Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետեւ ժողովրդին փողոց դուրս բերո՛ղը չկա. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 21,2015 11:54

Արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանը գտնվում է միանգամայն այլ իրավիճակում։ Ամեն ինչ փոխվել է, ընդ որում՝ փոխվել է կտրուկ, եւ դեպի վատը։ Օրինակ՝ մեկ֊ երկու կամ հինգ-տասը տարի առաջ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներ էին լինում, իսկ հիմա հայկական դիրքերը գնդակոծում են խոշոր տրամաչափի զինատեսակներով եւ օրական մի քանի անգամ դիվերսիոն ներթափանցման փորձեր են անում, իսկ դա արդեն ոչ թե «լարվածության աճ» է, այլ փաստացի պատերազմ։

Տնտեսական վիճակն էլ բառիս բուն իմաստով աղետալի է՝ նավթի համաշխարհային գներն իջնում են, Ռուսաստանում 3-4 տոկոսանոց տնտեսական անկում է սպասվում, եւ հասկանալի է, որ դա խիստ բացասական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, ընդ որում՝ այս վիճակը պահպանվելու է առնվազն 2-3 տարի։ Ռուսաստանում աշխատող միգրանտների թիվն արդեն իսկ նվազել է մոտ 700 հազարով, եւ հասկանալի է, որ «կրճատվածների» 7-8 տոկոսը (50-55 հազարը) հայեր են, ինչն էլ նշանակում է, որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազելու է առնվազն 200-250 միլիոն դոլարով (իսկ դա Հայաստանի բյուջեի 20 տոկոսն է):

Իբր այս ամենը քիչ է՝ փոխվել է նաեւ Հայաստանի պաշտոնական կարգավիճակը։ Մի քանի տարի առաջ մենք Մեծ ութնյակի անդամ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն էինք, հիմա՝ Մեծ յոթնյակի սանկցիաների տակ գտնվող Ռուսաստանի տնտեսական կցորդը։

Մի խոսքով՝ իրավիճակը կտրուկ փոխվել է, բայց Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում փոխել իրենց «ավանդական» կենսակերպը։ Էլի ամեն մեկն իր բիզնեսներով է զբաղվում, ընտրություն-բան են կեղծում, բյուջեից ինչ-որ բան են թռցնում, կոռուպցիայի դեմ պայքարի մասին ճառեր են ասում, հարսանիքների ժամանակ իրար կենաց են խմում եւ այլն։ Ու նաեւ պարծենում են՝ «տեսեք, Հայաստանում իշխանափոխության պահանջ չկա, ժողովուրդը դուրս չի գալիս փողոց»։ Բայց իրականում դա իշխանափոխության պահանջի հետ կապ չունի, ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետեւ ժողովրդին փողոց դուրս բերո՛ղը չկա: Իսկ թե ինչու չկա՝ հասկանալի է։ Որովհետեւ իշխանափոխություն իրականացնելն այլ բան է, իշխանափոխությունից հետո երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը՝ բոլորովին այլ բան:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031