Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վրաստանում բենզինի գինը 20 տոկոսով ցածր Հայաստանից

Մարտ 23,2015 17:42

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի փաստելով, Վրաստանում և Հայաստանում պատմականորեն բենզինի գները միշտ նույնն են եղել, բայց հիմա Վրաստանում այն 20 տոկոսով ցածր է, քան մեր երկրում: Պատճառն այն է, որ Հայաստանը բենզին է գնում միայն ռուսական «Ռոսնեվթից», իսկ վրացիները բենզին ձեռք են բերում ռուսական, ռումինական, ադրբեջանական ընկերություններից ՝ մրցակցային պայմաններում:

«Շատերը կհիշեն, երբ 2013 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանում էր, ձեռք բերվեց, ըստ էության, բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ Հայաստանը բենզինը գնելու է ռուսական «Ռոսնեվթից»: Այդպես էլ եղավ. անցած տարվա փետրվարից Հայաստանը սկսեց բենզին գնել «Ռոսնեվթից», ինչի արդյունքում բենզինի գինը մոտ 10 տոկոսով անկում ապրեց: Միշտ պատմականորեն Հայաստանում և Վրաստանում բենզինի գինը նույնն էր , բայց հիմա Վրաստանում բենզինի գինը մոտ 20 տոկոս ավելի ցածր է, քան մեր մոտ, որովհետև Վրաստանում ռուսական, ռումինական, բուլղարական և ադրբեջանական բենզիները իրար հետ մրցում են, մրցակցության պայմաններում նավթի գնի իջնելու հետ միասին բենզինի գինը շատ ուժեղ իջնում է: Իսկ մեր մոտ գալիս է միայն «Ռոսնեվթի» բենզինը , որն անմրցակից է , քանի որ կա բանավոր պայմանավորվածություն, որ միայն «Ռոսնեվթից» ենք գնելու: Արդյունքում Հայաստանում բենզինի գինը արժի 420 դրամ, երբ Վրաստանում դրամով հաշված այն արժի մոտ 330 դրամ: Ընդ որում, երբ մենք մաքսային ծառայություններից ստանում ենք մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններ, շատ լավ երևում է, որ բենզինի մաքսային արժեքը էականորեն անկում է ապրել վերջին ամիսներին, բայց բենզալցակայաններում բենզինի գինի ընդամենը 10-15 տոկոսով է իջել, ինչը անհամաչափ է»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:

Նա ուշադրության է հրավիրում մեկ այլ խնդրահարույց հարցի. նախանցած տարի ստորագրված գազային համաձայնագրին, ըստ որի, Հայաստանը առաջիկա 29 տարում` մինչև 1944 թվականը, չի կարող այլ երկրներից գազ գնել: «Եթե այն ժամանակ ասում էին, թե սա շահավետ պայմանագիր է, վերջին մի տարվա դեպքերը ցույց տվեցին, որ դա այնքան էլ շահավետ պայմանագիր չէ: Մեզ ասում էին, թե գազային համաձայնագրով մեզ գազը տալիս են Ռուսաստանի ներքին գնով, Ռուսաստանում գազի ներքին մեծածախ գինը 1000 խորանարդ մետրի համար 4400 ռուբլի է , մի խորանարդ մետրի համար 4,4 ռուբլի: Հայաստանում այն վաճառվում է արդեն 156 դրամով, ինչը մոտ 20 ռուբլի է ներկայիս փոխարժեքով և կարծես թե այդ գումարը գնում է գազի տարանցման, բաշխման և այլն: Բայց կան այլ խնդիրներ, նախ որ գազային պայմանագիրը ստորագրված է դոլարով և ոչ թե ռուբլիով, այսինքն երբ դրամը մի քիչ ընկավ և ռուբլին շատ ուժեղ ընկավ «ՀայՌուսգազարդը» սկսեց խոսակցություններ այն մասին, թե մենք գազը գնում ենք դոլարով և Հայաստանում գազի գինը պետք է բարձրանա դոլարին զուգահեռ: Այն պայմաններում, երբ «ՀայՌուսգազարդը» գազը գնում է «Գազպրոմ»-ից, և «Գազպրոմ»-ն այստեղ իրականում կորուստներ չի ունենում, անգամ հակառակը, եթե գազային համաձայնագիրը կնքված լիներ անգամ ռուբլիով, գազի գինը պետք է երկու անգամ իջած լիներ, որովհետև ռուբլին երկու անգամ իջել է: Բացի այդ, գազի միջազգային գինը անցած տարվա հունվարի հետ համեմատ վերջին 14 ամսում շուրջ 40 տոկոսով անկում է ապրել: Օրինակ՝ Ամերիկան ու որոշ արաբական երկրներ մատակարարում են Եվրոպային, Ճապոնիային, մոտ 40 տոկոսով արժեզրկվել են գազային համաձայնագրերը:

Բացի դրանից, Ռուսաստանի և Եվրոպայի միջև կնքված շատ համաձայնագրերում գազի գինը կախված է մազութի և դիզվառելիքի գնից: Նավթի գինը իջել է, իր հերթին իջել են նաև դիզվառելիքի և մազութի գները, և մատակարարվող գազի գինը իջել է: Իսկ մեր մոտ գազային համաձայնագրով գազի գինը կապված է միայն դոլարի հետ, իսկ դոլարը միայն թանկանում է: Այն պարագայում, երբ Ուկրաինայի, Մոլդովայի, Եվրոպայի համար , որոնք Ռուսաստանի հետ այնքան էլ դաշնակից չեն, մեղմ ասած, գազի գինը իջնում է, մեր համար գազի գինը բարձրանում է: Արդյունքում ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ Ռուսաստանի թշնամի Ուկրաինայի բնակիչները գազի համար վճարում են ավելի քիչ, քան մենք: Ապրիլի մեկից իրենց մոտ գազի գինը բարձրանալու է, բայց բարձրացված գազի գինը լինելու է ավելի էժան, քան մեր մոտ գազի գինն է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031