Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները սովորում են խեցեգործության գաղտնիքները

Օգոստոս 28,2014 11:44

«Հող, ջուր, կրակ և գաղտնիքներ-2014» մշակութային ծրագիրը համախմբել էր խեցեգործների, երիտասարդ արվեստասերների։ Ծրագիրն իրականացվել է հուլիսի 25-ից օգոստոսի 23-ը «Մունետիկ» ՀԿ կողմից ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

«Մունետիկ» ՀԿ-ի ղեկավար Հրաչյա Համբարձումյանը նշում է, որ իրենց նախաձեռնությունը միտված է Հայաստանի, Արցախի և Ջավախքի մշակութասեր երիտասարդությանն ակտիվացնելուն, խեցեգործությունը զարգացնելուն՝ այդպիսով որոշակիորեն լուծելով նաև գյուղական համայնքների բնակչության զբաղվածության հարցը։ ՀԿ ղեկավարը նկատում է, որ խեցեգործության գաղտնիքները սովորելով՝ շատ երիտասարդներ կկարողանան գումար վաստակել՝ միաժամանակ զարգացնելով արվեստի այս ճյուղը։ Ընդ որում, խեցեգործությունը քիչ ծախսատար է. ընդամենը գետնից վերցնում ես հումքը՝ կավը, և ստեղծում աշխատանքներ։

ererrrr
Ծրագրի անվանումը խորհրդանշական է. հողն այն է, ինչ օգտագործվում է խեցեգործության մեջ, ջուրը խառնվում է, դառնում է կավ, կրակով էլ թրծվում է կավը։ Եվ այս ամենը բացահայտում է այն գաղտնիքները, որ ամբարված են երիտասարդների ներսում։
Ծրագրի ավարտական փուլն իրականացվել է սիմպոզիումի ձևաչափով։ Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքի անտառամերձ բացատում անցկացված սիմպոզիումում խեցեգործները ներկայացրել են այն, ինչ սովորել են ծրագրի շրջանակներում։
Հրաչյա Համբարձումյանը նկատում է, որ ծրագրին մասնակցում էին ինչպես փորձառու խեցեգործներ, այնպես էլ՝ արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ։ ՀԿ-ն պահում է նաև հետադարձ կապը մասնակիցների հետ. նրանք գործուղվում են արտասահման՝ փորձի փոխանակման, աջակցություն են ստանում տարբեր նախաձեռնություններում։
Այս օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացել են խեցեգործության միջազգային չափանիշներին։ Հրաչյա Համբարձումյանը նշում է նաև, որ «Մունետիկ» ՀԿ-ն հոգ է տանում, որպեսզի առավել շնորհալի մասնակիցները կարողանան աշխատել արտասահմանյան կազմակերպությունների հետ։ «Մունետիկի» հրավերով այս տարի Հայաստանում հյուրընկալվել էր Լեհաստանի Կանի թատրոնի թատերախումբը՝ գերմանացի ռեժիսորի գլխավորությամբ։ Վերջիններս ծանոթացել են հայաստանցիների կյանքին, կենցաղին, մշակույթին՝ բեմադրելով և ներկայացնելով Հայաստանին նվիրված ներկայացում։

«Հող, կրակ և գաղտնիքներ» ծրագրի մասնակիցներին տրամադրվել են համապատասխան ստեղծագործական միջավայր, նյութ և տեղեկություն, անցկացվել են վարպետության դասեր, ստեղծագործողներին ներկայացվել են միջազգային բիենալեների կատալոգներ, ալբոմներ, ռեպրոդուկցիաներ, տեղեկություններ են հաղորդվել համաշխարհային խեցեգործական նոր չափանիշների, շուկաների, մշակութային կոմերցիոն կառույցների, մշակութային միջազգային առևտրային միությունների մասին։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031