Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետը տեղյակ չէ, որ իրեն մեղադրանք են առաջադրել

Նոյեմբեր 29,2014 13:41

Օրերս ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ   Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (յոթ դրվագ) և 310 հոդվածով:  Գորիսի քաղաքապետը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ տեղյակ չէ իրեն առաջադրված մեղադրանքից: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` նշելով, որ առողջական խնդիրներ ունի, այժմ բուժում է ստանում եւ հարցազրույց տալ չի կարող:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտ ամսին մեզ տված հարցազրույցում Գորիսի քաղաքապետը նշել էր, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում եւ իրեն մեղավոր չի համարում. «Փաստաթղթերը գտնվում են նրանց մոտ, կքննեն, զննեն, անալիզներ կանեն, դա իրենց գործն է եւ իրենք էլ լավ անելու են: Աստծուն փառք, եթե ես մեղք ունեմ, թող ինձ պատժեն: Անշուշտ, ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, ես ինձ մեղավոր չեմ համարում»,- ասել էր Նելսոն Ոսկանյանը: Իսկ 2013թ.-ի հոկտեմբերին Նելսոն Ոսկանյանը մեզ հետ ունեցած զրույցում նշել էր , որ  ցանկացած կազմակերպություն  կարող էր դիմել, հայտարարությունը բաց էր բոլորի համար, ոչ մեկի առաջ արգելք չի դրվել:

«Հարգելիս, եթե Գորիսում միակ ասֆալտ անող կազմակերպությունը «Գորեր» ՍՊԸ-ն  է, ուրիշ ասֆալտ անող չկա, ես էդ կազմակերպությանը չտա՞մ: Հայտարարությունները տեղադրված են gnumner.am կայքում, բոլորն իրավունք ունեն մասնակցելու: Էլի կան կազմակերպություններ, բայց չեն ուզում դիմեն, գումարը քիչ է դրա համար, թող գան դիմեն, ո՞վ է իրենց խանգարում, թող գան դիմեն, ո՞վ չի ուզում մասնակցեն: Այ, էդ ձեւի մանրակրկիտ բաների հետեւից ընկնելն ինձ համար ծիծաղելի է», -պարզաբանել էր պարոն Ոսկանյանը:

Հղում անելով Գորիսում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հ/կ-ին` «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» հրապարակմամբ`  նշել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն:

Համաձայն gnumner.am կայքի` 2011-2013թթ. հայտարարված մրցույթներում առավել շատ շահել էր  «Գորեր» ՍՊԸ-ն եւ իրավունք ստացել Գորիսում միլիոնների արժողությամբ տարբեր շինարարական աշխատանքներ իրականացնել` Գորիսի մի շարք փողոցների մայթերի հիմնանորոգում, Գորիս քաղաքի Գ. Տաթեւացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգում,  լուսավորության, ոռոգում, ջրավազանի շատրվանի հիմնանորոգում,  Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների նորոգում եւ այլն:
Սյունիքի մարզի դատախազությունը հանձնարարել էր տվյալ թեմաներով  «Aravot.am»-ում եւ Asekose.am-ում հրապարակված համապատասխան հոդվածների   («Aravot.am» կայքի «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» և «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է». «Asekose.am» կայքի «Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ») հիման վրա  նյութեր նախապատրաստել, որի արդյունքում  քրեական գործ էր հարուցվել:

Ինչպես տեղեկանում ենք արդարադատության նախարարության հաղորդագրությունից` նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով: «Նելսոն Ոսկանյանը շահույթ ստանալու նպատակով հիմնադրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը ևս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանի հարազատները: Ի դեպ, հենց այդ ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր,  որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքի շահերին պատճառվել է էական գույքային վնաս»:
Մերի  Սողոմոնյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930