Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի աշխատակիցները վիճարկում են վստահությունը կորցնելու հիմքով իրենց ազատման հրամանը

Օգոստոս 26,2014 16:41

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 1-ին կշարունակի «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ աշխատակիցներ Սեւակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գեւորգյանի, Գագիկ Գալստյանի հայցի քննությունը: Նրանք վիճարկում են աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնվելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հարցը:

Մետրոպոլիտենի աշխատակիցների շահերը ներկայացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության իրավաբան Քրիստինե Գեւորգյանը, իսկ մետրոպոլիտենը ներկայացնում էին Արտակ Երեմյանն ու Սամվել Մնացականյանը:

Dat_5 Dat_4 Dat_3 Dat_1 Dat-2 Dat_7

Այսօր դատավոր Սիմիզար Հովսեփյանը կողմերից ճշտեց նրանց դիրքորոշումը դատաքննության փուլում ապացույցներ ներկայացնելու առումով: Ըստ Քրիստինե Գեւորգյանի, իրենք հրաժարվեցին դատարան վկաներ կանչելու միջնորդությունից, քանի որ իրական վտանգ կարող է լինել մետրոպոլիտենի աշխատակիցների հետագա աշխատանքի հետ կապված:

Պատասխանող կողմը դատարան էր ներկայացրել ապացույց, համաձայն որի՝ վթար տեղի չի ունեցել, ինչի մասին հայտնել էր հայցվոր կողմը: Ըստ հայցվոր կողմի՝ պատասխանողը չէր կարող ստուգումներ անցկացնել, քանի որ այդ օրը լույս չի եղել, մինչդեռ պատասխանող կողմը գտնում էր, որ մետրոպոլիտենում անգամ եթե ծորակն է խափանվում, ապա այն գրանցված է լինում, իսկ լուսավորությունն էլ հենց այդ հայցվորների վրա էր դրված:

Ըստ պատասխանողի՝ հայցվորները գրանցել են իրենց աշխատանքների մասին գրանցամատյանում, մինչդեռ աշխատանքներ չեն կատարվել՝ դրանով իսկ խաբել են ոչ միայն մետրոպոլիտենի ղեկավարությանը, այլ նաեւ ժողովրդին:

Պատասխանող կողմը հայտնեց, որ բազմիցս բանավոր զգուշացրել են այդ աշխատակիցներին, սակայն նրանք պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքները: Մասնավորապես բերվեց շարժասանդուղքի օրինակը, որի տեխնիկական անվտանգության համար պատասխանատու էր սպասարկման անձնակազմը եւ իրենք ստուգայցեր են կատարել, որի ժամանակ պարզվել էր, որ շարժասանդուղքը «ժամկետները բաց թողնելու առումով վնաս է կրել»:

Երբ հայցվորի ներկայացուցիչը փորձեց առարկել, որ իր վստահորդների օրոք շարժասանդուղքը որեւէ վտանգ չի կրել եւ փորձեց հիշեցնել օրեր առաջ տեղի ունեցած դեպքը (շարժասանդուղքի վրա երեխայի ոտքը մնալը) այդ ժամանակ պատասխանող բարձրաձայն մի քիչ կոպիտ տոնով դիմեց Ք. Գեւորգյանին՝ «փորձագե՞տ եք, դեպքի մասով ճիշտ չի ասում»:

Պատասխանողը առարկեց հայցապահանջի դեմ ամբողջությամբ, իսկ հայցվոր կողմը պնդելու է, որ իրենց ազատման հրամանը աշխատանքային օրենսգրքի որեւէ հոդվածի հետ աղերս չունի:

Հիշեցնենք, որ Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը Մետրոպոլիտենի ղեկավարության կողմից աշխատանքից հեռացվել էին այն բանից հետո, երբ փետրվարի 11-ին մասնակցել էին ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ցույցերին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031