Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը, արդեն ընդունած լինելով խաղի կանոնը, շատ սահմանափակ տարածք ուներ հակադարձելու համար։ Սա էլ հենց «բարեկրթության» թակարդն է. Արփինե Հովհաննիսյան

Օգոստոս 14,2026 23:23 Share

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձեր կարծիքը կասե՞ք: Գրեք հասկանանք:

«Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկն առաջին հայացքից դժվար է վիճարկել։ Սովորական քաղաքական միջավայրում այն կարող էր լինել քաղաքակիրթ բանավեճի շատ նորմալ մեկնարկ։

Բայց քաղաքական խոսքը չի սկսվում խորհրդարանի առաջին նիստից։ Դրան նախորդել է ընտրարշավ, որի ընթացքում հնչած կոշտ գնահատականները, մեղադրանքներն ու որակումները ոչ միայն բևեռացրել են քաղաքական դաշտը, այլև ձևավորել են ընտրողների համապատասխան սպասումները։ Իշխանությունն ու ընդդիմությունը հենց այդ խոսքի պայմաններում և նաև այդ խոսքի դիմաց են ստացել իրենց քվեները։

Հետևաբար ընտրություններից հետո հնարավոր չէ այդ ամբողջ նախապատմությունը պարզապես ջնջել և քաղաքական հարաբերությունները սկսել «մաքուր էջից»։ Դրանք երկուսի հարաբերություններ չեն: Դրանք մարդկանց ու մարդկանց սնած ասելիքի մասին են։

Իշխանությունն այսօր շարունակում է սպասարկել և՛ իր քաղաքական վարքագիծը, և՛ իր ընտրողների սպասումները։ Այդ պայմաններում «բարեկրթության» կոչը նրա համար քաղաքականապես հարմար է։ Այն կարող էր նույնքան օգտակար լինել նաև ընդդիմությանը, եթե չլիներ իր իսկ նախընտրական քաղաքական խոսքի բեռը։

Եթե դու ամիսներ շարունակ ընտրողիդ ներկայացրել ես իշխանության վերաբերյալ ծայրահեղ կոշտ գնահատականներ, եթե քո ցուցակում ներառել ես մարդկանց, որոնք հենց այդպիսի կոշտ քաղաքական լեզվով են առանձնացել, դրանով առնվազն ցույց ես տվել, որ այդ լեզուն քո քաղաքական դաշտի համար ընդունելի է։ Լավ է դա, թե վատ՝ այլ քննարկում է։ Բայց դա փաստ է, որի հետ ընտրություններից հետո պետք է հաշվի նստել։

Հենց այստեղ էլ բարեկրթության վերաբերյալ մեկնված ձեռքը կարող է վերածվել թակարդի։ Ոչ թե որովհետև բարեկրթությունը վատ բան է, այլ որովհետև այն կարող է քաղաքական խոսքի մշակույթի պահանջից վերածվել քաղաքական խոսքի թույլատրելի սահմանները որոշելու գործիքի։

Քաղաքական բանավեճի սահմաններն ավելի լայն են, քան առօրյա քաղաքավարի խոսակցության սահմանները։ Կոշտ, սուր, անգամ վիրավորական թվացող քաղաքական գնահատականը դեռ ինքնաբերաբար անձնական վիրավորանք չէ։

Եվ այսօրվա դրվագում, կարծում եմ, ակնհայտ էր նաև մեկ այլ բան. անհանդուրժողականության իրական պատճառը հազիվ թե մեկ մակբայ էր։ Առիթն, իհարկե, կոնկրետ արտահայտությունն էր, բայց արձագանքի հիմքում տարիների ընթացքում տվյալ անձի բառապաշարի, վարքագծի և խոսքի նկատմամբ կուտակված անհանդուրժողականությունն էր։

Այս դեպքում իշխանությունը կարողացավ կոնկրետ արտահայտությունը տեղավորել իր իսկ նախապես առաջարկած «բարեկրթության» շրջանակի խախտման մեջ և այդ դրվագի վրա կենտրոնացնել տվյալ անձի նկատմամբ կուտակված ամբողջ բացասական վերաբերմունքը։

Իսկ ընդդիմությունը, արդեն ընդունած լինելով այդ խաղի կանոնը, շատ սահմանափակ տարածք ուներ հակադարձելու համար։

Սա էլ հենց «բարեկրթության» թակարդն է․ նախ ընդունում ես հակառակորդիդ առաջարկած չափանիշը, հետո առաջին սահմանային դեպքի ժամանակ արդեն հակառակորդդ է որոշում՝ խախտե՞լ ես այն, թե՞ ոչ։

Իշխանությունը, կարծես, այս մեխանիզմը շատ լավ հասկանում է։ Ընդդիմությունը՝ դեռ ոչ այնքան։

Հետգրություն։ «Սրիկայաբար շահարկել»-ը գործողության ձևին տրված կոշտ գնահատական է՝ «սրիկայաբար»-ը մակբայ է։ «Սրիկա»-ն արդեն անձին բնութագրող գոյական է։ Առաջինը կարող է լինել շատ կոշտ, անընդունելի համարվել և արժանանալ նույնքան կոշտ քաղաքական հակադարձման։ Բայց այդ երկուսը նույնացնել և դրանով քաղաքական խոսքի սահմաններ գծել՝ արդեն բոլորովին այլ հարց է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31