Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Կարախանյան. «Շատ ավելի լավ է, թող դաշտը մաքրվի, և դաշտում մնան քաղաքական կուսակցությունները». 168.am

Փետրվար 20,2015 20:25

168.am-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը:

– Պարոն Կարախանյան, մի շարք փորձագետներ, այդ թվում՝ Դուք, պնդում էիք, որ Ծառուկյանը որոշում է կայացրել պայքարել ներկայիս իշխանությունների դեմ և դա կանի մինչև վերջ: Ծառուկյանի նահանջը Դուք ինչպե՞ս եք բացատրում:

– Իրավիճակը չափազանց պարզ է: Գործեց ուժային քրեաօլիգարխիկ կառույցը, որն էլ ներկայանում է՝ որպես իշխանություն: Մեթոդները, որոնք կիրառվում են` ահաբեկչությունը, ճնշումները, շանտաժն ու կոմպրոմատներն են: Սա՛ է ներկայիս իշխանության զինանոցում: Ուստի, երբ կշեռքի նժարին դրվում է արյունահեղությո՞ւն, թե՞ նահանջ, բնական է` մարդիկ գնում են տակտիկական նահանջի, չեն ցանկանում պատճառ դառնալ, որպեսզի քրեաօլիգարխիկ համակարգն իր կառույցներով պայքարը վերածի փողոցային արյունահեղությունների: Տրամաբանությունը սա է: Այստեղ ամեն ինչ կա, բացի քաղաքականությունից: Այնինչ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական ուժերն ու կուսակցությունները, քաղաքացիական հանրությունը: Անհատների նկատմամբ կիրառված ճնշումներով, իմ համոզմամբ, երկրում իրավիճակ չի փոխվում` աղքատությունը մնում է, տնտեսության անկումը` շարունակվում, արտագաղթը, մնացած բոլոր բացասական միտումները` ևս: Ժողովուրդը հասել է մի կետի, որտեղից այն կողմ փոփոխություններ է ցանկանում: Այսինքն` քրեաօլիգարխիկ կառույցին պետք է դիմագրավի քաղաքացիական-քաղաքական պայքարը: Մի անհատ մարդու ճնշելը քաղաքականություն չէ, գոյություն ունեն կուսակցություններ, քաղաքական կառույցներ, մարդիկ կարող են գալ-գնալ, տակտիկական նկատառումներով նահանջներ կատարել` կշեռքի նժարին իրենց առջև դրված հարցերը հաշվի առնելով, բայց դա՝ առանձին մարդիկ: Իսկ քաղաքական կուսակցությունները շարունակելու են իրենց գործունեությունը, գնալու են առաջ, ետ չեն կանգնելու իշխանափոխության հիմնական սկզբունքից: Անհատների նկատմամբ կոմպրոմատների պատերազմը, ճնշումները մերձավորների նկատմամբ՝ քաղաքական պայքար չէ, կուսակցությունները դուրս են եկել քաղաքական պայքարի և այն շարունակելու են: Եթե ԲՀԿ-ի մասին ենք խոսում, ապա այն, ինչից իշխանությունները վախենում էին՝ ժողովրդին ոտքի հանելն էր, դա արդեն կատարված է: Մի մարդ՝ այս կողմ, մի մարդ՝ այն կողմ, աննշան դերակատարություն է ունենալու: Իրենց կարծիքով` «царь и бог» էր, հիմա չկա, մնացածը չեն պայքարելու: Շատ ավելի լավ է, թող դաշտը մաքրվի, և դաշտում մնան քաղաքական կուսակցությունները, գործիչները և քաղաքական պայքարի ելած մարդիկ:

– Այսինքն` նաև Ծառուկյա՞նը դուրս գա քաղաքական պայքարից:

– Ոչ: Գագիկ Ծառուկյանը քաղաքական պայքարի էր դուրս եկել: Նա պարզապես ծանրութեթև արեց և գնաց տակտիկական նահանջի: Շնորհակալություն իշխանություններին՝ պարզապես ջուրը մաքրելու համար, իրենց դեմքը ցույց են տալիս, և ավելորդ զանգվածին հանում են քաղաքականությունից: Քաղաքականության մեջ պետք է մնան հասկացող, նորմալ մարդիկ, որոնք հստակ հարցեր կարող են դնել իշխանությունների առջև:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728