Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուրամյակը՝ ռեժիմի հետ

Մայիս 05,2015 12:00

Սոցիալական խնդիրներն ու առօրյա դժվարություններն այնպես հիմնավոր ու բոլորեքյան են շուրջկալել մեզ, որ դժվարանում ենք ուրախանալ մեր ձեռքբերումներով ու հաջողություններով: Իսկ ձեռքբերումներ եւ հաջողություններ իսկապես կան, ու մենք, չնայած դժվարությամբ, այդուհանդերձ, ուրախանում ու երբեմն նույնիսկ ցնծում ենք:
Ցավոք սրտի, մեր ամենամեծ ուրախությունն այս անգամ էլ տեղի ունեցավ մեր ամենամեծ տխրության՝ Ցեղասպանության առիթով:

Նախ՝ Քիմ Քարդաշյանի աննախադեպ, չափազանց օգտակար այցելությունը՝ յուր կողակցի հետ: Այնուհետեւ Վատիկանի ու Հռոմի պապի աննախադեպ պատարագը՝ Նարեկացու տիեզերական վարդապետությամբ համեմված: Այնուհետեւ՝ Եվրոպական կարեւորագույն կառույցում տեղի ունեցած աննախադեպ քննարկումը՝ Հայոց ցեղասպանության հարցով: Այնուհետեւ՝ Շառլ Ազնավուրի բացառիկ հարցազրույցը Պոզներին եւ Թանկյանի բացառիկ համերգը: Ինչպես նաեւ՝ բացառիկ մոմավառությունը:

Ինչպես բանաստեղծն է ասել՝ «կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»: Հենց այդպես էլ, փաստորեն, անում ենք:

Բարեբախտաբար, Ցեղասպանության տարելիցի առթիվ կազմակերպված այս անգամվա միջոցառումներն ավելի շատ կյանքով էին լեցուն, քան զոհերով ու մահերով:
Եթե այս ամենին գումարենք նաեւ Պուտինի եւ այլ կարեւորագույն հյուրերի ներկայությունն ու մասնակցությունը, կարող ենք վստահաբար ասել, որ 100-ամյա տարելիցն ավելի քան ստացվեց: Ընդ որում՝ առանց ավելորդ նվնվոցների ու լացակումած շեշտադրումների:
Բայց՝ «կարեւորը մենք ենք ու Ավստրիան»: Ավստրիան էլ, փաստորեն, Ցեղասպանությունը ճանաչեց: Մնացինք մենք: Ու մեկ էլ Թուրքիան:

Թուրքիան շատ էր ուզում Ցեղասպանության հարցերի շուրջ մեզ հետ երկխոսել, բայց կյանքը ստիպում է, որ Թուրքիան մենախոսությամբ հանդես գա, ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլեւ ողջ աշխարհի առաջ:

Մենախոսություն հաստատ կլինի, իսկ թե ինչ որակ ու բովանդակություն կունենա այդ մենախոսությունը՝ դեռ կտեսնենք:

Էրդողանի ու նմանների առաջին ռեպլիկներին կարելի է լուրջ ուշադրություն չդարձնել, որովհետեւ դրանք տաքության մեջ գտնվողի առաջին եւ միանգամայն բնական արձագանքներ ու ձայնարկություններ են: Մանավանդ որ՝ թուրքերի նախաձեռնած ալտերնատիվ հոբելյանը՝ իրենց ճակատամարտի հոբելյանի առիթով, ամբողջովին տապալվեց:

Նազարբաեւի ու մանավանդ Լուկաշենկոյի բացակայությունը որքան զարմանալի, նույնքան եւ հաճելի էր: Հաճելի էր ոչ միայն անկեղծ ինքնարտահայտման ու ինքնադրսեւորման իմաստով, այլեւ էն իմաստով, որ իրենց առիթներով էլ մենք ազատ ինքնարտահայտման հնարավորություն կունենանք:

Այսինքն՝ Եվրասիական միությունը քաղաքական առումով այնքան էլ ամուր ու վերջնական ձեռնաշղթա չէ: Ինչպես որ ՆԱՏՕ-ն՝ Ֆրանսիայի ու անձամբ Ֆրանսիայի նախագահի համար:

Ապրիլի 24-ին Պուտինի տրամադրությունն էլ առանձնապես բարձր չէր, եւ միգուցե Պուտինն էլ հոգու խորքում կցանկանար այդ օրը բացակայել Երեւանից եւ ավելորդ տեղը թուրքերին վատամարդ չդառնալ, բայց, այդուհանդերձ, Վլադիմիր Վլադիմիրովիչը, որպես հմուտ ու փորձառու քաղաքական գործիչ, հասկացել էր, որ ապրիլի 24-ին իր՝ Երեւանում գտնվելը որքան մեզ էր հարկավոր, նույնքան էլ իրեն: Տարբեր ու զանազան պատճառներով, որոնց հիմքում առաջին հերթին, իհարկե, քաղաքական շահերն են:

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց համայն աշխարհն իմացավ, որ Թուրքիան հարյուր տարի առաջ հայերի հանդեպ ցեղասպանություն է իրականացրել: Եվ աշխարհի երկրներից ու ժողովուրդներից շատերը ճանաչեցին ու դատապարտեցին այն:
Անկախ նրանից, թե հաջորդ ապրիլի 24-ին Օբաման կամ Օբամայի իրավահաջորդն իր ճառում ինչ բառ կարտասանի, կարելի է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փուլն ավարտված է: Հօգուտ հայերի: Դա փաստ է, եւ նույնիսկ ավելորդ է քննարկել՝ դա հայոց լոբբինգի՞ հաղթանակն է, թե՞ մարդկության արդարադատության:
Բայց սա ոչ թե վերջն է, այլ ընդամենը սկիզբը: Որովհետեւ ցանկացած արդարադատություն արդարադատության է վերածվում միայն այն դեպքում, եթե այն պսակվում է հատուցմամբ:

Ահա թե ինչի շուրջ պիտի երկխոսեն հայերն ու թուրքերը: Ընդ որում՝ ոչ թե պատմաբանները, այլ պատմաբանները, քաղաքագետներն ու բոլորը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել