Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Մտնում եմ տուն, տեսնում եմ դռան վրա մի փոքր թղթիկ, հիմա ես պատշաճ ծանուցվե՞լ եմ»

Սեպտեմբեր 09,2014 13:51

«Ես մտնում եմ տուն եւ տեսնում եմ, որ դռան վրա փակցված է մի փոքր թղթիկ եւ պարզվում է, որ ես նամակ ունեմ: Ենթադրվում է, որ դա ինչ-որ մի տուգանք է: Հիմա ես պատշաճ ծանուցվա՞ծ եմ, թե՞ չէ, եւ դրանից հետեւում է, որ ինձ կարող են տուգանել»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպիսի հարց ուղղեց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին՝ տուգանված վարորդներին պատշաճ ծանուցելու թեմայով օրինագծի քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկվանից ԱԺ-ում քննարկվում է ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,  որով առաջարկվում է վարորդներին իրենց տուգանքների մասին ծանուցել իր նախընտրած տարբերակով, որովհետեւ այսօր վարորդները բողոքում են, որ իրենք չեն ծանուցվել պատշաճ, տուգանքներն էլ կրկնապատկվել, եռապատկվել են:

Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ «Լինո՞ւմ է, չէ՞, որ մարդիկ մի բան ասում են, հետո են մտածում: Հիմա մենք արել ենք մի բան, հետո մտածում ենք հետեւանքները վերացնելու մասին: Երբ մենք մտցրեցինք այդ արագաչափերը եւ այլն, հիմա կարծեք ամեն ինչ հարմարեցնում ենք այդ ուղղություններին: Փաստորեն, ամեն օր քաղաքացիները տուգանվում են, եւ մեծ մասամբ չեն էլ զգացել, որ խախտում են արել: Տուգանքների ճնշող մեծամասնությունը վերաբերում է միայն կարմիր գծերին եւ արագաչափերի համակարգին: Այնուամենայնիվ, լինում են օբյեկտիվ իրավիճակներ, որ անձը, տեղյակ չլինելով խախտման մասին, բացակայում է: Փոստատարը տանում է իր հասցեով, տեսնում է չկա, իր նախընտրած տարբերակով ծանուցում են, հետո կալանք են դնում նրա գույքի վրա: Կարող է այդպես կալանք դնեն ու մարդուն զրկեն վերադառնալուց հետո հաց առնելու հնարավորությունից: Վստահ եմ, որ այդպիսի դեպքեր շատ կլինեն: Արդյոք ձեւ չկա՞ սա շտկելու»:

Այնուհետեւ Ստեփան Մարգարյանն ավելի հստակ առաջարկ արեց՝ նման իրավիճակներից խուսափելու համար. «Մեծ մասը քարտերով է աշխատավարձ, թոշակ ստանում: Մարդը տուգանվում է, ունենալով իր հաշվի վրա 20 հազար դրամ, այդ 20 հազարն էլ կալանք են դնում: Գալուց հետո մնում է առանց կոպեկի, մարդը տեղյակ էլ չի եղել: Հնարավոր չի՞ դատարանի միջոցով կալանք դրվի հաշվի վրա: Առանց դատարանի որոշման դա անելը հանգեցնում է մարդու համար անհարմար իրավիճակի, չէ՞ որ նա օբյեկտիվորեն չի ծանուցվել»:

Փոխնախարարը պատասխանեց, որ դռան վրա փակցրած թղթիկով անձը պատշաճ ծանուցված չի համարվի, անձը պետք է ստորագրած լինի: Հետեւաբար, նրա գույքի, ունեցվածքի վրա չի կարող կալանք դրվել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի տեղեկացվել տուգանքի մասին:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց. «Գիտակցում ենք, որ տեղի է ունեցել սխալ, որ մեկուկես մլն մարդ 2013-ին կայացված վարչական տուգանքների որոշումները օբյեկտիվորեն չէին կարող ապահովել պատշաճ ծանուցում: Խախտվել է մարդու սեփականության իրավունքը: Ի՞նչ է խանգարում, որ հիմնարար փոփոխություններով հանդես գա արդարադատության նախարարը»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն առաջարկեց կիրառել նաեւ Վրաստանի փորձը. «Վրաստանում, եթե քո մեքենայով այնտեղ ես գտնվել եւ խախտում ես արել, վերադառնալուց ներկայացնում են, որ այսպիսի խախտում ես արել, պետք է վճարես: Հայաստանում էլ կարելի է դա օգտագործել եւ սահմանն անցնելուց մարդկանց տեղեկացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930