Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի տունը՝ փշալարերի հետեւում

Մարտ 20,2015 18:53

9 տարի է, ինչ փակվել է Բագրատաշեն-Սադախլո հայ-վրացական շուկան: Շուկայի փակումը մեծ չափով ազդել է Բագրատաշեն գյուղի վրա: Նախկինում Նոյեմբերյանից օրական 3-4 միկրոավտոբուս էր գյուղ մտնում( օրական 3-4 ուղերթ կատարելով) , այժմ միայն մի միկրովտոբուս է մեկնում, երկու ուղերթով, կիսադատարկ վիճակում: Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլոյին սահմանակից գյուղի բնակչությունը նվազել է: Շուկայի փակվելուց հետո Բագրատաշենի բնակչությունը 3500-ից դարձել է 2800, մարդիկ տեղափոխվել են Ռուսաստան կամ Հայաստանի տարբեր վայրեր: 1948թ. հիմնված Բագրատաշենում բնակվում են Հայաստանի, Ջավախքի, Ադրբեջանի հայաշատ վայրերից վերաբնակներ, անցյալ դարի առաջին կեսին Հայաստան եկած սփյուռքահայերի սերունդներ:

Գյուղը շուկայի փակումից նաեւ այլ վնասներ է կրել : Փշալարերով արգելափակված մաքսային գոտում է մնացել Լալվարի խորհտնտեսության մշակույթի տունը: Բագրատաշենի շուկայի գործարկումից հետո այն կառավարության որոշմամբ տրվել է առեւտրի նախարարությանը: 2006թ., Բագրատաշենի շուկայի փակումից հետո, շենքը հանձնվել  է մաքսային կոմիտեին: Բագրատաշեն համայնքի ղեկավարը եւ ավագանին մշակույթի տան շենքը համայնքին վերադարձնելու համար դիմել են կառավարություն, սակայն` անարդյունք: Նշենք, որ շուկայի գործելու ժամանակ այստեղ ազատ ոճի ըմբշամարտի խումբ էր գործում, կազմակերպվում էին միջազգային պատանեկան մրցումներ, որոնց մասնակցում էին նաեւ Վրաստանից թիմեր: Այդ մրցումներին ներկա էր լինում ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Շուկայի փակ տարածքի հետ կապված եւս մեկ խնդիր կա: Հողի սեփականաշնորհման ժամանակ, 1991թ. գյուղի 2 բնակիչներ այդ տարածքում սեփականության իրավունքով ձեռք են բերել շենք-շինություններ: Այդ նույն տարածքում, ուր 1999թ. կառուցապատվել է սահմանամերձ առեւտրի շուկան, Տավուշի մարզի 3 բնակիչ շինություններ`առեւտրի օբյեկտներ են կառուցել: Կառավարության 2001թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ կանոնակարգվել է շուկայի գործունեությունը: Այն տարածքը, որտեղ գտնվել են այդ շինությունները, պարսպապատվել է, դարձել մաքսային հսկողության գոտի: 2006թ., շուկայի փակվելուց հետո, այդ շինությունները հայտնվել են սահմանամերձ փակ գոտում: Դրանց տերերը հնարավորություն չունեն այդտեղ զբաղվելու տնտեսական որեւէ գործունեությամբ: Չնայած դրան, ամեն տարի, այդ 5 անձանց համար հաշվարկվում է գույքահարկ, որը տարեկան կազմում է 741 հազար դրամ: Բագրատաշեն համայնքի ղեկավար Ա. Մակյանը դիմել է Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին, խնդրելով միջնորդել կառավարությանը, որպեսզի նշված 5 սեփականատերերի գույքահարկի հաշվարկը կասեցվի կամ էլ Բագրատաշեն համայնքի սեփական եկամուտներից այդ գումարները հանվեն: Սակայն այդ խնդրանքը չի բավարարվել, ավելին՝ այդ 5 անձանց գույքահարկի գումարի չափն ավելացել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031