Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նորընտիր խորհրդարանում կընդգրկվի 2 ընդդիմադիր կուսակցություն

Մայիս 05,2015 11:05

Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին անցկացվեցին 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Ընտրություններին մասնակցել է 72.039 ընտրող, որոնցից 68.915-ը իր քվեն տվել է որեւէ կուսակցության կամ թեկնածուի:

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների՝ նվազագույն շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, որոնցից երկուսն ընդդիմադիր է: Այսպիսով՝ ընտրությունների ընթացքում Ազգային ժողովում կընդգրկվեն իշխանական «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները եւ ընդդիմադիր «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները:
«Շարժում-88» կուսակցության ցուցակը գլխավորող Վիտալի Բալասանյանը թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով հաղթել է՝ հավաքելով 3708 քվե: Այսինքն՝ «Շարժում-88» կուսակցությունը 6-րդ գումարման Ազգային ժողովում կներկայացնի երեք պատգամավոր. Վիտալի Բալասանյանը պատգամավորի մանդատ կստանա մեծամասնական ընտրակարգով, եւ կուսակցության եւս մեկ պատգամավոր հնարավորություն կունենա ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի խորհրդարան: Իսկ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը խորհրդարանում կներկայացնի կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

«Առավոտի» հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններին բնակչության բարձր մասնակցությունը սպասելի էր. «Ճիշտն ասած, սովորաբար, ղարաբաղցիները ակտիվ մասնակցում են ընտրություններին, մասնակցությունը հիմնականում լինում է 65-70 տոկոս: Ղարաբաղցիները պարտաճանաչ մարդիկ են եւ հասկանում են, որ քաղաքական պարտք ունեն կատարելու, եւ կատարում են»:
Այն հանգամանքը, որ խորհրդարանում կընդգրկվեն երկու ընդդիմադիր կուսակցություններ, Լեոնիդ Մարտիրոսյանը համարում է հնարավորություն ավելի արդյունավետ աշխատելու. «Ազգային ժողովում արդեն կլինի կարծիքների եւ ծրագրերի մրցակցություն: Կարծում եմ՝ արդյունքում՝ հնարավոր կլինի ավելի արդյունավետ աշխատել»:

Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովում կընդգրկվեն 33 պատգամավոր, որոնցից 22-ը՝ համամասնական ընտրակարգով եւ 11-ը՝ մեծամասնական:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
Ստեփանակերտ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031