Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քեզ հետ չեմ խաղում, ինչո՞ւ չթողեցիր ես լարեմ մեքենան»

Սեպտեմբեր 24,2014 17:00

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահ է՝
որոշ քաղաքական ուժեր նման են խռովկան երեխայի

– Տիկին Եսայան, ՀՀԿ-ում շա՞տ են մտահոգված հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի համատեղ հանրահավաքով:

– Մտահոգվա՞ծ: Անշուշտ, ինչպես կարող են չմտահոգվել հայրենի ընդդիմության խնդիրներով: Մի բուռ ազգ ենք ու մեկս մյուսի հոգսերով պիտի ապրենք: Ասում են՝ ուժեղ ընդդիմություն ունենալը քաղաքական մեծագույն հաճույք է. հետաքրքիր է՝ բավականաչափ ուժե՞ղ են հայրենի փառապանծ ընդդիմությունը եւ փառահեղ այլընտրանքը միասին, կարողանալո՞ւ են իրենց հայտարարած աշխարհացունց հանրահավաքն անել: Եթե քիչ մարդ լինի, անկեղծորեն կտխրեմ, քանի որ «Ժառանգությամբ», ՀԱԿ-ով եւ այլ ընտրյալներով մի «թեժ գարունից», «թեժ ամառից» հետո «թեժ աշնանը» հավաքվել եւ մի քանի հազար հոգու առաջ մտքի մարգարիտներ շռայլելը, կարծում եմ, ոչինչ չի տա ոչ ասողին, ոչ լսողին: Մանավանդ, որ այս փուլում խոսելուց բացի՝ այլ դարակազմիկ որոշումներ, կարծես, չկան: Հավանաբար կլինեն նույն երկարաշունչ, «տնային աշխատանքի» ձեւաչափով ելույթները: Եվ նրանք, ովքեր կգնան այդ հանրահավաքին, բոլոր ելույթներն արդեն անգիր գիտեն: Անհետեւանք խոսքերը առաջին օրը ձանձրացնում են, երկրորդ օրը՝ ջղայնացնում, երրորդ օրը՝ հիասթափեցնում: Կարծում եմ՝ արդեն ընդդիմության երրորդ օրն է:

– Ձեր հումորը հասկանալի է, սակայն, կարծում եմ, մտահոգվելու կարիք պետք է ունենաք, մանավանդ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծես հավակնում է նախագահի պաշտոնին: Համենայնդեպս, նրա վերջին հարցազրույցին նման որակումներ տրվեցին:

– Թե ում որ հարցազրույցին ովքեր, երբ եւ ինչ որակումներ են տալիս, ինչ նպատակով ու ինչ ակնկալիքով՝ վաղուց արդեն գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ իհարկե, պարոն Ծառուկյանը պիտի հավակնի, եթե չհավակնի, ինչի՞ համար էր կուսակցության առաջնորդ դառնում, ծախսեր անում, բարի գործեր, խոսում ժողովրդի հոգսերից, կարիքներից: Բայց ամեն հավակնություն իր ժամանակն ունի: Այսօր դրա ժամանակը չէ, մեր երկիրն ունի ուժեղ նախագահ, նախագահին հարիր պատրաստվածություն, կենսագրություն, պատասխանատվություն եւ պահվածք ունեցող նախագահ, եւ, ակնհայտորեն տեղին չեն այլոց հավակնությունները:

– Կարծում եք՝ հանրահավաքում ԲՀԿ-ն կպահանջի՞ գործող նախագահի հրաժարականը:

– Իհարկե՝ ոչ, բայց նրբանկատորեն չեմ բացատրի, թե ինչու: Թող իրենք ասեն՝ ինչը չեն պահանջում եւ ինչու, կամ՝ ինչ են պահանջում եւ ինչու:

Որքանո՞վ են իրատեսական արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների կանխատեսումները: ԲՀԿ-ն ի զորո՞ւ է գլուխ բերել այդ գործը:

– Բացարձակապես իրատեսական չեն: Ովքեր են լինելու պահանջողները եւ ինչով են հիմնավորելու արտահերթի անհրաժեշտությունը: Հայաստանը հանգիստ գնում է հերթական ընտրությունների: Այդ վիճակները մենք տեսել ենք, ապրել ենք, չկա նոր հայտնագործություն հայոց քաղաքական կյանքի ծիրին մեջ: Ցավում եմ, որ չկա:

– ՀՅԴ-ականների կեցվածքը շատ քննադատվեց սոցցանցերում, քառյակի գործընկերների կողմից եւ այդ ուժերին պատկանող լրատվամիջոցներում: ՀՅԴ-ն իսկապես դավաճանե՞ց ընդդիմադիր դաշտին ու հանուն ինչի՞ վաճառվեց իշխանություններին:

– Դուք Ձեր հարցով ստիպում եք, որ ես ստանձնեմ ՀՅԴ-ի պաշտպանի դերը: Անկեղծ ասեմ՝ մեծ հաճույքով կանեմ, քանի որ միշտ եմ ասել, կրկնեմ՝ եթե հայ քաղաքական դաշտում այսօր կա մեկ-երկու իրական գաղափարական ուժ, մեկը Դաշնակցությունն է: Այս ուժը ունի իր ճանապարհը եւ գնում է իր ճանապարհով, տանում է իր գիծը, անկախ նրանից՝ ով ինչպես կգնահատի: Հենց այդպիսին պիտի լինի քաղաքական կուսակցությունը, դա քաղաքական մշակույթ թելադրող ուժ է: Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին հատվածին, ինչ ասեմ՝ մի՞թե մոռացել եք «Ով մեզ հետ չէ, տականք է» բնութագիրը, որ հենց այդպես մտածողների բնութագիրն է: Բայց դուրս գալով տարատեսակ գնահատականների դաշտից՝ սառնասիրտ նայեք՝ իսկ ի՞նչ է արել Դաշնակցությունը, ընդամենը ասել է այն, ինչ միշտ է ասել՝ կողմ է սահմանադրական փոփոխություններին եւ խորհրդարանական կառավարման մոդելին: Կամ՝ առաջարկել է հանրահավաք անել այն ժամանակ, երբ իշխանության արձագանքը կունենան Սահմանադրության փոփոխությունների իրենց փաթեթին: Տարրական քաղաքական նպատակահարմարություն, ընդամենը: Հիմա ասեք՝ ով է ում դավաճանել:

– Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների մասին. ըստ Ձեզ՝ իրո՞ք հիմա դրանք իրականացնելու ամենահարմար ժամանակն է, թե՞ իշխանությունը սրանով փորձելու է վերարտադրվել:

– Եթե իշխանության մտքին լինի վերարտադրությունը, կվերարտադրվի՝ փոխվե՞լ է Սահմանադրությունը, թե՞ չի փոխվել: Այնպես որ՝ կարիք չունի հանրաքվե հնարելու: Սա՝ մեկ: Երկրորդ՝ հենց հիմա է ամենահարմար ժամանակը երկրի գլխավոր օրենքում որոշ փոփոխությունների համար: Հիմա՝ որպեսզի նախընտրական ժամանակներին հատուկ շահարկումների չենթարկվի, հիմա՝ որպեսզի այդ փոփոխություններին քաղաքական ուժերն ու ընտրությունները հասցնեն պատրաստվել: Հիմա՝ որովհետեւ գործող նախագահը երրորդ անգամ անընդմեջ չի կարող առաջադրվել, իսկ հերթական նախագահական ընտրություններից հետո նոր նախագահը հաստատ կցանկանա նվազագույնը հինգ տարի պաշտոնավարել, հետո եւս հինգ տարի: Այսինքն՝ հինգ-տասը տարի քաղաքական օրացույցից հանե՞նք: Այսօր կա քաղաքական կամք՝ լրջագույն փոփոխությունների գնալու, եւ դա պետք է հասկանալ, ոչ թե խռովկան երեխայի պես աղմկել, թե՝ ես քեզ հետ չեմ խաղում, ինչու չթողեցիր ես լարեմ նոր մեքենան: Քաղաքական փորձը նաեւ հասուն քաղաքական որոշումներ կայացնելու համար է, պետք չէ քամուն տալ:

Զրույցը վարեց
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930