Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաղաքական անկախութիւնը վերացաւ՝ տնտեսական անկախութեան բացակայութեան պատճառով

Մարտ 20,2015 13:30

Յօդուածս սկսելուց առաջ ուզում եմ յիշեցնել հետեւեալ հանրայայտ իրողութիւնը: Ճապոնացի քաղաքագէտ Ռէա Շիրաթուրին 1960թ. Յունուարի 2-ը համարում է Ճապոնիայի տնտեսական հրաշքի սկիզբը: Այդ օրը ընդդիմութեան քաղաքագէտ Հայատո Իկեդայի աչքին ընկաւ «Իոմուրի» թերթի մի յօդուածը՝ Ճապոնիայի տնտեսական զարգացման ծրագրի մասին: Ամիսներ հետոյ, այդ նոյն ընդդիմադիր քաղաքագէտը դառնալով վարչապետ, սկսեց իրականացնել թերթում շարադրուած գաղափարները (յուսանք մի օր էլ «Առաւօտի» էջերում արտայայտուած գաղափարները կ՚իրականան):

Հայաստանում տնտեսական անկախութեան երաշխիքը համաժողովրդական հանրաքուէի արդիւնքով (միակ իրական կամարտայայտութեան փաստը մեր պատմութեան մէջ) հռչակուած (քաղաքական) անկախութիւնն էր, որի ձեռք բերմանը հասնելու օրինականութիւնը գնահատուեց միջազգային հանրութեան կողմից. եւ մեր այդ անկախացած ժողովրդավարական երկրում՝ առաջին տարիներին, իրապէս իշխում էր անկախացման ոգեւորութիւնը՝ չնայած երկրաշարժի, ԽՍՀՄ-ի քայքայման, ղարաբաղեան պատերազմի, թուրքական, ադրբեջանական եւ վրաց- աբխազական շրջափակումներին: ԽՍՀՄ-ի կազմում գտնուող «ազատ եւ ինքնուրոյն» մեր հանրապետութեան անկախացումը վերաբերում էր մեծ եղբոր՝ ռուսական կոմունիստական թելադրանքից ազատուելուն եւ ուղղաձիգ «հաւասարութիւնը» հորիզոնականով փոխարինելուն, նաեւ ընդդէմ հայկական դպրոցների հաշուին ռուսականներն աւելացնելուն եւ գրասենեակներում աշխատանքի ընդունելիս առաւելութիւնը ռուսախօսներին տալուն՝ ձգտելով պաշտօնական գրագրութիւնների լեզուն ռուսերէնի փոխարէն հայեցի դարձնելուն. իսկ ամենակարեւորներն էին՝ ազատ լինել տնտեսութեան զարգացման սեփական ուղին որոշելու հարցում, ինչպէս նաեւ ռուսական կայսրութեան եւ բոլշեւիկեան կեղծուած պատմութիւնն ուսումնասիրելու կամ միջակ գրական ստեղծագործութիւնները անգիր սովորելու փոխարէն՝ ճանաչել սեփական՝ մեզ գրեթէ անծանօթ մեր հոգեւոր եւ նիւթական մշակոյթը, հասնելու համար ազգային արժանապատւութեան գիտակցումին եւ միջազգային հանրութեանը ներկայանալ իրական ու սեփական արժեհամակարգով:

Հայրենի եւ սփիւռքի մամուլում, երկրի կառավարման մասին եղած եւ այժմ էլ հնչող քննադատութիւնների շարքում, գրուեցին նաեւ երկրի տնտեսական զարգացման խնդիրների մասին, սակայն, ինչպէս պարզուեց, մինչեւ այսօր էլ մեր ունեցած անհատապաշտական (աւտորիտար) իշխանութեան մէջ եւ անմիաբան ընդդիմութիւնում մենք չունեցանք մեր «Հայատո Իկեդան»: Այսօր այլեւս անվիճելի փաստ է, որ անկախութեան հռչակման քաղաքական ակտին չյաջորդեց տնտեսական անկախութիւնը, ինչը, անշուշտ, ժամանակ պահանջող գործընթաց է, բայց 1994թ. ղարաբաղեան զինադադարից հետո անցած 15-20 տարուայ ընթացքում արտերկրից եկած օգնութիւնների խելացի օգտագործման դէպքում որոշ բաներ կարելի էր անել: Փաստօրէն, մինչեւ օրս Հայաստանը դեռ շարունակում է կախուած մնալ համաշխարհային ու զանազան միջազգային բանկային վարկերից ու արտաքին մարդասիրական օգնութիւնից եւ դրսից սպասուող ներդրումներից: Չմոռանանք, որ այդ բանկերը նախապէս արգելում էին վարկերն օգտագործել արդիւնաբերութեան զարգացման ոլորտում եւ տրամադրւում էին միայն առեւտրի ու անհատական մանր բիզնեսի համար: Անկախացած Հայաստանի ղեկավարութիւնը չկարողացաւ գիտակցել, ապացուցել ու գնահատել տնտեսութեան մէջ անկախութեան դերն ու առաւելութիւնները եւ գործնականօրէն օգտուել եղած հնարաւորութիւններից: Աւելին, երկրի տնտեսութեան բանալի բնագաւառներն ու կարեւորագոյն արտադրական կարողութիւնները օտարուեցին «գոյք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ նշանաբանով, առանց Կրեմլից հաշիւ պահանջելու երկրաշարժի ժամանակ սփիւռքահայութեան ու աշխարհի բոլոր երկրների կողմից Հայաստանի անունով Մոսկուայի բանկերը հոսած արտարժոյթն ու օգնութեան միւս տեսակները: Իսկ Ղարաբաղի ազատագրման ու ինքնորոշման համար պայքարող հայ ժողովրդին ԽՍՀՄ առաջին նախագահ Մ.Գորբաչովը յիշեցնում եւ շեշտում էր, որ Հայաստանի գոյատեւումը եղել է Մոսկուայից տրուող դոտացիայի (գոյատեւման հաշուեփակի կամ պարտքավճարի) շնորհիւ: Այդ դոտացիայի «երեսով տալը» Գորբաչովը թմբկահարեց նաեւ անկախացման գնացող խորհրդային նախկին՝ միւս բոլոր հանրապետութիւնների հասցէին (նոյնիսկ այն ժամանակուայ հզօր կարողութիւններ ունեցող Ուկրաինային):

Դոտացիայի մասին ասուածը մերկապարանոց խօսքեր չհամարուելու համար նշենք հետեւեալ ա՛յն իրողութիւնները, որ պաշտօնական վիճակագրութեան համաձայն, ԽՍՀՄ-ի բնակչութեան 1%-ը եւ տարածքի 0,1%-ը կազմող Խորհրդային Հայաստանը իր արտադրած արդիւնաբերական կարեւոր ճիւղերի արտադրանքների բացարձակ ծաւալով (ո՛չ թէ մէկ շնչի հաշվով), Խորհրդային Միութիւնում գրաւել է 2-4 տեղերը. դրանց շարքում էին քիմիական, էլեկտրոնիկ, մեքենաշինական, նուրբ սարքաշինական եւ այլ ճիւղեր, հազուագիւտ հանքային հարստութիւններ, որպիսիք ամբողջ ԽՍՀՄ-ում մէկ կամ երկու տեղերում կային. աչքի էին ընկնում զարգացած թեթեւ եւ սննդի բնագաւառի հայկական ֆիրմաների արտադրանքները՝ կօշիկի, հագուստի, գործուածքի ու հիւսուածքի՝ (տեքստիլի ու հիւսուածեղենի), խմիչքի ու պահածոների գծով: Բաւական է նշել, որ հանրապետութեան արդունաբերութեան 60 տոկոսը վերաբերում էր ԽՍՀՄ-ի ռազմական ոլորտին՝ ներառեալ տիեզերագնացութեան ոլորտը եւ արհեստական արբանեակի ստեղծումը: Խորհրդային երկրում Հայաստանը առաջինն էր, որի բոլոր բնակավայրերը, ամբողջ տարածքը, ռադիոֆիկացուեց (30-ականներին), էլեկտրիֆիկացուեց (40-ականներին) եւ գազիֆիկացուեց (60-ականներին): Եւ վերջապէս, իր մշակոյթով, թանգարաններով ու ազգային գրադարաններով, իր կազմում ուղիղ թւով 100 գիտահետազօտական հաստատութիւններ (մի մասը՝ ԽՍՀՄ-ում առաջատարի կարգավիճակով) ունեցող ակադեմիայով Հայաստանը միշտ նշուել է Մոսկւայից ու Լենինգրադից հետո: Հետեւաբար, Կրեմլը դոտացիա վճարելու փոխարէն օգտւում էր մեր գիտական ներուժից: Նրանք, ովքեր այսօր անկախութեան առաւելութեան փոխարէն գերադասում են ԽՍՀՄ-ին վերադառնալը, գիտէի՞ն որ, այն ժամանակ…

Ա) Հայաստանի կառավարութիւնը իրաւունք ունէր ինքնուրոյն ծրագրելու եւ պլանաւորելու հանրապետութեան տնտեսութեան 6 տոկոսը միայն:

Բ) Հայաստանի կառավարութիւնը իրաւունք ունէր թոյլատրելու շինարարութիւն (արտադրական շինութիւններ եւ այլն) կատարել՝ միայն մինչեւ 500 հազար ռուբլու արժողութեան շէնքեր կառուցելու դէպքում, աւելիի համար դիմելով Մոսկուայի հայեցողութեանը:

Գ) Պարտադրուած էր՝ Հայկական ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի 40 տոկոսը տալ Ադրբեջանին, 38 տոկոսը՝ Վրաստանին ու հիւսիսային Կովկասին (դրա մի մասը, ըստ հարկի՝ Թուրքիային տալու համար), իսկ մնացած 22 տոկոսը՝ Հայաստանին՝ էներգետիկ կորուստները ծածկելու համար: Իսկ մեզ յատկացուող այդ չնչին բաժնեմասի դիմաց ունէինք երկրաշարժային գոտիում գտնուող ատոմակայանի վթարի ճառագայթման ռիսկը:

Դ) Արդիւնաբերութեան եւ շինարարութեան մէջ նիւթերի ծախսման չափասահմանները (լիմիտները) եւ տրուած չափաբաժինները (նորմերը) հաստատում էր Մոսկուան: Այդպիսի «անմեղ» տնտեսական չափորշիչների (ստանդարտների) հետեւանքի միայն մէկ՝ հետեւեալ օրինակով բաւարարուենք: Երկրաշարժի օրերին Մ. Գորբաչովը ստեց՝ ի լուր աշխարհի յայտարարելով, թէ հայ շինարարների՝ ցեմենտի եւ երկաթեայ արմատուրաների գողութեան պատճառով կառուցուած շէնքերը անորակ էին եւ աւերածութիւնը մեծ էր: Յաւելեմ, որ սկսած 50-ականների կէսերից, երբ սփիւռքից հայրենադարձներին սեփական տներ կառուցելու համար տրուած պետական թոյլտւութիւնը արդէն վերացուել էր եւ ժողովրդին արգելուել էր սեփական տուն կառուցելը, բնակչութիւնը նորոգման եւ կցակառոյցների համար շինանիւթերը հիմնականում գնում էր շինանիւթերի՝ յատուկ պետական խանութներից (ռուսերէն կոչւում էր լեսոսբիտի խանութներ) եւ կարիք չունէին երկաթեայ արմատուրաներ գողանալու (թէեւ չեմ սրբացնում շինարարներին): Աշխարհին առաջինը շինարարական արուեստ նուիրած հայ վարպետների կառուցած նախասովետական շենքերը երկրաշարժի ժամանակ կանգուն մնացին: Խորհրդային ժամանակներում կառուցումների շինանիւթերի գողերը նստած էին Մոսկուայում. նրանք, ովքեր տարիներ առաջ որոշել էին ցնցումների (սեյսմիկ) սանդղակի աւելի քան 10-12 բալանոց (ինչպիսին էր 1926-ի երկրաշարժը՝ նոյն տարածքում) սահմանը կամ գնահատականը իջեցնել 7 միաւորի, ըստ այդմ՝ պակասեցնելով (իբր խնայելով) շինանիւթերի ծախսման համար յատկացուած պետական չափասահմանները եւ չափաբաժինները (1988-ից սկսուած ղարաբաղեան շարժումը ճնշելու միտումով առաջացրած արհեստական երկրաշարժն էլ առանձին դիտարկման նիւթ է): Աւելացնենք եւս երկու օրինակ՝ գիւղատնտեսութեան ասպարէզից:

Ե) 1938-39 թթ. Համամիութենական կառավարութեան որոշմամբ՝ բարձրադիր լեռնային գիւղերը վերացուեցին՝ գիւղացիներին իջեցնելով հարթավայրեր (մեր դէպքում՝ մեծ մասամբ Երեւանի շրջակայքը): Գիւղացիները զրկուեցին անասուններ պահելու համար մեր սարերի բնական արօտավայրերից: Այդ որոշումից հիմնականում տուժեց լեռնային երկիր Հայաստանը: Ռուսական եւ ուկրաինական տափաստանները կամ բելառուսական ճահիճներն ու Մերձբալթեան հանրապետութիւնները լեռնային չէին, իսկ Ղազախստանը կամ Թուրքմենիան աւելի անապատային էին:

Զ) Վերջին օրինակը: ԽՍՀՄ կառավարութիւնը սահմանել էր մի անհեթեթ օրէնք, ըստ որի, քաղաքների բնակչութեանը պարենով ապահովելու համար գիւղացիները բնամթերքով (կաթնամթերք, միս, հաւկիթ, բուրդ եւ այլն) հարկ պիտի վճարէին պետութեանը: Ընդ որում, գիւղացին իրաւունք չունէր իր սեփական անասունը (թոյլատրւում էր պահել 2-3 հատ) արածեցնելու գիւղի արօտավայրերում, դրանք պատկանում էին պետական եւ կոոպերատիւ գիւղական տնտեսութիւններին (կոչւում էին՝ սովխոզ եւ կոլխոզ), դա նրանց մենաշնորհն էր: Գիւղացին կիրառեց համարժէք գործելակերպ. քաղաքների պետական խանութներից դրամով գնում էր այդ մթերքները եւ յանձնում պետութեանը: Հեշտ է պատկերացնել մոսկովեան «իմաստուն» օրէնքների արդիւնաւէտութիւնը:

Ահա այսպիսին էր մեր երկրի քաղաքական ու տնտեսական համառօտ պատկերը: Ի՞նչ կարող էր անել Հայաստանի կառավարութիւնը, որ չարուեց տնտեսութեան զարգացման համար, նկատի առնելով, որ ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով վերացաւ կենտրոնական կառավարութեան սահմանած փոխադարձ մատակարարման եւ պլանաւորման համակարգը եւ կտրուեցին առեւտրական կապերը հանրապետութիւնների միջեւ:

ա) Պէտք է յայտարարուէր տնտեսութեան վերականգնման ու զարգացման լաւագոյն ծրագրի առաջարկների բաց մրցոյթ, որին կարող էին մասնակցել նաեւ սփիւռքից:

բ) Տնտեսութիւնը տնտեսագիտական օրէնքներով կառավարելուն պէտք էր մասնակից դարձուէին փորձուած տնտեսագէտ-ֆինանսիստ գիտնականներ եւ Հայաստանում ու այլ հանրապետութիւններում աշխատած խորհրդային շրջանի նշանաւոր ու փորձ ունեցող կադրեր՝ արտադրութեան մասնագէտ ինժեներների հետ համագործակցած:

գ) Սփիւռքահայութեան ներդրումները խրախուսելու եւ իրական իրաւական երաշխիքներ տալու համար յարմար կը լինէր ստեղծել «հայրենիք- սփիւռք խառը տնտեսական յանձնախումբ», որը կը ղեկավարէր եւ կը հսկէր ներդրումների գործը, անկախ այն բանից, թէ հետագայում այդ կառոյցը ո՞ր նախարարութեան ոլորտին կարող էր պատկանել: Այս դէպքում կը նուազէր ներդրողից կաշառք պահանջելու, կոռուպցիոն ռիսկը: Միաժամանակ, նոյն յանձնախումբը կարող էր միջնորդ դեր խաղալ օտարերկրեայ միջազգային հզօր ընկերութիւնների հետ համատեղ, կամ միայն նրանց միջոցով, արտադրութիւններ կազմակերպելու գործում, նկատի առնելով, որ հնարաւորինս շատ երկրների ընդգրկման դէպքում՝ յանուն իրենց ունեցուածքը եւ շահը չկորցնելու, այդ պետութիւնները շահագրգիռ կը լինեն Հայաստանի անվտանգութեան ապահովմամբ, արտադրութիւնը կը վերազինէին իրենց նորագոյն տեխնիկայով ու ճարտարարուեստով (տեխնոլոգիայով), քաջածանօթ լինելով միջազգային շուկայագիտութեանը (մարքետինգին)՝ կ՚օգտագործէին արտահանման՝ իրենց սեփական շուկաները, կը պատրաստէին տեղական որակեալ կադրեր՝ միաժամանակ բարձրացնելով արտադրանքի որակը եւ աշխատողների վարձավճարը:

դ) չխուսափել դրսի այնպիսի վարկերից, որոնց հետագայ վճարման ձեւը կը լինէր հետագայում արտադրուած արտադրանքով՝ լուծելով արտարժույթով վճարելու մտահոգութեան խնդիրը (Եգիպտոսում Ասուանի ամբարտակի կառուցման համար նրանք ԽՍՀՄ-ին փոխհատուցում էին բամբակի թելով:

ե) Առկայ պայմաններում, երբ գործարանները չեն աշխատում, հարկ էր, որ քաղաքային բնակչութեան մի մասին՝ յատկապէս ժամանակին գիւղից եկածներին, ուղղել դէպի գիւղ՝ ստեղծելով շահագրգիռ պայմաններ:

զ) Գործարանները սեփականաշնորհելիս սխալ (աժան) գներ սահմանուեցին, ինչպէս ասում են՝ «ջրի գնով», ինչը նպաստեց գործարարութիւնից գաղափար չունեցող, բայց սեփականատէր դարձաձծներից շատերին՝ շենքերն ու սարքաւորումները մաս-մաս վաճառելուն (հիմնականում՝ արտասահմանին): Մինչդեռ՝ սեփականաշնորհելիս, պետութիւնը պէտք է դառնար նրանց հետ բաժնետեր՝ հսկելու համար եկամուտները, կամ պայման դնէր որոշակի ժամկէտում գործարանը աշխատեցնելը:
Շատ կարեւոր էր, որ պետութիւնը մի քանի գործարաններ պահէր իր ձեռքում եւ դրանց աշխատեցնելուց ստացուած եկամուտները օգտագործէր պետական ծառայող աստիճանաւորների, կրթութեան, առողջապահութեան, իրաւապահ մարմինների (դատարան, ոստիկանութիւն) աշխատողներին վճարելու համար, ինչը կը նպաստեր հարկային մարմիններից գանձած գումարներից կախուած չլինելուն եւ բիւջեն խնայելուն: Անհրաժեշտ էր նաեւ գիւղատնտեսական մթերքներ մշակող նոր ձեռնարկութիւնների (ծխախոտի, պահածոների եւ այլնի) ստեղծումը, դրանք տեղակայելով հումքին մօտ՝ գիւղերում, յընթացս լուծելով մինչեւ ռուսաստանները աշխատանք փնտրող գիւղական երիտասարդութեան զբաղուածութեան խնդիրը:

է) Իսկ հողի սեփականաշնորհումը ճիշտ էր եւ ժամանակին. դրա շնորհիւ շրջափակուած երկիրը պարենի պակաս չզգաց, նոյնիսկ գները կայուն մնացին: Սակայն սխալ էր մեքենա-տրակտորային պարկը անհատներին սեփականաշնորհելը. դա պէտք է պահուէր պետութեան ձեռքում եւ օգտագործուէր ընդհանուրի՝ համայնքների համար:

ը) Երկրում համատարած գործազրկութիւնը (նաեւ այսօր) դարձաւ արտագաղթի առաջին պայմանը: Լաւագոյն մտաւորական ուղեղները, մասնագէտները, աշխատող արհեստավարժ ձեռքերը պահելու համար կառավարութիւնը պէտք է իր ձեռքը վերցնէր նրանց համար կազմակերպուած ձեւերով, պայմանագրային հիմունքներով ժամանակաւոր աշխատանքներ գտնելը արտասահմանում. եթէ մասնաւոր անհատը կարողանում է որեւէ երկրում գործ ճարել, ապա պետութիւնը եւս կարող էր դա անել, ինչի շնորհիւ արտարժույթով աշխատավարձը կը հոսէր դէպի երկիր, կ՚աշխուժանար շուկան:

թ) Եւրոմիութեան եւ եւրասիական տնտեսական միութեան հետ ծրագրուած նոր զարգացուելիք կապերի հետ միաժամանակ, հարկաւոր է ծրագրել հանրապետութեան ինքնաբաւ եւ պահուստային (ռեզերւային) միջոցների ստեղծման խնդիրները:

Վերջին ժամանակներում, խոստովանենք, որ, վերջապէս, թէեւ շատ ուշացումով եւ ժամանակի անտեղի կորուստից հետո, գիտակցուել է արտադրութեան եւ նիւթական արժէքներ ստեղծելու կարեւորութիւնը, դրանց արտահանման շահաւէտութիւնը, որովհետեւ վերջերս սկսել է նկատւուել վերոյիշեալ կէտերի մի մասի թերութիւնների վերացման համար սկսուած բարեփոխումները: Ստիպուած են: Պէտք է հստակ գիտակցել, որ պատերազմում հաղթում է ոչ միայն կամ ոչ այնքան բանակը, որքան հզօր տնտեսութիւնը:

Մենք գիտակցում ենք, որ հարիւր տոկոսանոց անկախութիւն գոյութիւն չունի եւ յոյսը սեփական ուժերի վրայ դնելը ճիշդ է, սակայն չենք կարող չմասնակցել որեւէ խմբի պետութիւնների ճամբարին՝ անկախ հզօրութեանդ աստիճանից: Հետպատերազմեան տարիներին ամերիկեան հովանոցի տակ գտնուող Ճապոնիան եւ Արեւմտեան Գերմանիան իրենց տնտեսական հզօրութեամբ կրնկակոխ հետեւում էին ԱՄՆ-ին, նոյնը պատերազմից քայքայուած Եւրոպան, որը Մարշալի պլանով շատ կարճ ժամկէտում վերականգնեց իր տնտեսութիւնը եւ դարձաւ միջազգային ընտանիքի նախկին կարեւոր դերակատարներից մէկը: Հիմա Չինաստանն է այդ ճանապարհին կանգնած: Այսօր հզօր եւրոպական երկիրները եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներն անգամ, իդեալական անկախութիւն չունեն եւ պատկանում են այս կամ այն քաղաքական, տնտեսական կամ ռազմական որեւէ բլոկի եւ պարտաւոր են իրենց շահերը՝ այս կամ այն չափով, միւս երկրների շահերին համապատասխանեցնել: Հետեւաբար պէտք է ձգտել մաս կազմել որեւէ հզօր բլոկի:

Ամփոփելով ասելիքը, ստիպուած ենք խոստովանել, որ փաստացի կորցրել ենք նաեւ ժամանակին ձեռք բերած քաղաքական իրական անկախութիւնը, որովհետեւ այդ անկախութեանը չհետեւեց տնտեսական անկախութիւնը:

Նշան Որբերեան (ԱՄՆ)

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեր 24 – ամյա իրականության բավականին ճշմարիտ ներկայացում: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031