազատ է, քանի որ հիմնականում ամենը, ինչ գրում եմ, մի շնչով է ստացվում ու կարելի է ասել՝ չափածոյում ես ապրում եմ առանց մտածելու:

– Ինչպես կյանքում, այնպես էլ համացանցում հաճախ միջակությունն է հաղթում. բլոգոսֆերայում շատ են ընթերցվում մարդիկ, որոնք այդքան էլ տաղանդավոր չեն. ոչ կարգին հանգավորում ունեն, ոչ էլ հետաքրքիր ասելիք: Որպես ոլորտի մարդ, ինչպե՞ս կբացատրես նման «տենդենցը»:

– Ինքս էլ նկատել եմ նման միտում ու ասեմ, որ սկզբում չէի կարողանում որևէ կերպ դա մեկնաբանել, բայց աստիճանաբար հասկացա, որ պատճառը հիմնականում այն է, որ շատ մարդիկ արձագանքում են ոչ թե գրվածի յուրօրինակ բովանդակությանը ու հրաշալի կառուցվածքային առանձնահատկություններին, այլ այն սովորական ու բոլորի մոտ առկա զգացմունքներին, որ հնարավոր է՝ կարդում են այս կամ այն գործի մեջ։ Մի երկու «պուպուշ» բառի կամ զգացմունքի՝ թեկուզ և ոչ այնքան հաջող արված նկարագրության շնորհիվ այդ գործերն ավելի շատ ընթերցող են ձեռք բերում, քան նրանք, որոնք իրոք լավ են գրված։ Բացի այդ, այստեղ ընթերցասիրության գործոնն էլ է աշխատում, քանի որ ընթերցելուց բացի, գրական ճաշակ ձևավորելու այլ միջոց չկա, իսկ նրանք, ովքեր, այսպես ասած, սովորել են նմանատիպ ոճի և բովանդակության գործեր կարդալուն, այլ բան ընթերցելիս պարզապես հանդիպում են մի արտասովոր նորության, որը հաճախ չեն կարողանում մարսել։ Այստեղից էլ հանգում ենք հաջորդ միտումին, որ նկատել եմ։ Շատ շատերը մեր օրերում պարզապես չեն ցանկանում մի փոքր մտածել ու վերլուծել այս կամ այն աշխատանքը, որը որոշակի խորություն ունի, քանի որ նախընտրում են այնպիսի ստեղծագործություններ, որոնց բովանդակությունը այսպես թե այնպես վաղուց ասված է ու հասկանալի բոլորին։

– «Համացանցային պոեզիան» արդարացնո՞ւմ է իրեն: Ի՞նչ թերություններ ու առավելություններ ունի:

– Դա կախված է նրանից, թե որ առումով ենք դիտում հարցը։ Եթե հաշվի առնենք, որ համացանցի միջոցով շատ տաղանդավոր մարդիկ հնարավորություն են ստանում ընթերցողների ավելի լայն շրջանակին ներկայացնելու իրենց աշխատանքները, իհարկե՝ արդարացնում է։ Մյուս կողմից էլ՝ անհամեմատ ավելի շատ ստեղծագործություններ այդպիսով ներկայացվում են որպես բարձրարժեք գրականություն, բայց իրականում նպաստում են այն իրավիճակի ստեղծմանը, որի մասին խոսում էինք քիչ առաջ։ Ամեն ինչ պետք է դասակարգվի և զտվի ընթերցողների կողմից. դա հնարավոր է միայն գրական ճաշակի առկայության դեպքում։

-Ռիմա, ի՞նչ նորությունների, բանաստեղծությունների սպասենք:

– Առաջիկա ծրագրերի մեջ առաջին հերթին գրքով ներկայանալն է մտնում, դա էլ շատ ուրիշ հանգամանքների ու գործոնների հետ է կապված։ Հուսով եմ՝ ամեն ինչ արագ կստացվի ու շուտով առաջին ժողովածուն լույս կտեսնի։

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031