Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ պետք է կույր լինի, որ չտեսնի փոքր կենտրոնի բարձրահարկ շենքերի անիմաստությունը». նկարիչ

Հոկտեմբեր 10,2014 21:13

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց Էրեբունի քաղաքի հիմնադրման 2796-ամյակին նվիրված «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում հայ դասականների (Վարդգես Սուրենյանց, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Հովհաննես Տեր-Թադևոսյան, Հակոբ Հակոբյան, Սեդրակ Առաքելյան, Էդուարդ Իսաբեկյան և ուրիշներ) կողքին ներկայացված են նաև երիտասարդ նկարիչներ:

2014-10-10-16.52

«Յուրաքանչյուր ցուցահանդես իր նպատակը, առանցքն ու հիմնախնդիրներն ունի,- ասում է արվեստաբան Մարինե Հակոբյանը,- այս ցուցահանդեսն այդ առումով բավականին տարողունակ ու հարուստ է: Ընդգրկված են նկարիչների մի քանի սերունդներ (19-21-րդ դդ.), և հենց դրանում է ցուցահանդեսի գրավչությունն ու կարևորությունը:

Վաղուց կողք կողքի չեն ներկայացվել մեր դասականներն ու մերօրյա, ժամանակակից նկարիչները: էքսպոզիցիան ներկայացնում է հին ու նոր քաղաքը հին ու նոր վարպետների աչքերով, պատկերում է երևանյան հին թաղամասերի, նեղլիկ փողոցների, հողաշեն տների և նորօրյա, ժամանակակից քաղաքի կոլորիտն ու կոնտրաստը: Ցուցահանդեսն ասես համաշխարհային ճանաչում ձեռք բերած վարպետների և միջին ու երիտասարդ սերնդի նկարիչների ունիկալ տեսողության, ընկալման ու վերարտադրման խտացում լինի և պատմական յուրօրինակ ամփոփում»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, որը, շնորհակալություն հայտնելով Երևանի ծննդյան առթիվ կազմակերպված ցուցահանդեսի համար, ասաց. «Ուզում եմ, որ մենք մեր ստեղծագործություններում կարողանանք նկատել գեղեցիկը, ինչը կա Երևանում: Շատ լավ խորագիր է ընտրված. հինը վերարժևորելով՝ կառուցենք նորը, որին, անշուշտ, պիտի մասնակցություն ունենա նաև մեր ժամանակի արվեստագետը»:

Նկարիչ Գագիկ Սիրավյանն Aravot.am-ի հետ զրույցում շատ լավ գաղափար համարեց տարբեր սերունդների գործերի համատեղ ցուցադրությունը. «Հետաքրքիր է տեսնելը՝ ինչպես են տարբեր սերունդներ տեսել Երևանը: Եթե քեզ հուզում է տվյալ թեման, բնականաբար, նաև հետաքրքրում է, թե մեկ ուրիշ նկարիչ ինչպես է մոտենում դրան: Ընդհանրապես, պատմական, ճարտարապետական, կրթական և այլ առումներով այս ցուցահանդեսը շատ հետաքրքիր է ու գովելի»,- ասաց նկարիչը:

Պատասխանելով մեր հարցին, թե, որպես հին Երևանն ինչ-որ չափով տեսած ու նոր Երևանում ապրող մարդ, ինչպե՞ս է գնահատում հնից նորին անցումը, մեր զրուցակիցն ասաց. «Ես այնքան էլ հին Երևանը չեմ տեսել, ինչպես հայրիկս (նկարիչ Հենրիկ Սիրավը), բայց այն շենքերը, տները, որ պատկերված են թեկուզ հայրիկիս նկարներում (Կոնդը, Ամիրյան փողոցի հին տները), ցավոք, չկան հիմա: Կոպիտ է հնչում «ոչնչացնել» բառը, բայց, փաստորեն, հին Երևանը ոչնչացվում է: Մարդ պետք է կույր լինի, որ չտեսնի փոքր կենտրոնի՝ գրեթե իրար կպած բազմաթիվ բարձրահարկ շենքերի անիմաստությունը: Անտանելի է»:

Aravot.am-ը զրուցեց նաև երիտասարդ նկարիչ Արթուր Հովհաննիսյանի հետ, որն իր ուրախությունն արտահայտեց դասականների հետ համատեղ ցուցադրության առթիվ. «Երբ ես իմացա, որ ցուցադրվելու եմ այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Վ. Սուրենյանցը, Ա. Բաժբեուկ-Մելիքյանը, Է. Իսաբեկյանը և ուրիշներ, իհարկե, մեծ ոգևորություն ապրեցի, որովհետև, փաստորեն, դասականներից գալիս-հասնում ենք մինչև ժամանակակից հեղինակներ, և ինձ՝ որպես երիտասարդ հեղինակի, դա չի կարող չոգևորել ու, միաժամանակ, պատասխանատվության մեծ զգացում չառաջացնել»,- ասաց մեր զրուցակիցը և անդրադառնալով հին-նոր փոխհարաբերությանը՝ ընդգծեց. «Բոլորս էլ տեսնում ենք այն մեծ փոփոխությունները, որոնք կատարվել են Երևանում: Այնպես չէ, որ այդպիսի փոփոխություններ միայն մեր քաղաքում են կատարվում: Կարծում եմ՝ դա բնական երևույթ է՝ նոր շինություններ, առաջընթաց և այլն, բայց երբեք չի կարելի մոռանալ անցյալը. նախկին շինությունները պետք է անպայման պահպանել և անգամ մի փոքր մասնիկ չկորցնել դրանցից: Այստեղ կարևորը հինն ու նորը հնարավորինս ներդաշնակ ներկայացնել կարողանալն է»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031