«Ես շատ լրագրողներ գիտեմ, ովքեր ոչ մի լրատվամիջոցում չեն աշխատում, իրենք հոդվածներ են գրում ու տալիս տարբեր ԶԼՄ-ներին, ասենք, իրենցից մեկը կարող է օնլայն տեսնում է ակցիան ու իջնում է լուսաբանելու, նրանց իրավո՞ւնք ունեք խոչընդոտեք»,- այսօր նման հարց հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը`դիմելով ոստիկանության իրավաբանության վարչության պետ Մերուժան Հակոբյանին:
Վերջինս, խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց. «Հաճախակի լրագրողները դառնում են ակցիայի մասնակից ու շեղվում են իրենց բուն գործունեությունից, դրա համար ոստիկանությունը նախատեսում է, որ հավատարմագրվեն ակցիաներից առաջ կամ հատուկ բեյջեր կրեն, բաճկոններ հագնեն»:
Ոստիկանության ներկայացուցիչը նախ դժվարացավ պատգամավորի հարցադրմանը պատասխանել: Ապա ասաց, թե այդ խնդիրն իրենց ևս մտահոգում է և իրենք փորձելու են հարցին լուծում տալ: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ համապատասխան նախագիծ է նախապատրաստվում, որում հստակ նշված են լինելու լրագրողներին տարբերակող ատրիբուտները`հատուկ բաճկոններ, բեյջեր եւ այլն: Նա ասաց, որ նախագիծը դեռ նախապատրաստման փուլում է ու այն անպայման դրվելու է հանրային քննարկման`հատկապես լրագրողական կազմակերպությունների շրջանում:
Կարդացեք նաև
Ոստիկանության իրավաբանական վարչության պետը հավելեց նաև, որ եթե լրագրողները հավատարմագրվեն, ակցիային խոչընդոտելու դեպքերը կպակասեն:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը նաեւ նշել էր, որ 2014 թվականին կրկին գրանցվել են Ոստիկանության կողմից խաղաղ հավաքների սահմանափակման որոշ դեպքեր, այդ թվում` ոչ իրավաչափորեն հավաքի ցրում, հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում, նրանց ազատ տեղաշարժի սահմանափակում, իսկ որոշ դեպքերում՝ անհարկի բերման ենթարկում:
«Գրանցվել են իրավապաշտպանների, լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման, վերջիններիս նկատմամբ բռնության կիրառման դեպքեր, որոնց կանխման, բացահայտման և մեղավորներին պատժելու ուղղությամբ Ոստիկանությունը չի ձեռնարկել բավարար քայլեր»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ մի շարք դեպքերում, հակառակ օրենքի պահանջին, ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց չեն ապահովել փաստաբանով և չեն պարզաբանել նրանց իրավունքները:
«Գրանցվել են Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց հաշվառման մատյաններում ուշ գրանցելու, ընդհանրապես չգրանցելու, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերը քաղաքացիներից անհարկի վերցնելու դեպքեր: Ոստիկանության ծառայողների կողմից առանձին դեպքերում շարունակվել են խախտվել հաղորդումների քննարկման ժամկետները, դրանք քննարկելիս օրենքով սահմանված որոշումներից մեկի կայացման, ինչպես նաև հայերենին չտիրապետող անձից բացատրություն վերցնելիս նրան պատշաճ կերպով թարգմանչով ապահովելու պահանջները չի բավարարվել»,- ասաց ՄԻՊ տեղակալը:
Ալեքսանդր Արզումանյանին վրդովվեցրեց նաեւ այն իրողությունը, որ հավաքների ժամանակ ոստիկանները անօրինական կերպով բերման են ենթարկում բավական հայտնի մարդկանց`նրանց ինքնությունը պարզելու համար: «Բոլորը ճանաչում եմ, քաղաքում, ինչպես ասում են, ամեն մի շուն էդ մարդուն ճանաչում է, փաստաթղթերն էլ մոտն են, բայց այդ ոստիկանը չգիտես ինչո՞ւ `չի ճանաչում»,- ասաց պատգամավորը մի քանի օրինակներ նշելով: Ոստիկանության ներկայացուցիչը այդպես էլ չկարողացավ հստակ բացատրություններ տալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































