Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ մեդիադաշտի խնդիրները՝ Ռիգայի գագաթաժողովում

Մայիս 11,2015 14:12

Այսօր «Հայաստանն արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով կլոր սեղան էր կազմակերպվել՝ քննարկելու, թե ինչ կարող է ստանալ Հայաստանը եւ ինչ շեշտադրումներ են արվելու այդ գագաթաժողովում: Նշենք, որ այն մեկնարկելու է մայիսի 20-ին:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ արեւելյան գործընկերության շրջանակներում առաջին մեդիա համաժողովն է լինելու, մինչ այս նման բան չի եղել այս ձեւաչափով. «ԶԼՄ-ներին այդքան ուշադրություն չէր դարձվում: Փոխվում է  վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ՝ կարեւորելով նրանց դերը աշխարհաքաղաքական նախաձեռնություններում»:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ասաց, որ Ռիգայի գագաթաժողովում լինելու է Քաղաքացական հասարակության կոնֆերանս եւ Մեդիա կոնֆերանս. «Մեդիա կոնֆերանսը մտորումների տեղիք է տալիս՝ ինչու է այս անգամ կարեւորվում: Պատճառներից մեկն այն է, որ նախ պետք է հասկանալ մեդիայի առջեւ կանգնած մարտահրավերները, բայց երեւի ավելի խորքային խնդիրներ կան: Վերջին 2 տարվա ընթացքում ականատես ենք լինում, թե ինչպես են մեդիայի ներկայացուցչները դառնում քարոզչական գործիք եւ ազդում հասարակության դիրքորոշման վրա: Ուկրաինայի դեպքերում էլ մեծ է մեդիայի ազդեցությունը: Մեդիա դաշտը լուրջ խնդիրներ ունի: Տնտեսական ռեսուրսների սահմանափակումը բերում է ԶԼՄ-ների անկախության կորստին: Ականատես ենք լինում, թե ինչպես են ԶԼՄ-ները վաճառվում, գնվում եւ հանրության  համար տերերը պարզ չեն լինում: Հաջորդ խնդիրը կառավարվող ազատությունն է. մեր դաշտը լուրջ խնդիր ունի սրա հետ: ժամանակ առ ժամանակ ազատ են  լինում ԶԼՄ-ները, բայց կառավարվող են, իրավիճակի եւ քաղաքականութան հետ կապված կարող են փոփոխվել: Կքննարկվեն լրատվական դաշտի անկախությունն ու պաշտպանվածությունը»:

Ըստ Նունե Սարգսյանի, ռուսական ԶԼՄ-ների ազդեցությունը շատ մեծ է մեր մեդիա դաշտի վրա: Ռուսական ԶԼՄ-ներից վերցրած ինֆորմացիան անվտանգության տեսակետից շատ բացասական դեր է խաղում. «Մեր լրատվական կայքերը քիչ են պաշտպանված խակերներից: Սա էլ է խնդիր: Մեդիագրագիտության պրոբլեմներն են ամենակարեւորը, ազգային հայեցակարգ է հիմա մշակվում»:

Մեր հարցին՝ այդ գագաթաժողովի արդյունքում ի՞նչ կարող ենք մենք ստանալ, նշված խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել, որպեսզի ինքնանպատակ չլինի մասնակցությունը գագաթաժողովին՝ Նունե Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մենք շատ մեծ սպասելիքներ կարող ենք ունենալ: Սա հայեցակարգի սկիզբ կարող է դառնալ եւ նոր ձեւերի հիմք դնել՝ ԵՄ-ի հետ համագործակցելու: Ցանցերը կարող են փորձել փոխել մթնոլորտը ընդհանուր դաշտում: Չեմ կարծում, որ կոնֆերանսի ընթացքում ընդունվեն նոր բանաձեւեր ՀՀ մեդիադաշտի հետ կապված: Կարեւոր փաստաթուղթ կարող է լինել մեր առաջարկները, որոնք կարող են աջակցություն ստանալ ԵՄ-ի կողմից»:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ համաժողովի ընդհանուր փաստաթղթի վրա արդեն աշխատում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031