Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կօգտվի՞ Հայաստանն Իրանի նոր հնարավորություններից

Ապրիլ 08,2015 15:00

Պատմական
համաձայնություն՝ Իրանի հետ

Ապրիլի 2-ին պատմական համաձայնություն կայացավ Իրանի եւ վեց տերությունների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Գերմանիայի միջեւ Լոզանում: Աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկի կարգավորման ուղին գտնվեց։ Մի քանի օր տեւած երկարատեւ եւ լարված բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց իրանական միջուկային վիճահարույց խնդրի կարգավորման առանցքային դրույթների շուրջ։

Կողմերն այս համաձայնությամբ մտադիր են կասեցնել Իրանում ատոմային ռումբի ստեղծման հնարավորությունը, ինչի դիմաց ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՄԱԿ-ը կսկսեն աստիճանաբար մեղմել Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նշեց, որ ուրանի հարստացման ծրագիրը էապես կսահմանափակվի, արդեն հարստացված միջուկային նյութի մի մասը դուրս կբերվի Իրանից. «ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կհրաժարվեն պատժամիջոցներից միայն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմը ստուգման ճանապարհով պաշտոնապես հայտարարի, որ Իրանը կատարում է ստանձնած պարտավորությունները»։

Հազարավոր իրանցիներ դուրս էին եկել փողոցներ՝ տոնելու բանակցությունների հաջողությունը: Իրանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում ավտոշարասյան վարորդներն ազդանշաններ էին տալիս՝ ողջունելով շրջանակային համաձայնագրի կնքումը, որի վերջնական տարբերակը կպատրաստվի մինչեւ հունիսի 30-ը։ Թեհրանի բնակիչները սոցցանցերում հրապարակում էին լուսանկարներ ու տեսանյութեր Թեհրանի փողոցներից, մարդիկ փողոցներ են դուրս եկել երկրի նախագահ Ռուհանիի նկարներով։
Ի դեպ, բանակցությունների արդյունքներով Օբամայի ելույթը հեռարձակվեց Իրանում։ Սպիտակ տունը վստահեցրեց, որ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ համաձայնագրի մանրամասները հնարավոր կլինի համաձայնեցնել, եւ վերջնական համաձայնագիրը կկնքվի: Իսկ Բարաք Օբաման Իրանի հետ գործարքը համեմատեց ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ համաձայնության հետ. «ԱՄՆ-ն իր դաշնակիցների ու գործընկերների հետ պատմական համաձայնության են եկել Իրանի հետ, որն ամբողջ ծավալով պահպանվելու դեպքում նրան հնարավորություն չի տա ունենալ միջուկային զենք: Ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը թույլ կտա մշակել համապարփակ համաձայնագիր, որն աշխարհը կդարձնի առավել անվտանգ»: Օբամայի խոսքերով` Թեհրանն իր միջուկային ծրագրի հարցում կբախվի կոշտ սահմանափակումների, ընդ որում` նրան սպասում են աննախադեպ մասշտաբի միջազգային ստուգումներ: Նա զգուշացրել է, որ Իրանի կողմից պայմանավորվածությունը խախտելու դեպքում նրա դեմ վերստին կարող են սահմանվել պատժամիջոցներ. «Եթե մենք նկատենք կասկածելի որեւէ բան, ապա կստուգենք դա»: Օբաման ընդգծել է նաեւ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, որոնց համար պատճառ են հանդիսացել ահաբեկչությանն աջակցելն ու մարդու իրավունքների խախտումները, կշարունակեն մնալ ուժի մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը` նշեց. «Իրանի կողմից պարտավորությունները պահպանելն ապահովելը կենսական անհրաժեշտություն ունի միջազգային հանրության համար»: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն այս առիթով արձագանքել է. «Սա շրջադարձային համաձայնագիր է, կարեւորագույն ներդրում միջազգային անվտանգությունում, այն կմեծացնի փոխադարձ վստահությունն ու թեթեւություն կբերի Իրանի տնտեսությանը՝ ի շահ իր ժողովրդի»։ Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունելով բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանք անվանել է կարեւոր քայլ եզրափակիչ համաձայնագրի ճանապարհին. «Մենք առավել քան երբեւէ մոտ ենք համաձայնագրին, որով Իրանը երբեք չի ունենա միջուկային սպառազինություն»։

Նոր իրավիճակ
տարածաշրջանում

Այսպիսով չեղյալ են հայտարարվում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Մեկուսացված Իրանն ապրիլի 2-ից նոր փուլում է, եւ ոչ միայն Իրանը` ողջ տարածաշրջանը: Ուկրաինական ճգնաժամից վերաճած Արեւմուտք-Ռուսաստան առճակատման ֆոնին այս իրադարձությունն, անկասկած, նոր հնարավորությունների, նոր դիվանագիտական ջանքերի գործադրման փուլ է: Թե ինչպես կդրսեւորեն իրենց մեր տարածաշրջանի երկրները` դրանից է կախված լինելու իրանական հիմնախնդրի հանգուցալուծման արդյունքում տարածաշրջանի զարգացման հնարավորությունները: Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արձագանքը կարելի է չափավոր բավարար գնահատել:

Իրանի ու «վեցյակի» միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքի անվտանգության ոլորտում տիրող ընդհանուր իրավիճակի վրա՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ-ն. «Ձեռք բերված որոշումը դիտարկում ենք նաեւ միջազգային հարաբերությունների իրավական համակարգի ամրապնդման տեսանկյունից` որպես վառ ապացույց նրա, որ քաղաքական-դիվանագիտական ջանքերի միջոցով կարելի է լուծել ամենաբարդ խնդիրներն ու ճգնաժամային իրավիճակները: Անկասկած է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը դրականորեն կազդի Մերձավոր Արեւելքի անվտանգության ոլորտի ընդհանուր վիճակի վրա, այդ թվում նաեւ նրա հաշվին, որ Իրանը կարող է առավել ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում առկա մի շարք խնդիրների ու հակամարտությունների կարգավորման հարցում»: Մոսկվան հանդես է գալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների անհապաղ վերացման օգտին՝ ավելի ուշ ասաց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հույս հայտնեց, թե Թեհրանը կշարունակի առաջ ընթանալ դեպի վերջնական գործարքի կնքում. «Երբ մենք այսօր նայում ենք «վեցյակի» դիրքորոշմանը, Իրանը դեռ գտնվում է այն գծից այն կողմ, որը մենք կարող էինք հաստատել 2010-ին, սակայն մենք հուսով ենք, որ Իրանը կհանգի այդ գծին»: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։ Նրանք քննարկում են երկկողմ հարաբերություններ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։ Էրդողանի այցը Թուրքիայի նախագահի՝ չորս տարիներին Իրան կատարած առաջին այցելությունն է։

Իրանը շահագրգռված է «Անդրանատոլիական» TANAP գազատարում մասնաբաժնի գնմամբ՝ օրերս արդեն հայտարարեց SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: Նրա խոսքերով` SOCAR-ը պատրաստ է դիտարկել TANAP-ում իր բաժնեմասի մի մասի վաճառքի մասին առաջարկները. «TANAP-ի նախագիծն այնքան շահութաբեր է, որ մեր բաժնեմասի հանձնման մյուս տարբերակները չեն կարող լինել քննարկման առարկա: Խոսքը կարող է միայն գնալ դրա վաճառքի մասին: Եթե մենք ստանանք շատ շահավետ առաջարկներ, ապա պատրաստ ենք քննարկել այդ հարցը: Այդպիսի առաջարկներ արդեն իսկ կան: Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին որոշումից հետո էլ ավելի է բարձրացել TANAP-ի այժմեականացումը: Իրանը կավելացնի գազի արդյունահանման ծավալները, եւ TANAP-ից բացի՝ գոյություն չունի համաշխարհային շուկաներ իրանական գազի դուրս գալու այլընտրանք»:

Իրանը` ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի նոր հրամայական

Մի կողմից՝ ակնհայտորեն ՌԴ-ն, Թուրքիան ու Ադրբեջանն այնքան էլ խանդավառված չեն Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ձեռք բերված համաձայնությունից, մյուս կողմից՝ Իրանի նոր կարգավիճակի հետ բոլորն են ստիպված հաշվի նստել:

Պաշտոնական Երեւանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով արձագանքեց իրանական հիմնախնդրի շուրջ պայմանավորվածությանը. «Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատեւ կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության եւ համագործակցության ամրապնդմանը: Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»,- տարածած հայտարարության մեջ նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Տարածաշրջանային գործընթացներում Իրանի նոր դերակատարությանը մեր երկիրը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենա` բացառելով երրորդ երկրների խոչընդոտման փորձերը, որոնք չարժե բացառել: Այժմ բոլորը` «վեցյակի» երկրները, մերձավորարեւելյան խաղացողները կփորձեն իրենց շահերն առաջ տանել: Հայաստանը հնարավորություն կունենա համագործակցելու Իրանի հետ առաջին հերթին էներգետիկ ոլորտում։ Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը, վստահաբար, կփորձի ճանապարհային քարտեզ գծել, որով նրա էներգետիկ ռեսուրսներն արտահանվեն դեպի Եվրոպա։ Հայաստանը կարող է մեծ դեր խաղալ այդ գործընթացում, մանավանդ, որ Թուրքիան, կարծես, ակնկալիքներ ունի Թեհրանից էներգետիկ պաշարների արտահանման տարանցիկ ճանապարհի առնչությամբ։

Իրանական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում Իրան-Հայաստան գազամուղի կառուցման առնչությամբ՝ այն առումով, որ եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա, ինչպես նաեւ՝ երկաթուղու եւ ՀԷԿ-ի կառուցման ուղղություններով: ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ամռանը Իրան-Հայաստան գազամուղի թեմային անդրադառնալիս նշել էր. «Գազամուղի այդ տրամաչափով հնարավոր չէ տարանցում իրականացնել: Եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու»: Դեսպանը հավելել էր, որ մեկ երկաթգծի կառուցման համար 3-4 միլիարդ դոլարի ներդրում է անհրաժեշտ:

Ի՞նչն է խոչընդոտում` ներդրումների բացակայությո՞ւնը, թե՞ երկու երկրների կառավարություններում բավարար կամքը՝ «Առավոտ»-ը հունվարի 27-ին այս հարցն էր ուղղել Իրանի ԱԳ նախարարին` հիշատակելով Իրան-Հայաստան գազամուղի, երկաթուղու եւ ՀԷԿ-ի կառուցման ձգձգման պատճառները: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Երեւանում մեր հարցին ի պատասխան՝ հայտարարել էր. «Քաղաքական կամք գոյություն ունի: Լուծումներ գտնելու համար քննարկումներ են ընթանում: Իրանական կողմը ՀԷԿ-ի իրականացնողն է, ներկայացրել է որոշակի տեխնիկական պարամետրեր, դրանց վերաբերյալ պատասխաններ ստանալուց անմիջապես հետո առաջընթացի հնարավորություններ կլինեն: Երկաթգծի հետ կապված եռակողմ լավ քննարկումներ են եղել, դրական որոշում է կայացված: Մենք հույս ունենք, որ արագ առաջ կընթանանք: Մնացած ոլորտներում՝ էներգետիկայի, գազի, էլեկտրաէներգիայի, Իրանում արդյունավետ բանակցություններ են ընթացել, համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք միգուցե արդյունք կտան»,- ասել էր նա: Մոհամադ Ջավադ Զարիֆը նաեւ խոստովանեց, որ ծրագրերի իրականացման համար ֆինանսական խնդիրներ եղել են, որոնց մեծ մասը, սակայն, նրա խոսքով` ՀՀ կառավարության դերակատարությամբ լուծվել են, ինչի առիթով նա շնորհակալություն հայտնեց: «Մենք հույս ունենք, որ գոյություն ունեցող քաղաքական կամքի շնորհիվ մնացած խնդիրները կլուծվեն»,- հավելել էր Իրանի ԱԳ նախարարը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930