Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «ՀՀԿ-ի համար անընդունելի է, որ պատվերով հայրենասիրություն են խաղում»

Նոյեմբեր 15,2014 16:26

Գագիկ Մելիքյանը հորդորում է ընդդիմադիր ուժերին, որ իրենք պահանջեն Ադրբեջանին առաջինը ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը

«Ազգային ժողովում շաբաթը հագեցած էր»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ ԱԺ-ում քննարկել են պատգամավոր  Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» նախագիծը. «Հարցը բազմիցս արծարծվել է, Հանրապետականը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը: Ժառանգություն խմբակցությունը նույն ձեւով փորձում է հարցը շահարկել: Մեզ համար անընդունելի է այն փաստը, որ պատվերով հայրենասիրություն են խաղում, մենք չենք ընդունում հարցի քննարկումը այս պարագայում, քանի որ դա ժամանակավրեպ է եւ որեւէ առավելություն կողմերին դա չի բերի՝ բացի հակասությունների ավելացումից»:

Նա հավելեց, որ ժամանակին ինքնորոշված տարբեր պետություններ այսօր բավականին մեծ ակտիվությամբ իրենց ներքին եւ արտաքին քաղաքականությունն են իրականացնում, նույնիսկ առանց ճանաչվածության, օրինակ՝ Իսրայելը արաբական երկրների կողմից չի ճանաչվել, Վատիկանը չի ճանաչել Չինաստանին, Պակիստանը՝ Հայաստանին, իսկ Հյուսիսային Կիպրոսը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից. «Ի՞նչ է փոխվել դրանից, որ Լեռնային Ղարաբաղը այս պահին ճանաչված չի: Իրեն անկախ, ազատ հռչակած Լեռնային Ղարաբաղը այսօր լուրջ քաղաքական եւ տնտեսական գործունեություն է իրականացնում, տարբեր միջազգային կառույցների կողմից արդեն ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հինգ նահանգների կողմից ճանաչվել է ինքնորոշումը: Կարծում եմ՝ այս գործընթացը կշարունակվի եւ մեզ համար ձեռնտու է, եւ կհորդորեմ մեր ընդդիմադիր գործընկերներին եւս, որ իրենք հարցն անընդհատ շահարկելու փոխարեն՝ պահանջեն Ադրբեջանին առաջինը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը: Ես դա կհամարեմ հայրենասիրություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930