«Դեռեւս 2011 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել էր այս հարցին, եւ Հայաստանի Հանրապետությունը որոշեց գնալ այս ճանապարհով եւ ստեղծել կարգապահական հանձնաժողով»,- այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը:
Նա նշեց, որ նման հանձնաժողով գործում է ընդամենը մի քանի եվրոպական երկրներում: Կարգապահական համաժողովի հիմնական գործառույթը հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանի կողմից թույլ տված կարգապահական կոպիտ խախտումների գրանցումն է:
«Կարգապահական կանոնագրով ծառայողական քննություն նշանակվում է ոչ թե կարգապահական կոպիտ խախտումների համար, այլ հստակ օրենքով նշված են այդ բոլոր դեպքերը: Ծառայությանն քննություն չի նշանակվում կարգապահական կոպիտ խախտումներ կատարելու համար, ծառայողական քննություն նշանակվում է որեւէ դեպքի առթիվ: Ծառայողական քննության ընթացքում է որակում տրվում՝ դա կարգապահական կոպիտ խախտո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց պարոն Հակոբյանը:
Մերուժան Հակոբյանի խոսքերով՝ գրեթե բոլոր հավաքների ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր. «Վերջին անգամ, երբ «Քաղաքացիական հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը մեզ դիմել է՝ կապված Սարյան փողոցում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ հավաքի հետ, որի կապակցությամբ Երեւան քաղաքի շտաբում կատարվում էր ծառայողական քննություն, սակայն ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ այդ կապակցությամբ: Գործող օրենսդրությանը համաձայն՝ մենք պարտավոր էինք կասեցնել ծառայողական քննության ընթացքը: Այս պահին դեռեւս ընթանում է նախաքննություն, եւ այդ ծառայողական քննությունը վերսկսման հիմք մենք չունենք: Սպասենք ՀՔԾ-ն ավարտի նախաքննությունը եւ ըստ այդմ կորոշենք՝ ինչ անել»:
Կարդացեք նաև
«Քաղաքացիական հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը նշեց, որ բացի վերոնշյալ դեպքից իրենք ներկայացրել են մի շարք դեպքեր, որոնց Վարչական դատարանը որակել է, որ ոստիկանությունը խախտել է քաղաքացիների սահմանադրական իրավունքները. «Սահմանադրական իրավունքի խախտումը համարվում է կոպիտ կարգապահական խախտում ոստիկանների համար: Այդ գործերից որեւէ մեկով ծառայողական քննություն չի իրականացվել եւ ժողովի ընթացքում նույնիսկ չխոստացան, որ այդպիսի վարույթ կհարուցվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի


















































