Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխղեկը «ձեռ է առել» փոսն ընկած, առողջությունը կորցրած կնոջը

Մարտ 26,2015 13:20

2014թ. դեկտեմբերի 5-ին Իջեւան քաղաքի կենտրոնում, Անկախության փողոցում, «Վեգաս» խանութի մոտ Տավուշի մարզկենտրոնում խմելու ջրագծերի ցանցը նորոգողների փորած փոսն ընկել եւ ձեռքի, ոտքի տարբեր վնասվածքներ է ստացել 65-ամյա բնակչուհի Ալիտա Օհանյանը: Պատահական մարդիկ նրան օգնել են փոսից դուրս գալ: Դրանից հետո չարաբաստիկ փոսը հողով ծածկել են:

Այդ պատահարից գրեթե չորս ամիս է անցել: Զանգահարեցինք Ալիտա Օհանյանի բջջային հեռախոսահամարին: Նա ասաց, որ ինքը Մոսկվայում է բնակվում, այնտեղից Իջեւան էր եկել հոր մահից հետո ժառանգություն ստանալու նպատակով: Կնոջ խոսքերով, փոսը, որի մեջ ընկել է ինքը, որեւէ կերպ արգելափակված չի եղել, չի եղել նախազգուշացնող նշան:

Տիկին Ալիտան ասաց, որ դեպքից հետո ինքը եղել է Իջեւանի բժշկական կենտրոնում, այնտեղ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նա ասաց,որ անսալով իր հարազատների հորդորներին, ինքը հակված չի եղել ջրագիծը նորոգողների, փոս փորածների դեմ բողոքելու:

Ամիսներ շարունակ հարազատները անկողնում խնամել են տիկնոջը, նա բուժվելու համար մեծ քանակի դեղորայք է գնել: Այդ նպատակով մեծ ծախսեր է կատարել, սակայն Իջեւանում խմելու ջրագծեր նորոգող «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերությունը տուժած կնոջը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել:

Ա. Օհանյանի խոսքերով՝ այդ ընկերության աշխղեկը նույնիսկ հեգնել է իրեն, հարցնելով, թե ինքն այդ փոսի տեղը գիտի՞: Կնոջ վկայությամբ՝ դեպքից շուրջ 4 ամիս անց, ստացած վնասվածքի հետեւանքով, իր ձախ թեւը չի գործում: Մարտի 25-ին Ա. Օհանյանը եղել է Երեւանում, մայրաքաղաքի բժշկական հիմնարկություններից մեկում զննվել է նյարդաբան- վիրաբույժի կողմից: Ա. Օհանյանն ասաց, որ ինքը կարողանում է ձախ թեւը բարձրացնել միայն աջ թեւի օգնությամբ, հարկ կլինի իր ձախ թեւը վիրահատել:

Ա. Օհանյանը հայտնեց, որ ինքն արդեն փաստաբան ունի՝ Զարուհի Վարդանյանը, պատրաստվում է « Բաղրամյանշին» ընկերության դատի տալ: Զարմանալի է, որ դեպքի մասին 2014թ. դեկտեմբերի 12-ին մեր հրապարակումից հետո էլ ոստիկանության Իջեւանի բաժինը դեպքի կապակցությամբ կնոջը չի հարցաքննել:

Հավելենք.որ Իջեւանի շատ փողոցներ, ջրագծերի նորոգման պատճառով դեռ կիսաքանդ են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031