Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ԲՀԿ-ականներ ակնհայտորեն ՀՀԿ-ի շարքերն են համալրել (տեսանյութ)

Մայիս 08,2015 12:57

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխանություններին «անմեղսունակ» անվանեց: Պատճառն, ըստ բանախոսի, այն է, որ միայն անմեղսունակները կարող են չտեսնել այսօրվա խնդիրները և երկիրը տանել դեպի կործանում: Հարկեր հավաքելու հարցում, ըստ ընդդիմադիր գործչի, իշխանությունների «ֆանտազիան անսպառ է», որի վառ վկայությունը նա համարում է «Եկամտահարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» հապճեպ ընդունված ու արդեն բազմաչարչար ու տխրահռչակ օրենքը: Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ այդ օրենքից երևում է, որ իշխանությունները երկրի զարգացման մասին չեն մտածում, այլ խթանում են արտագաղթը: «Իշխանությունների բոլոր քայլերն ուղղված են դրամահավաք ապահովելու նպատակին, ակնհայտ է, որ 2 մլրդ դոլարի դեֆիցիտ ունենալով, իսկ հիմա արդեն տրանսֆերտների նվազում ունենալով, երկիրը գնալու է դեպի ֆինանսական կոլապս»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այս ռեժիմից ժողովրդին հնարավոր է ազատել միայն մի դեպքում՝ եթե ժողովուրդը հարյուր հազարներով դուրս գա փողոց: Հստակեցրեց`իրենք քաղաքական հեղափոխականներ չեն, ոչ էլ ահաբեկիչներ, այդ ճանապարհով չեն կարող փոխել իշխանությունը, ռեժիմը հնարավոր է փոխել միայն համաժողովրդական ապստամբությամբ: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց, եթե տեսնեն իմաստալից գործընթաց, որը տանում է դեպի հաղթանակ: Օրինակ, ըստ նրա, ժողովուրդը հավատում էր, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միավորմամբ հնարավոր էր երկրում փոփոխություն կատարել:

Որո՞նք են իրենց հետագա քայլերը լինելու`հարցին բանախոսը պատասխանեց, որ հենց վաղն էլ կարող են հանրահավաքի օր նշանակել, բայց պետք է իմաստալից գործընթաց լինի: «Նման գործընթաց այս պահին, ես կարծում եմ, որ ամենահավանականը կապված է լինելու սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, որն ավելի ճիշտ կլինի անվանել հակասահմանադրական գործընթաց»,- ասաց նա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Մեկ այլ հարցի, խորհրդարանական եռյակի`ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ հետագա համագործակցության մասին, ասաց, որ իրենք այժմ 44 ստորագրություն չեն կարող ապահովել իրենց նախաձեռնությունների համար, քանի որ այն ժամանակ ունեին ԲՀԿ-ի անվերապահ աջակցությունը: Հիմա, ԲՀԿ-ից շատերը, ըստ Լեւոն Զուրաբյանի, ակնհայտ անցել են ՀՀԿ-ի շարքերը:

Լրագրողները հետաքրքրվեցին`եղել է դեպք, որ ԲՀԿ-ին ինչ-որ համագործակցություն առաջարկեն, վերջիններս էլ հրաժարվեն: Բանախոսը պատասխանեց, որ հազար ու մի բաների մասին խոսել են, բայց փակագծերը չցանկացավ բացել: Միայն ասաց, որ շոուներով չենք զբաղվի`«Բերենք `ասենք տեսնենք, թե ով է միանում, ով`չէ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031