Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ Ռիգայի գագաթաժողովը Հայաստանի իշխանությունը պարզապես ժամանակ կձգի». «168 ժամ»

Մարտ 24,2015 12:06

Հարցազրույց հեղինակավոր «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, նախորդ շաբաթ Երևանում անցկացվեց «Եվրանեսթի» 4-րդ լիագումար նիստը, որի ընթացքում որոշ եվրոպական պաշտոնյաներ բավականին համարձակ դիտարկումներով հանդես եկան Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, ինչը, հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ԱԺ-ում ռուս պաշտոնյաների, կրեմլյան խոսնակների ձևավորած ավանդույթը, բավականին հատկանշական էր։ Ուշագրավ է նաև այն, որ նիստը կայանում է մի երկրում, որը լինելով ԱլԳ անդամ՝ ներկայացնում է Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչո՞վ էր նշանակալի այս նիստը Հայաստանի համար, և ի՞նչ է սա նշանակում ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից։

– Հավանաբար, նախևառաջ՝ Քշիշտոֆ Բոբինսկու ասածը նկատի ունեք՝ այն մասին, որ Եվրասիական միության անդամակցությամբ անվտանգությունը չի ապահովվել, այլ ընդհակառակը՝  Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, և, որ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը։ Դա, ըստ էության, նորություն չէ, Հայաստանում էլ կան նմանատիպ տեսակետ ունեցողներ, սակայն սթափության բոլոր կոչերն ապարդյուն են անցնում, քանի որ Հայաստանի քաղաքական վերնախավը պարզապես  այլ պետության շահերով է առաջնորդվում։ ԵՏՄ անդամ երկրում նիստի անցկացումն առանձնակի նշանակություն չունի, ԱլԳ տարբեր երկրներում են անցկացվում  նիստերը,  որոշակի հերթականություն կա։ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ուղղակի կարևոր է զարգացնել՝ օգտագործելով առկա հնարավորությունները, եթե առայժմ հնարավոր  առավելագույնը  նոր պայմանագրի   ստորագրումն   է՝ պետք է օգտվել դրանից։

– «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան ասել է, որ նոր համաձայնագիրը, որը քննարկվում է Երևանի և Բրյուսելի միջև, Ասոցացման համաձայնագիր չէ, այն յուրահատուկ համաձայնագիր է, որն անգամ անուն դեռ չունի։ Նա նաև նշել է, որ պետք է հասկանան՝ ինչի կարիք ունի Հայաստանը։ Շատ է քննադատվում ՀՀ իշխանությունների հապաղումն այս հարցում։ Կա մեկ այլ տեսակետ ևս, որ Արևմուտք-ՌԴ առճակատման պատճառով ճիշտ է Հայաստանի զգուշավոր դիվանագիտությունն այս ուղղությամբ։ Ի՞նչ եք մտածում այս մասին։

– Մինչև Ռիգայի գագաթաժողովը մնացած երկու ամսում բանակցություններն ավարտին հասցնելու և համաձայնագիրը ստորագրելու հավանականությունը փոքր է. ընդհանուր առմամբ, հնարավոր է այդ նպատակն իրականացնել, սակայն մանրակրկիտ աշխատանք է պահանջվում՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ի 28 անդամների համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը։ Հավանական է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես ժամանակ կձգի՝ «մտքերի փոխանակման» գործընթացից առաջ չանցնելով, որպեսզի ավելորդ անգամ ցույց չտա, որ կրկին Մոսկվայից ստացված ցուցումներով է առաջնորդվում. Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ մերձեցման նկատմամբ Ռուսաստանի բացասական վերաբերմունքը գաղտնիք չէ։ Հայտնի է, որ չնայած նախկինում եղած բացահայտ սպառնալիքներին՝ ռուս պաշտոնյաների կողմից, մամուլի միջոցով, կոնֆերանսներում ելույթների միջոցով և այլն, հայ պաշտոնյաները սպառնալիքների առկայությունը միշտ ժխտում են՝ խոսելով «անվտանգության երաշխիքների» և «ազգային շահի» մասին։ Այդպիսով, թե՛ իրենց, թե ռուսների համար ավելի հարմար է պարզապես թույլ տալ, որ մինչև գագաթաժողով եղած ժամանակը սպառվի, որպեսզի սպառնալիքների վերաբերյալ ավելորդ անգամ չխոսվի:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031