Լրահոս
Օրվա լրահոսը

Թերլեմեզյանցիները շուքով նշեցին Թերլեմեզյանի հոբելյանը

Մարտ 03,2015 17:07

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը մարտի 3-ին նշում էր մեծանուն նկարչի և ազգային գործչի 150-ամյակը: Հոբելյանական միջոցառումներին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ, հյուրեր:

Նախագահը նախ շրջեց բարեկարգված քոլեջում , ապա մասնակցեց քոլեջում դասավանդող նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Տնօրենի՝ Աննա Մնացականյան-Առուշանյանի ուղեկցությամբ, Սերժ Սարգսյանը ծանոթացավ ցուցադրված գեղանկարչական աշխատանքներին և քանդակի նմուշներին:

Հոբելյանի շրջանակներում տեղի ունեցավ նամականիշի մարման արարողություն. Հայփոստ ՓԲԸ-ի կողմից նախագծված և տպագրված 2 նամականիշեր՝ «Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը» թեմայով, հանդիսությամբ դրվեց շրջանառության մեջ: Նամականիշների վրա պատկերված են Փանոս Թերլեմեզյանի ինքնադիմանկարը /1930 թ./ և «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը /1915թ./:

Terlemezyan_1

Գեղարվեստի պետական քոլեջում կայացավ նաև ՀՀ կենտրոնական բանկի թողարկած՝ «Փանոս Թերլեմեզյան-150» հուշադրամի շնորհանդեսը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի դրվագ «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից, իսկ դարձերեսին՝ դրվագներ Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից և նրա ինքնադիմանկարից: Հանդիսությունն ավարտվեց Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակի առթիվ պետական պատվերով հրատարակված «Թերլեմեզյանցիներ» հուշագիրք-ալբոմի շնորհանդեսով: Երկու մասից կազմված գրքում ներկայացված են խորհրդային ժամանակաշրջանում, այնուհետև անկախ Հայաստանում քոլեջում դասավանդած և դասավանդող արվեստագետների կենսագրական տվյալներն ու աշխատանքները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին և բոլոր հյուրերին՝ քոլեջի հանդիսությանը մասնակցելու համար, քոլեջի տնօրենն իր խոսքում նշեց, որ պատահական չէ, որ Փանոս Թերլեմեզյանի անունը կրող քոլեջը, որ Հայաստանի հնագույն կրթօջախն է՝ Պետական համալսարանից հետո, ի սկզբանե լույսի և գեղեցիկի օրրան է , Հայրենիքի և բարու արժեքներ սերմանող: Տնօրենը հիշեցրեց կարևոր դրվագներ Թերլեմեզյանի կյանքից. Վան- Պարսկաստան-Ռոստով-Թիֆլիս-Փարիզ և վերջապես Երևան . ահա զենքի և վրձնի մտերմությամբ անցած նրա կենսագրության աշխարհագրությունը:

Ա. Մնացականյան-Առուշանյանը հիշեցրեց նաև , որ 1941-ի գարնանը, Թերլեմեզյանի ծննդյան 75-ամյակի միջոցառման ժամանակ, երբ կազմակերպվել էր նաև նրա ստեղծագործությունների անհատական մեծ ցուցահանդեսը նկարիչների տան դահլիճում, մտերիմների կողմից քնքշորեն Թերլեմեզ / բառացի՝ չքրտնող/ կոչվող Թերլեմեզյանը հուզված խոստովանել էր ներկաներին. «Ես եկել եմ իմ ճակատի քրտինքը խառնելու հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը՝ իմ Հայաստանը, վերաշինենք»։

Բոլոր նրանք, ում կյանքը, կրթությունը և աշխատանքը կապված է քոլեջի հետ՝ ղեկավարությունից մինչև ուսանողները, կարող են վստահ լինել, որ գրեթե քոլեջի հարևանությամբ՝ Պանթեոնում հանգչող Փանոս Թերլեմեզյանը քոլեջի անցյալը և ներկան իր անվանը վայել է համարում:

Կ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031