Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովին ՀՀ-ում պատժելու ստորագրահավաքին Շիրակի մարզի պաշտոնյաներից միացել է միայն Միքայել Սրբազանը (Տեսանյութ)

Փետրվար 03,2015 16:03

Ինչպես տեղեկացրել ենք, երկու շաբաթ առաջ գյումրեցի ակտիվիստները Ավետիսյանների սպանդը հայ իրավապահների բացահայտմանը հանձնելու պահանջով սկսել էին ստորագրահավաք-պահանջագիր ուղղված` երկրի նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջիններս պահանջում են անմեղ ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ արդարադատությանը, ինչպես նաև Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում ծառայության վերցնել որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողների:

Այսօր ակտիվիստ Արմեն Ներսիսյանը դարձյալ մամուլի ասուլիս էր հրավիրել` ստորագրահավաքի ընթացքի ու հետագա անելիքների մասին խոսելու: Վերջինս ասաց, որ ստորագրահավաքի ընթացքում մեկ անգամ ևս համոզվել են, որ Գյումրին հոգեբանական սարսափելի ցնցումից դեռ դուրս չի եկել: «Էդ սարսափելի հոգեվիճակից դուրս գալը կլինի չափից դուրս դժվար և երկարատև գործընթաց: Համենայնդեպս դա է փաստում մեր կամավորների կողմից քաղաքացիների մոտ արձանագրած տրամադրությունները: Վիճակը ծանր է:Ստորագրահավաքի կազմակերպման համար մեր նախաձեռնող խումբը ընտրեց անաղմուկ, բայց միևնույն ժամանակ ամենադժվար տարբերակը: Պատճառը մեկն է. խնդիրն այնքան զգայուն է, որ մենք փորձել ենք ավելորդություններ թույլ չտալ, խուսափել ցանկացած ավելորդությունից», -ասաց Արմեն Ներսիսյանը:

Բանախոսը նշեց, որ սովորական քաղաքացիները գալիս, ստորագրում են պահանջի տակ, սակայն այլ է վիճակը կապված պաշտոնյաների հետ: «Չինովնիկների կտրվածքով որևէ արձագանք չկա, պահանջագիր-ստորագրահավաքին առաջիններից մեկը միացել է Սրբազանը: Միացել են կազմակերպությունների, օրինակ` միացել է «Շիրակի ֆանատ» խումբը, «Սև հովազները», որոնք բավականին ակտիվ աշխատանք են տանում: Գյումրու ավագանու անդամներ են աշխատում, ակտիվիստներ, օրինակ` Կարեն Պետրոսյանն իր թիմով»:

10 օրվա ընթացքում մոտ 8000 ստորագրություն է հավաքվել: Բանախոսը, մեկ անգամ ևս շեշտելով, որ գյումրեցիները շարունակում են պահանջատեր մնալ` զգուշացրեց, որ իրենք անհատական կոչերով դիմելու են քաղաքի ու մարզի պաշտոնատար անձանց` մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներին, այդ թվում նաև ոստիկաններին, և եթե վերջիններս հրաժարվեն միանալ իրենց պահանջին, ապա ակտիվիստները կհնչեցնեն իրենց գնահատականները:

Վերջինս նաև ասաց, որ ստորագրահավաքը շարունակելու են մինչև Ավետիսյանների քառասունքը: Արմեն Ներսիսյանը չի բացառում, որ երկու շաբաթ հետո, արդյունքները ամփոփելուց հետո իրենք նորից դուրս գան երթի, բողոքի ակցիաների:

Լրագրողները հիշեցնելով, որ այսօր արդեն իսկ խոսք կա Պերմյակովի գործը ռուսական ռազմական դատարանում քննելու մասին, հարցրեցին` ուշացած չի՞ լինելու ստորագրահավաքը: «Համաձայն եմ, գուցե, բայց մեկ խնդիր կա: Ըստ ՀՀ Սահմանադրության, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եթե ժողովուրդը ստորագրությունների միջոցով իր կամքն է արտահայտում այս հարցի շուրջ, ապա ցանկացած իշխանություն պարտավոր է կատարել ինչ պրոցեսով էլ գնացած լինի: Մեր գործընթացի տրամաբանությունն այս է: Ես չեմ կարծում, որ այլ տարբերակ կա, եթե ժողովուրդը իր կամքը նույնիսկ իրավաբանական ձևակերպումով ֆիքսում է: Բայց նորից եմ կրկնում, սա չի նշանակում, թե մենք լուռ, նստելու ենք սպասելու ենք մինչև քառասունք: Լինելով խաղաղ ու հանդարտ, չի նշանակում, որ մենք վաղը փողոց դուրս չենք գա»:

Ըստ բանախոսի, Պերմյակովին ռուսական ռազմական դատարանում դատելու մասին մեր իշխանությունները պետք է բարի լինեն պաշտոնապես ներկայացնեն, այլ ոչ թե ժողովուրդը տեղեկանա ռուսական աղբյուրներից կամ տարբեր զրուցակիցներից: «Եթե իշխանությունները կկանգնեն ու կասեն` վերջ, ռուսական օրենսդրության վրա է, արդեն գյումրեցիները կորոշեն իրենց անելիքը: Գյումրեցիները ոչ մեկից էլ չեն վախենում: Եվ եթե այսօր ոստիկանություն են տանում նրանց հարցաքննման, եթե ռեպրեսիաներ սկսեցին ակտիվիստների նկատմամբ, ավելի է գրգռելու, ավելի է լարելու իրավիճակը: Ցավի մեջ անզորություն զգալը առաջացնում է ցասում, իսկ ցասումը զսպելը դժվար է»,- ասում է Արմեն Ներսիսյանը:

Մեր դիտարկմանը` եթե Պերմյակովին ռուսական ռազմական դատարանում դատելու տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, հնարավո՞ր է պահանջագրի մեջ ավելանա նաև Վլադիմիր Պուտինի անունը, գյումրեցիները վերջինից պահանջեն հեռու մնալ Ավետիսյանների գործից, Պերմյակովին հանձնել ՀՀ արդարադատությանը, մեր զրուցակցին ասաց. «Եթե ինքներս մեզ չենք հարգում, ոչ մեկը չի հարգելու: Խնդիրը լուծվելու է մեր իշխանությունների պահանջով: Իսկ թե ինչ կմտածեն ռուսական իշխանությունները, դա իրենց գործն է, մեր իշխանությունները պետք է քայլեր կատարեն, և մեր պահանջը միայն նրանց է ուղղված»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նախ՝ ընդհանրապես վե՛րջ պիտի տալ նամակներ գրել Ռուսաստանի որևի պաշտոնյայի: Հայաստանը (գոնե de jure) անկա՛խ երկիր է. ուստի ԲՈԼՈՐ հարցերով պիտի դիմել միայն ՀՀ համապատասխան մարմիններին ու իրենցից պահանջել այս կամ այն:

    Երկրորդ՝ ամո՛թ այդ չստորագրած բոլոր հայ պաշտոնյաներին: Օր ու գիշեր հոխորտում են Ադրբեջանի ու «խելագար» Ալիևի դեմ. դա իրենց համար ապահով է: Բայց «բարեկամ» ռուսի դեմ ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆ (իրե՛նց աթոռների համար ապահով չէ). նույնիսկ երբ ռուսական բազայի հատուկ զինված մի ԽՈՒՄԲ մորթում է մի ամբողջ հայ ընտանիք՝ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին. ու «դաշնակից» ռուսը՝ ԿՈՊԻՏ խախտելով երկկողմանի պայմանագիրը, արհամարհում է ամբողջ հայ ազգին ու ոճրագործ(ներ)ին ապօրինաբար թաքցնում:

  2. Armo says:

    Հարցնելն ամոթ չլինի Միքայելն ի՞նչ պաշտոնյա է, կամ ի՞նչ պաշտոն է վարում Շիրակի մարզում:

  3. Նունե Արևշատյան says:

    Հարգելի Արմո, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը զբաղեցնում է Շիրակի թեմի առաջնորդի պաշտոնը, նա հոգևոր պաշտոնյա է համարվում :

    • Armo says:

      Նունէ ջան ուզում ես ասել որ Շիրակի մարզի կառավարման ինստիտուտների մեջ են մտնում նաև կրոնական մարմինները (առաջնորդարանները), թե՞ Շիրակի մարզի կառավարման օրգանների հաստիքադրույքներում էդպիսի հաստիք կա որին տեղյակ չեմ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728