Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ծնվել ենք ժամանակին»

Սեպտեմբեր 11,2014 15:00

«Մենք չտեսանք հայրական ձեռքերի քնքուշ շոյանքը եւ ժամանակ չունեինք հովիտներում ծաղիկներ փնջելու ու հիանալու սոխակների երգով: Աշխարհում ռումբերի որոտ կար, հրդեհներ կային աշխարհում, եւ մենք սովորեցինք բոբիկ ոտքերով քայլել կրակների վրայով»,- իր՝ «Մենք ծնվել ենք ժամանակին» արձակ բանաստեղծության մեջ գրել է Արցախի նշանավոր զավակներից մեկը՝ Վազգեն Օվյանը:

Վազգեն Օվյանի 80-ամյակի առթիվ լույս են տեսել նրա երկերի 2 հատորները:
Առաջին հատորում նրա բանաստեղծություններն են, պատմվածքներն ու երգիծական գործերը՝ պամֆլետները, առակները, երկրորդում քաղաքական սատիրան՝ առակ-հեքիաթները, վիպակներն ու երկու վեպը՝ «Լեռնակերտ», «Ղարաբաղի արծիվը»:
Գրողին վայել երկհատորյակը տպագրվել է տեղի «Սոնա» հրատարակչությունում:
Վ. Օվյանի շատուշատ բանաստեղծություններ դեռ ձեռագիր վիճակով տարածված էին Արցախում եւ սիրելի էին իրենց թեմաներով՝ հայրենապաշտություն, սեր, բնաշխարհ…
Ինձ՝ ընթերցողիս, միշտ սիրելի են եղել նրա «Նոթատետրից» շարքն ու երգիծական ստեղծագործությունները, որոնք ասես այս օրերում գրված լինեն:

«Ղարաբաղասերը» երգիծական ստեղծագործության մեջ Վ. Օվյանը ներկայացնում է ճոխ սեղանի մոտ նստած մի հերթական հայրենասերի. «Երկրորդ բաժակը նա ձեռն առավ, Թվաց, թե տակին սուրողը ձի է, Գոռաց. Մաշտոցն էլ է ղարաբաղցի, ղարաբաղցի է քաջ Վարդանը, Ղարաբաղումն է Նելսոնը ծնվել»:

Կենացներն ավարտում է խորը քուն մտնելով, հաջորդ օրը մեքենայում տեղավորում է թթի օղին, թոնրի հացը, բարիքները ու հորդորում. «Դե, ես գնացի, իսկ դուք էլ կեցցեք, մեր այս լեռներն ամուր պահեցեք»:

Տասնյակ բանաստեղծություններ նվիրված են մայրենիին. «Նա հայերեն ինչպես խոսի, երբ չի ուզում տեսնել հայ, Ու չգիտե՝ երբ է եղել ճակատամարտն Ավարայրի, Խորթ են նրան իր մայր լեզուն եւ գրերը մեսրոպատառ…»:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930