«Հնարավոր է, որ Հայաստանն ու ԵՄ-ն ապագայում նոր համաձայնագիր ստորագրեն»,-Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է մոտ ապագայում ՀՀ-ի և Եվրամիության միջև համագործակցության նոր համաձայնագիր ստորագրվի, որը կներառի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ավարտից հետո: Մեր հստակեցմանը, ե՞րբ տեղի կունենա այդ ստորագրումը, պարոն Հրիսթեան պատասխանեց. «Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ բանակցություններն ավարտվեն»:
Մեր այն հարցին` ի՞նչ էր ակնարկում դեսպանը` Հայաստանին հորդորելով ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միության գործընթացները, արդյոք խոչընդոտներ ու մարտահրավերնե՞ր է տեսնում, Տրայան Հրիսթեան պատասխանեց. «Եվրամիությունը չի բացառում, որ Հայաստանի հետ նոր համաձայնագիր կստորագրի մոտ ապագայում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության առջև ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները: Սկսվում է համագործակցության նոր փուլ: Որևէ մարտահրավեր չկա: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը ՀՀ-ի ինքնիշխան որոշումն է և մենք դա հարգում ենք: Պարզապես պետք է հասկանանք, թե որոնք են այն ոլորտները, որոնց շուրջ հնարավոր կլինի երկկողմանի համագործակցություն ծավալել` հիշելով, որ դա չպետք է հակասի Հայաստանի որոշմանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































