Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյան. «Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն». «Հայոց աշխարհ»

Հունվար 17,2015 10:54

 «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
 

-Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիում ստեղծված իրավիճակը. համաձա՞յն եք, որ եթե մեր իրավապահներն «իրենց տեղում» լինեին, բանը չէր հասնի ոստիկանության հետ բախումների։ 
-Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն, մարդիկ հուզված են, ցավում են կատարվածի համար, եւ դա հասկանալի է։ Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, եւս մեկ անգամ ցույց տվեց՝ Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որի նպատակը մեկն է՝ հնարավոր ու անհնար միջոցներով փչացնել հարաբերությունները մեր եւ, ըստ էության, մեր միակ դաշնակցի՝ Ռուսաստանի միջեւ։
Եվ ովքե՞ր են բողոքի ցույցերի հիմնական դերակատարները՝ նույն «դեմքերը», որ Ռուսաստանի հետ կապված ցանկացած մեծ կամ փոքր իրադարձություն դարձնում են հայ-ռուսական հարաբերությունների հարց՝ ազգամիջյան խնդիր, եւ փորձում դրա շուրջ հակառուսական հիստերիայի ալիք բարձրացնել։
Դեպքի հանգամանքները, քրեական հանցագործության շարժառիթները դեռեւս չեն պարզաբանվել, պարզ չէ՝ մարդասպանն ինչ առնչություն է ունեցել այդ ընտանիքի անդամների հետ, պատահաբա՞ր է մտել Ավետիսյանների տուն, մենա՞կ է գործել, թե՞ ունեցել է աջակիցներ նույն ռազմակայանի տարածքում, ստուգված չէ հանցագործի առնչությունը համաշխարհային աղանդավորության հետ, որ սերտ կապերով կապված է որոշ երկրների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ։
Երկրորդ՝ կա՛մ այդ ստահակը հոգեկան հիվանդ է եղել, կա՛մ թմրամոլ, կա՛մ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ անձնական վրեժխնդրության խնդիր է ունեցել, կա՛մ այս ամենը շատ հեռուն գնացող քաղաքական սադրանք էր։ Բազմաթիվ հարցադրումներ կան, որոնց պատասխանը պետք է տա նախաքննությունը։
Ուրիշ բան, որ մեր 5-րդ շարասյան «ակտիվիստները» չխորշեցին նույնիսկ այս արյունալի ողբերգությունը ծառայեցնել իրենց հովանավորների քաղաքական նպատակներին. անմիջապես վազեցին Գյումրի՝ սադրելու ժողովրդին եւ դրդելու չկշռադատված գործողությունների։
Այդ մարդկանց մենք ճանաչում ենք՝ նրանց մեջ կան «պրոֆեսիոնալներ», որոնք ժամանակին «Մարտի 1» են սարքել, գիտեն սադրանքի մեթոդաբանությունը, ի վերջո՝ ուսուցում են անցել ԱՄՆ-ում ամիսներ շարունակ։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Tigran says:

    Սրա նմաններին որ լսես,Հայաստանում ազգային արժանապատվությունից խոսող ցանկացած անձ ներկայացնում է 5-րդ շարասյունը և կատարում է պետդեպի պատվերը,իսկ իրենք հայրենասիրության նմուշներ են…Կայքերից մեկում սրանց դիպուկ անվանում են տվել-ռուսուլմաններ,որոնք նույնիսկ վերջին հանգրվանում չեն կարող հայ հայրենասեր լինել…

  2. Ընթերցող says:

    “Երկրորդ՝ կա՛մ այդ ստահակը հոգեկան հիվանդ է եղել, կա՛մ թմրամոլ, կա՛մ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ անձնական վրեժխնդրության խնդիր է ունեցել, կա՛մ այս ամենը շատ հեռուն գնացող քաղաքական սադրանք էր։”
    Երնեկ քեզ: Պարզ չի, որ գոնե մի պատճառ ոնց էլ ասես կլինի: Դա չի նշանակում, որ մարդիկ պետք ա սուս փուս նստեն, թե չե “5-րդ շարասյուն են, կամ գիժ գիժ խոսում են, կամ մտածված են խոսում բայց խաբվել են, կամ էլ եդ սաղ սադրանք ա”, որևէ բան բաց թողեցի:

  3. Silva says:

    Պարոն Բաբուխանյան եթե Ձեր միակ դաշնակիցն է ուրեմն պետք է երեխաներ գնդակահարեն, այն էլ քնած ժամանակ, այդ դեպքում ինչ տարբերությոն կա ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի և Ձեր միակ դաշնակցի ներկայացուցչի միջև, թե նրանց կարելի է: Եթե նորմալ երկիր լինեինք մեր հետ էլ հաշվի կնստեին:

  4. Hakob N. says:

    Ինչո՞ւ Մոսկվան սկսեց ներողություն խնդրել հայերից, կամ` երբ ստանում են արժանի հակահարված` նահանջում են
    Հուն 17, 2015 Չի մեկնաբանվել Հայելի Գյումրիի սարսափելի սպանության առաջին իսկ ժամերից զգացվեց, որ ռուսական պետական եւ «անկախ» ԶԼՄ-ները, որոնց ոչ մի կերպ ազատ գործող չես համարի, վարում էին բավական ցինիկ քաղաքականություն` նախ սպանության փաստի լուսաբանման առումով, այն արհամարհելով, կամ նշանակություն չտալով, ապա նաեւ Գումրիիում սկիզբ առած բողոքի ակցիաներին անդրադառնալիս:

    Ռուսական մեդիայի պահվածքն անմիջապես հիշեցրեց խորհրդային տարիները, երբ Հայաստանում ինչ-որ բան դուր չէր գալիս Մոսկվային, սկսում էին հակահայկական քարոզչություն իրականացնել: Թե ինչպես էր իրեն պահում խորհրդային քարոզչությունը ղարաբաղյան շարժման սկզբում` դա էլ հիշեցնելու կարիք չկա:

    Մալախովյան կենցաղային մակարդակի հաղորդումներով հայերին` մրոտելու մղումներով, ռուսական պարբերականների հակահայկական հրապարակումներով Մոսկվան սկզբում վարեց ավանդական լկտի, կայսերապաշտական քաղաքականություն, սակայն քիչ անց, երբ պարզ դարձավ, որ գյումրեցիները ոտքի են կանգնել եւ արդարացիորեն պահանջում են մարդասպանին հանձնել հայ իրավապահներին, ապա նաեւ գիտակցեցին, որ իրենց իսկ պահվածքն է առավելապես հակառուսական տրամադրությունները մեծացնում Հայաստանում ու կրքեր բորբոքում` արդեն նահանջեցին:

    Երեկվանից որոշակի փոփոխություն նկատվեց ռուսական մեդիադաշտում, նրանք սկսեցին ավելի մեղմ, իրավիճակին համարժեք հրապարակումներով հանդես գալ:

    «Մինչ ռուսաստանյան առաջադեմ հանրությունը ջերմեռանդ կերպով հետեւում է տարադրամի փոխարժեքի աճին եւ խորհում «Շառլի Էբդո»-ի ծաղրանկարների շուրջ, Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որը պետք է արժանանար ռուսաստանցիների ուշադրությանը։ Ռուսական պաշտոնական լրատվամիջոցներն էլ հնարավոր է հենց այդ պատճառով են լռում»,- գրում է ռուսաստանյան հեղինակավոր ՍԼՈՆ պարբերականը։ Պարբերականը շարունակում է. «Սահմռկեցուցիչ հանցագործությունը ցնցել է Հայաստանը։ Բոլորը խոսում են կասկածյալի ազգային պատկանելության մասին։ Իհարկե, այստեղ գիտեն «հանցագործությունը ազգություն չունի» արտահայտությունը, սակայն չեն մոռացել նաեւ հայ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտոպատահարը, թե ինչպես նրան դատարան բերեցին կանացի խալաթ հագցրած։ Այն ժամանակ ռուսական բոլոր լրատվամիջոցների վերնագրերը աչքի էին ընկնում «հայ վարորդը», «հայ մարդասպանը» բառակապակցություններով։ Եվ ի՞նչ ենք մենք տեսնում այժմ. ռուսաստանցի զինվորը, լքելով պահակակետը, կատարել է սահմռկեցուցիչ հանցագործություն է գործել եւ կրկին վերադարձել զորամաս»։ Այս ողբերգության շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները ոչ թե դաշնակցային են, այլ գաղութատիրական, նկատում է ռուսաստանյան պարբերականը։

    Մեկ այլ ռուսական՝ «Վզգլյադ» թերթը ծավալուն հոդվածում գրում է, որ Ռուսաստանը պարտավոր է խիստ հետեւություններ անել ողբերգությունից։ «Գյումրիում ընտանիքի գնդակահարությունը ակնառու կերպով ցույց է տալիս, թե որքան փխրուն են եւ միաժամանակ որքան կարեւոր Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում»։ Ռուսական թերթը նշում է, որ ակտիվիստների համոզմամբ՝ Հայաստանի դիրքորոշումը վկայում է Սերժ Սարգսյանի թուլության եւ Մոսկվայի առաջ նվաստանալու մասին։

    «Ներիր, Հայաստան» վերնագրի ներքո ռուսական «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը գրել էր.- «Պերմյակովին քննության ու դատի համար Հայաստանին հանձնելը, կարծում եմ, քիչ է: Հայաստան պետք է մեկնեն ու ներողություն խնդրեն աստիճանով ավելի բարձր մարդիկ, քան պաշտպանության նախարարի տեղակալը, մանավանդ, որ նա լիազորված չէ դա անել երկրի անունից: Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն թե՛ Հայաստանի նախագահի, թե՛ մարդկանց հետ: Բառեր գտնեն: Ու ոչ միայն: Դեպի դեսպանատուն մարդիկ պետք է գնան ու գնան, եւ վերջապես դեսպանատան առջեւ պետք է անհամար ծաղիկներ ու վառվեն մոմեր։ Սա արդեն ոչ թե պետությանը, այլ մեզ բոլորիս է ուղղված: Ահա այդ դեպքում մենք կդադարենք կորցնել ընկերների, մարդկանց ու պետություններ: Ու ես այդ ժամանակ կտեսնեմ, որ իմ Ռուսաստանն իսկապես մեծ կայսրություն է»,- գրում է հոդվածի հեղինակ Սերգեյ Գապոնովը։

    Հեղինակը շարունակում էր, որ շատ անարդարացի բան է ստացվում: Երբ Փարիզում ահաբեկիչները 12 հոգու սպանեցին, մարդիկ գնացին Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, նրանք անկեղծորեն ցավակցում էին զոհվածների ընտանիքներին, նրանց անընդհատ ցույց էին տալիս հեռուստատեսությամբ: Իսկ այս դեպքում. կարծես ոչ ոք չգիտի Գյումրու մասին», – գրում է Գոպնովը՝ հարցադրելով, թե գուցե պատճառն այն է, որ մահացածները հայեր են, ոչ թե ֆրանսիացիներ, «Կամ գուցե, որքան էլ դաժան հնչի, մահացածների թի՞վն այն չէ՝ վեց հոգին է քիչ: Կամ էլ խնդիրն ա՞յլ է: Այն, որ մարդկանց են սպանել ոչ թե միջազգային ահաբեկիչները, որոնց դեմ համաշխարհային պայքար է ընթանում, այլ ինչ-որ 18 տարեկան տականք»:

    Գոպնովը գրում է, որ եթե Պերմյակովին փոխանցեն հայ իրավապահներին, այն ոչ մի վայրկյան չի արտահայտի Ռուսաստանի թուլությունը, այլ՝ ընդհակառակը. «Կասկած չունեմ, որ կհայտնվեն մարդիկ, որոնք Ամերիկան մեջտեղ կբերեն, ինչպես հիմա շատ ընդունված է մեզ մոտ՝ թե Աֆղանստանում կամ Իրաքում խաղաղ քաղաքացիներին սպանած ամերիկացի զինվորականներին ԱՄՆ-ում են դատում, ուրեմն մենք էլ մերոնց չպետք է հանձնենք», – շարունակում է հոդվածագիրը, – «Իսկ ես կարծում եմ, որ այդպիսի «մերոնց» կարելի է հենց հանձնել: Ու նույնիսկ պետք է: Մանավանդ, եթե խոսքը եղբայրական ժողովրդի եւ դաշնակից պետության մասին է, որովհետեւ եթե այդպես չանենք, ապա Ռուսաստանը կարող է կորցնել ոչ թե անմարդկային մարդասպանին, այլ իր մերձավոր երկրին»: Վերջում հոդվածագիրը եզրափակում է. «Իսկ այժմ, ես ներողություն եմ խնդրում հայերից: Եղբայրնե՛ր, ներեցեք ինձ»:

    Ինչ կարելի է եզրակացնել երեկ ռուսական մամուլի պահվածքի շեշտակի փոփոխությունից` ռուսական կողմը, երբ ստանում է արժանի հակահարված` նահանջում է: Մնում է մեր իշխանությունները եւս, երբեմն, ամենատարբեր հարցերում իրենց դրսեւորեն մեր պետության շահերին համահունչ եւ պաշտպանեն մեր երկրի շահերը, ոչ թե վախվորած լռեն` ամենատարբեր հարցերի, խնդիրների պարագայում:

    Թամար Բագրատունի

    Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս մարդուն լուրջ ընդունող կա՞: Հայկ Բաբուխանով: Աշխատավարձը ռուբլո՞վ է ստանում:

  6. Ashot says:

    Hakob N.

    Էս նշվածները (կավելացնեի նաև Նեմցովին և այլոց) Ռուսաստանի 5-րդ շարասյունն են. իսկ ավելի լուրջ սրանց նմանների կարծիքով աշխարում կան մենակ րուսներ և թուրքեր. եթե առաջինները չլինեն երկրորդները մեզ կուտեն.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031