Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը վախենո՞ւմ է անհանգստացնել Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Փետրվար 09,2015 17:21

Մի քանի օր առաջ Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու ամենաակտիվ անդամը` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, լքել է նիստերի դահլիճը: Պատճառը եղել է այն, որ ավագանու անդամները դեմ են եղել նրա` Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձի նախագիծը օրակարգ մտցնելուն:

Ուղերձում գրված է.

«Հարգելի պարոն Սարգսյան,

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սոսկալի ողբերգությունը ցնցել է համայն հայությանը եւ քաղաքակիրթ աշխարհին: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ հանցագործությունը, կիսելով մարդկանց վիշտը, խորությամբ հասկանալով մեր երկրի եւ քաղաքի առաջ ծառացած մարտահրավերները, վերահաստատելով գյումրեցիների՝ արդար դատաքննության պահանջը, դիմում է Ձեզ, խնդրելով.

1.Անհրաժեշտ ջանքեր ներդնել այս գործն ամբողջությամբ (հետաքննություն, դատավարություն, մեղադրյալ, փաստաթղթեր եւ այլն) անհապաղ ՀՀ արդարադատության համակարգի տնօրինման տակ անցկացնելու համար:
2.Հանրությանը ներկայացնել այսօրինակ դեպքերից խուսափելու բավարար երաշխիքներ»:

Aravot.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանը պատմեց, որ դեռևս փետրվարի 19-ին Գյումրու ավագանու արտահերթ նիստից առաջ ինքը ուղերձի նախագիծը կազմել և ներկայացրել էր քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, որպեսզի դրվեր օրակարգի մեջ: Սակայն այն օրակարգի մեջ չէին ներառել: «Օրակարգի մեջ դրել էին ավագանու անդամներից մեկի մշակած ուղերձը` ուղղված գլխավոր դատախազին: Քննարկվեց նիստի ժամանակ, դատախազին ուղղված ուղերձը ընդունվեց, և երբ հերթը հասավ Սերժ Սարգսյանին ուղղվելիք ավագանու ուղերձին, ավագանու անդամներից մեկն առաջարկեց ընդմիջել և քննարկել ուղերձի նպատակահարմարությունը: Մոտ 15-20 րոպե քննարկեցինք, ես գնացի որոշակի փոխզիջման: Որոշեցինք մի քանի օր, երկու շաբաթից ավելի սպասել, տեսնել` արդյոք Սերժ Սարգսյանը համարժեք քայլեր չի՞ ձեռնարկի Հայաստանի հանրապետության քաղաքացիների անվտանգության երաշխիքներն ապահովելու համար: Այսօրինակ դեպքեր չունենալու մասին է խոսքը: Եվ քաղաքապետը խոստացավ, որ ավագանու նիստ կունենանք մինչև փետրվարի 7-ը և այդ ուղերձի հարցը այդտեղ կորոշվի`կարիք կա՞, թե՞ չկա: Ամսի 6-ի ավագանու նիստի համար օրակարգ ուղարկվեց ինձ , օրակարգի մեջ նորից իմ ուղերձի նախագիծը տեղ չէր գտել, ինչը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է : ՏԻՄ օրենքով ավագանու նիստի օրակարգը կազմվում է ավագանու անդամների, համայնքապետի առաջարկություններով:

Նախկինում, անցած երկու տարիներին մեկ տասնյակից ավելի առաջարկներ եմ արել, և դրանք մեխանիկորեն ներմուծվել են օրակարգ: Երբ ես հարցրեցի ինչո՞ւ, քաղաքապետն ասաց, թե ավագանու անդամները իրեն տեղեկացրել են, թե քննարկել ենք այդ հարցը , որոշել ենք հետաձգել: Ես բացատրեցի, որ իսկապես մենք քննարկել ենք և մի քանի անգամ ենք քննարկել ավագանու մի քանի անդամների հետ , բայց ուղերձը հետաձգելու օրակարգից հանելու-առաջարկություն- խնդրանք ես չեմ հղել ո՛չ քաղաքապետին, ո՛չ աշխատակազմի քարտուղարին: Այսինքն` ես գտնում եմ` դա օրակարգի հարց է և հարկավոր է ընդունել: Վերջը քաղաքապետն առաջարկեց ավագանու անդամներին, քվեարկության դրեց այդ ուղերձով օրակարգը ընդունել, և ավագանու անդամներից միայն ես է, որ կողմ եղա, որպեսզի այդ ուղերձով օրակարգը ընդունվի, մյուսները դեմ եղան և կարծեմ մեկ հոգի ձեռնպահ էր: Այդուհետ ես անիմաստ համարեցի այդ նիստին գտնվելը:Մտածեցի մնացած հարցերը` գնումների հետ կապված, տորթ պատվիրել և այլն, դրանք ահագին «բարդ» հարցեր են, որպեսզի ես կարողանամ դրանից գլուխ հանել: Մտածեցի, որ ավագանու անդամներն ու քաղաքապետը բավական են, որպեսզի այդ հարցերը լուծեն»:

Ըստ Լևոն Բարսեղյանի, ինքը չգիտի, թե ավագանու անդամները ինչից վախեցան ու զգուշացան Սերժ Սարգսյանին այդ պահանջները ներկայացնելու, երբ իրենք էլ լավ գիտեն, ըստ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի, ՀՀ նախագահը ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Ըստ Լևոն Բարսեղյանի, գյումրեցիներին ՀՀ ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձի կողմից պետք են հանրությանը տրվող երաշխիքներ, որ նման դեպքեր այլևս չեն լինի: Անհրաժեշտ է միջոցառումների փաթեթ:

«Սա շատ հասարակ, արդար, և արժանապատիվ պահանջ է: Սա ինչ-որ մեկին բացատրելու կարիք ես չունեի: Եթե կա մեկը, որը չի հասկանում, որ նման երաշխիքներ հարկավոր են՝ ինքը իրեն դուրս է դրել Հայաստանի հանրապետությունից: Կամ եթե իրենց պարիսպը շատ բարձր է, ճաղեր ունի, տեսախցիկներ են շարած տան շուրջբոլորը, ոստիկանության հետ կապ կա, որ եթե ինչ-որ բան լինի, արագ ահազանգեն, եթե իրենց թվում է, որ իրենք դրանով պաշտպանված են, խոր թյուրիմացության մեջ են իրենք», -ասում է Լևոն Բարսեղյանը:

Ըստ նրա, Սահմանադրությամբ մեր անվտանգության երաշխավորը Սերժ Սարգսյանն է, նա ամենամեծ ռեսուրսներն ու իրավունքներն ունի: Բայց քանի որ դեպքից անցել է 27 օր ու նախագահի կողմից տեխնիկական երաշխիքների մշակման մասին խոսք անգամ չի հնչել, ուրեմն, ըստ ՏԻՄ օրենքի՝ համայնքի շահերը պիտի պաշտպանի ավագանին: Իսկ նախագահը պարտավոր է պատասխան տալ մեկ ամսում:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Գյումրու ավագանին մերժում է Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձի ընդունումը: Լևոն Բարսեղյանի բնութագրելով, քաղաքապետի ու ավագանու տրամադրությունը եղել է այսպիսին. «Եկեք չանհանգստացնենք Սերժ Սարգսյանին»:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Բալասանյանն իրա դեմ է հանել բոլորին, հատկապես լրագրողներին, չի հասկանում, որ կուտեն իրան, հեչ մարդ չունի ախր կողքը,է ն Սանոյանն էլ հազիվ ատկատներով զբաղվի ու իրան դնե սրբի տեղ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728