Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան»

Սեպտեմբեր 17,2014 13:00

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստի հետ

-Պարոն Ղազարյան, նախ շնորհավորում եմ հոբելյանի եւ ժողովրդական արտիստի կոչման համար: Ի՞նչ զգացողություններ ունեիք ծննդյան օրը:

-Տխուր էի, որ մի տարով էլ մեծացա, բայց ասում են՝ կա մեծանալ եւ կա ծերանալ: Մարդ կա` 35 տարեկանում արդեն ծեր է, մարդ էլ կա` 60 է, 70 է, բայց հոգով, եռանդով երիտասարդ է: Մարդիկ մեծանում են, բայց երանի թե ոչ ոք երբեք չծերանա: Իմիջիայլոց, ես 65 եմ, բայց ոչ ոքի չասեք (ժպտում է- Մ. Մ.):

– Ի՞նչ տվեց Ձեզ ժողովրդական արտիստի կոչումը:

– Շատ անսպասելի էր ու հաճելի, երբ զանգ ստացա, եւ երկրի ղեկավարը շնորհավորելով ինձ՝ ասաց. «Դու շատ ես մեզ ուրախացրել, շարունակիր ուրախացնել ժողովրդին»: Դա ամենամեծ նվերներից մեկն էր իմ հոբելյանին:

-Խոսենք Ձեր դպրոցի մասին. հիմնադրումից ի վեր ի՞նչ հաջողություններ եք ունեցել:

-Արդեն ութերորդ տարին է, ինչ դպրոցը կա: Դասավանդում են արհեստավարժ մասնագետներ: Երեխաներին արգելում եմ ամեն տեսակի ֆիլմ կամ հաղորդում նայել, ասում եմ, որ այդ ժամանակն ափսոս է, դրա փոխարեն լուրջ գիրք կարդացեք, լուրջ ֆիլմ նայեք, որոնցից մի բան կսովորեք: Նախ իրենք կտրվում են փողոցից, մեզ մոտ սովորում են երգ, պար, բեմական խոսք, դերասանի վարպետություն, արվեստի պատմություն: Եկող ամսից «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում կլինի «Ասենք, խոսենք» խորագրով մի հաղորդաշար, որտեղ հենց իմ դպրոցի սաներն են հանդես գալու, ես էլ իրենց հետ խաղալու եմ մանրապատումներում:

-Ասում են` հումորը փոխվում է տարիների ընթացքում: Համամի՞տ եք այդ մտքի հետ:

-Չեմ կարծում, որ մարդկանց պահանջները փոխվում են ժամանակի ընթացքում, հումորիստն ինքը պետք է թելադրի, թե ինչ նայի հանդիսատեսը: Այլ կերպ ասած` ինչ կերակրում ես, դա են ուտում: Չեմ ընդունում այն հումորները, թաքնված տեսախցիկները, որոնք նվաստացնում, խեղճացնում են մարդուն, ընդհակառակը` հումորիստը պետք է բարձրացնի մարդուն, հումորը չպետք է լինի գռեհիկ, լկտի, չպետք է վիրավորի մարդուն:

-Տարբեր առիթներով նշել եք, որ կուզեիք ֆիլմերում նկարահանվել, հիմա է՞լ եք մտածում այդ մասին:

-Դե, ով չի ուզի խաղալ լավ, որակյալ ֆիլմում: Այդ առումով ինձնից ավագ սերնդի բախտը բերել էր. կային տաղանդավոր ռեժիսորներ, ովքեր հրավիրում էին խաղալու, իսկ հիմա հիմնականում պետք է հովանավոր գտնես, միջոցներ լինեն, որ մի գործ ստացվի: Ես երբեք չեմ գնացել որեւէ մեկի մոտ` փող խնդրելու, ամեն ինչ արել եմ սեփական ուժերով: Հիմա հաճախ եմ ֆիլմերում նկարահանվելու հրավեր ստանում, բայց չեմ գնում, քանի որ մտածում եմ, որ այդ ֆիլմն ինձ ոչինչ չի տա, ես էլ՝ ֆիլմին: Անելուց պետք է այնպիսի բան անես, որ գործդ երեւա: Ամեն դեպքում, թատրոնն ինձ համար ուրիշ արվեստ է. ամեն երեկո կենդանի շփում ժողովրդի հետ, դա բոլորովին ուրիշ աշխարհ է:

-Մի փոքր շեղվենք արվեստից. որպես քաղաքացի, Ձեզ ի՞նչն է մտահոգում, տխրեցնում:

-Այդպիսի բաներ շատ կան. ծայրահեղ հարուստներ եւ ծայրահեղ աղքատներ, այն միջինը չկա: Հաճախ նայում եմ հեռուստատեսությամբ, թե ինչ պայմաններում են ապրում մարդիկ, տան առաստաղը կաթում է, ջուրը լցվում է տուն, առնետները վազում են, չունեն ապրելու տարրական պայմաններ, երեխաները չունեն սովորելու հնարավորություն: Երնեկ մի տասն օրով աշխարհի ամենակարող մարդը լինեի, այդ բոլորը կվերացնեի: Ցավոք, սրտացավությունը պակասել է: Շատ երկրներում անծանոթներն իրար ժպտում են, բարեւում, իսկ մեզ մոտ նայում ես՝ դրսում սիրուն աղջիկ է կանգնած, նամռոտ դեմքով է… Չնայած երեւի մարդկանց չես էլ մեղադրի, ուրախանալու առիթ երեւի չունեն:

-Ի՞նչ մաղթանք ունեք ժողովրդին:

-Համբերություն…միայն թող պատերազմ չլինի, մնացած ամեն ինչի կարելի է դիմանալ: Երբ նայում եմ, թե ինչ կատարվեց Սիրիայում, ինչպես գետնին հավասարեցվեց Իրաքը, մտածում եմ, որ միայն խաղաղություն լինի, ընտանիքդ կողքիդ լինի, բանակից վատ լուրեր չլսվեն: Հիմա էլ եզդիների հետ ինչպես են վարվում, շատ ցավալի է, նրանք շատ լավ ժողովուրդ են, որոնց մասին շատ անեկդոտներ եմ նկարահանել: Պետք չէ մոռանալ, որ բազմաթիվ եզդիներ գնացին Ղարաբաղ եւ կռվեցին մեր երկրի համար ու զոհվեցին, եւ սա նաեւ իրենց երկիրն է:

– Կա՞ մի բան, որը Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումն եք համարում:

– Ընտանիքս…բոլորին է հայտնի, որ հատկապես արվեստում քիչ են շատ սիրուն ընտանիքները: Ես այնքան եմ ուրախանում, երբ ընկերներս ասում են՝ Աշոտ, հենց լավ ընտանիքից է խոսք գնում, միանգամից հիշում ենք քո ընտանիքը: Ես բոլորին ցանկանում եմ, որ լավ ընտանիք ունենան: Իմ ձեռքբերումը նաեւ իմ թոռներն են, իմ ընկերները: Ես ձեռք բերեցի ժողովրդի սերը, ով մի սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան եւ սկսեց սիրել, հավատալ: Ժողովուրդն է մեծարում, ժողովուրդն էլ կարող է մի վայրկյանում հողին հավասարեցնել քեզ: Վերջում էլ ուզում եմ ասել, որ Աստված այս ճանապարհն ինձ տվել է ու ինքն էլ ինձ շատ օգնում է: Արմեն Խոստիկյանը մի լավ խոսք ուներ, ասում էր. «Ինչ անում ա, Աստված պապան ա անում…»:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարդ says:

    Շնորհավոր ծնունդտ Աշոտ ջան եվ ցանկանում եմ ամենալավը.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930