Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկին կալանավորելու որոշումը արդարացված չէ

Սեպտեմբեր 12,2014 15:00

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին,
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին,
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին,
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. օգոստոսի 29-ի դատական նիստում որոշում է կայացրել «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը: Վ. Ղուկասյանը մեղադրվում է 2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության արդյունքում հիշյալ հիվանդանոցում անչափահաս Դավիթ Հակոբի Հովակիմյանի մահվան հարցում մեղքի բաժին ունենալու մեջ՝ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու եւ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու նկատառումով:

Վ. Ղուկասյանին կալանավորելու մասին դատարանի որոշման հիմքում այն հիմնավորումն է, թե մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու միջոցով: Այս տխրահռչակ որոշումը պատճառաբանվում է նաեւ նրանով, որ Վ. Ղուկասյանի՝ ազատության մեջ գտնվելը տուժող կողմի մոտ կարող է առաջ բերել հուզական այնպիսի դրսեւորումներ, որոնք կարող են հանգեցնել հասարակական կարգի խախտումների:

Մեր խորին համոզմամբ, քրեական դատավարության այսպիսի ընթացքը առնվազն կասկածելի է դարձնում դատարանի որոշման արժանահավատությունը, չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներից ու հակասում է դրանց եւ ընդհանրապես հաշվի չի առնում մարդու անմեղության կանխավարկածը, նաեւ նսեմացնում է վաստակաշատ բժշկի բարի համբավն ու հեղինակությունը՝ հետեւյալ պատճառներով.
1/ Դատարանի որոշման տեքստում կալանավորման օգտին բերված փաստարկները ընդհանրական են, չեն պարունակում Վ. Ղուկասյանի մեղսակցությունը մասնագիտական տեսանկյունից արժանահավատ դարձնող հիմքեր: Ընդամենը հղում է արվում բժշկական երկրորդ փորձագիտական եզրակացությանը (նշենք, որ առաջին եզրակացությունը հիմնավորել է բժշկի՝ ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ ուժերի ներածին չափով գործելու հանգամանքը), սակայն եւ ուստի ձեւակերպված չեն Վ. Ղուկասյանի անբարեխղճության եւ անզգուշության դրսեւորումները: Ի հակադարձումն՝ հիվանդանոցի ողջ աշխատակիցները, ովքեր ներկա են եղել եւ մասնակցել են Դավիթ Հովակիմյանի հոսպիտալացման ընթացքին, աներկբա վկայում են, որ բժշկական կենտրոնի սարքավորումային եւ անձնակազմային հագեցվածության տվյալ պայմաններում բժիշկ Ղուկասյանը գործել է գրագետ եւ գործադրել է առավելագույն ջանքեր՝ պատանուն փրկելու համար:

2/ Բժիշկ Վ. Ղուկասյանը, նրա ընտանիքն ու հարազատները խորապես ցավում են կատարված ողբերգության համար, ցավակցում են մահացած պատանու ծնողներին եւ հարազատներին, ամբողջապես ըմբռնում են նրանց հուզմունքի դրսեւորումները հարուցված քրեական գործի առնչությամբ, սակայն բժշկին տուժող կողմի հուզական դրսեւորումների հնարավորության նկատառումներով կալանավորելը համարում են անարդար: «Հուզական այնպիսի դրսեւորումներ, որոնք կարող են հանգեցնել հասարակական կարգի այլ խախտումներ» ձեւակերպումը ոչ իրավական կատեգորիա է, ավելին՝ մինչ օրս տուժողի կողմից նման հուզական հրապարակային դրսեւորումներ չեն արձանագրվել:

3/ 2012թ.-ին, նմանատիպ միջադեպից հետո՝ մայիսի 28-ին ձերբակալվեց «Վանաձոր բժշկական կենտրոնի» երկու բժիշկ, ովքեր գործի քննության արդյունքում արդարացվեցին եւ հետագայում իրենց կամքով ազատվեցին աշխատանքից, արդյունքում կենտրոնը կորցրեց երկու նեղ մասնագետ, որոնցից մեկը մարզի միակ կրծքային վիրաբույժն էր: Այժմ կա ներքին մտավախություն, որ այս դեպքից հետո նույնպես մի քանի բժիշկներ կհեռանան, ինչը կառաջացնի լրացուցիչ լարվածություն եւ խնդիրներ բնակչության բուժսպասարկման գործում:

4/ Բժիշկ Ղուկասյանին կալանավորելու որոշումը արդարացված չէ նաեւ բարոյական նկատառումներով: Մարզի գլխավոր վիրաբույժ հանդիսացող, Վանաձորում, Լոռու մարզում եւ ողջ հանրապետությունում փորձառու, բարեխիղճ եւ գրագետ մասնագետի համբավ ունեցող, հասարակության մեջ հարգանք վայելող, բարեկիրթ ընտանիքի տեր, արցախյան ազատամարտի ժամանակ բազմաբնույթ մասնագիտական ու նյութական աջակցություն ցուցաբերած բժիշկը, ով, ի դեպ, քննչական մարմին ներկայացել է անձամբ եւ ոչ թե բերման ենթարկվել եւ ձերբակալման ժամանակ եւ մինչ այդ նույնիսկ չի ունեցել փաստաբան, չէր կարող իրեն թույլ տալ փախուստի կամ թաքնվելու միջոցով խուսափել դատավարությունից: Վլադիմիր Ղուկասյանին երկամսյա ժամկետով կալանավորումը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն նրա հոգեկան, այլ նաեւ ֆիզիկական առողջության վրա. նրա մոտ առկա է շաքարային դիաբետ եւ բողոքներ ունի սրտի շրջանում:

Ելնելով վերոնշյալից՝ «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ բժիշկ Վլադիմիր Ղուկասյանի գործընկերները, ընտանիքը, հարազատներն ու ընկերները խնդրում եւ պահանջում են դատարանից վերանայելու մեղադրյալի հանդեպ կիրառված ներկա խափանման միջոցը, ազատ արձակելու բժիշկ Ղուկասյանին՝ նրան հնարավորություն տալով վերադառնալ աշխատավայր եւ շարունակել բնականոն աշխատանքները, որոնք, գործընկերների հավաստմամբ, մասնագիտական ու բարոյական տեսանկյուններից մեծապես տուժում են փորձառու բժշկի բացակայությունից:

Վ. Ղուկասյանին աջակցողներ
615 ստորագրություն

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930