Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում կլինի զեկույց՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»-ի վերաբերյալ

Սեպտեմբեր 29,2014 20:37

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի  թեմայով, այսօր դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41  կողմ  եւ 74 դեմ ձայնով։ 

Զեկույցը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»։

Նշենք, որ մեր պատվիրակությունը փորձում էր այս զեկույցի վերաբերյալ որոշումը կանխել: Եվ մասնավորապես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի նախապես նամակ է? ուղարկել ALDE խմբի անդամներին (թարգմանությունը iLur.am-ի)

«ALDE խմբի հարգելի անդամներ, ձեզ եմ գրում այս նամակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին հակասող եւ հայերի ու ադրբեջանցիների միջեւ առկա լարվածությունն ավելի խորացնող ԵԽԽՎ բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու հարցում միջամտելու խնդրանքով:

Այդ նպատակով կցանկանայի խնդրել ձեզ՝ սեպտեմբերի 27-ից ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց նախաձեռնելու՝ Բյուրոյի որոշման կապակցությամբ աջակցել հայաստանյան պատվիրակության դիրքորոշմանը, որը ներկայացվելու է Բյուրոյի՝ առաջընթացի զեկույցի ներկայացումից անմիջապես հետո:

Ես խնդրում եմ ձեզ դա անել հետեւյալ պատճառներով.

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահությամբ եւ ՄԱԿ-ի ԱԽ աջակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող ներկա բանակցությունները ուղղված են եղել համաժողովրդական հանրաքվեի հիման վրա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղում, այնպես, ինչպես որ դա արտացոլված է վերը նշված համանախագահ երկրների նախագահների՝ 2009-ին Լ’Աքվիլայում եւ 2010-ին Մուսկոկում արված հայտարարություններում: Ներկայացվող զեկույցում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս ներկայացնելը նշանակում է ամենազգայուն եւ վիճելի հարցի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ԵԽԽՎ դիրքորոշման կանխատեսում, ինչը հակասում է ընթացող բանակցային գործընթացի խաղաղության պլանի բուն էությանը:

ԼՂ հակամարտության կողմերի միջեւ հետագա խաղաղ պայմանագրի ցանկացած տարր քննարկելու համար միակ հարթակը պետք է լինի ՄԱԿ-ի աջակցությամբ Մինսկի խմբի բանակցային գործընթացը: Այլ միջազգային հարթակներում այդ տարրերի ցանկացած զուգահեռ քննարկում հակամարտության կողմերն օգտագործում են ապագա խաղաղ պայմանագրի տարրերը կանխորոշելու նպատակով: Դա միայն կխորացնի կողմերի միջեւ առկա լարվածությունը եւ կնվազեցնի Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում լուծումներ որոնելու հակվածությունը:
Միջազգային կազմակերպություններում տարվող լոբբինգի եւ քարոզչական պատերազմը խրախուսելու միջոցով բանակցային գործընթացը շրջանցելուն ուղղված ջանքերին պետք է դեմ հանդես գան բոլոր նրանք, ովքեր ԼՂ հիմնախնդրի արդար եւ խաղաղ կարգավորման կողմնակից են:

Լեռնային Ղարաբաղում կամ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում չկա «բռնություն» կամ «բռնության ահագնացում»: Բյուրոյի առաջարկը, ըստ ամենայնի, վերաբերում է հակամարտության կողմերի զինված ուժերի շփման գծի երկայնքով զինված հակամարտության սրացմանը: Ներկայացվող վերնագիրը խեղաթյուրում է այդ փաստը:

Շատ կարեւոր է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում գործել զգույշ եւ պատասխանատու եւ խուսափել ցանկացած այնպիսի քայլերից, որոնք չեն նպաստի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, եւ որոնք կարող են կործանարար լինել բանակցային գործընթացի համար:

Հենց այս պատճառներով էլ ես համագործակցություն եմ խնդրում: Հարգանքներով՝ Լեւոն Զուրաբյան՝ ALDE»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930