Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքայինի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է զորամասի հրամանատարության վրա

Հոկտեմբեր 10,2014 14:30 Share

Հրաձիգ, շարքային Սամվել Սահակյանին հուլիսի 3-ին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել՝ «պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության մեջ գտնվելով, զորամասի հրամանատարի կողմից նախապես հաստատված գրաֆիկի համաձայն, առանց հարգելի պատճառների ծառայության չներկայանալու համար»:
Սամվել Սահակյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:

2014 թվականի օգոստոսի 8-ին որոշում է կայացվել ամբաստանյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին:

Դատական քննություն, ըստ էության, չի եղել, քանի որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Սամվել Սահակյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Նա հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ եւ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները՝ մեղադրյալի եւ վկաների ցուցմունքները, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված զեկուցագրերը, հեռախոսագրերը, զորամասի հրամանատարի հրամանների քաղվածքները, տեղեկանքը, ծառայության նշանակվելու պայմանագիրը, ծառայության հաճախելու գրաֆիկը, ապացուցված է համարել, որ ամբաստանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքը, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Ապացուցված է համարվել, որ նա քսաներկու օր բացակայել է անհարգելի:

Դատավճիռը կայացնելու պահին ամբաստանյալ Ս. Սահակյանի խնամքին է գտնվել երկու տարեկան որդին՝ Աշոտ Սամվելի Սահակյանը:

Դատարանը հղում էր արել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը, համաձայն որի՝ «անձի նկատմամբ պատիժ նշանակելիս եւ այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաեւ այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա»:

Դատարանն այս դեպքի հետ կապված արձանագրել էր, որ գնահատման է արժանի այն հանգամանքը, որ ամբաստանյալը դատված չի եղել, նա առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, նրա խնամքին են գտնվում երկու տարեկան երեխան եւ կինը, հետեւաբար՝ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելը նրանց կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Գործի նյութերի համաձայն՝ ամբաստանյալը ծառայության ընթացքում երբեւէ կարգապահական տույժի չի ենթարկվել:

Դատարանը Սամվել Սահակյանին մեղավոր է ճանաչել եւ նշանակել պատիժ՝ կարգապահական գումարտակում պահելը 3 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

«Առավոտի» տեղեկություններով, այս գործով առկա է վերաքննիչ բողոք:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031