Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Ծառուկյանի ակտիվացման եւ նրա հետ հանդիպման մասին

Մայիս 13,2015 15:37

Այսօր լրագրողները ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին՝ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանն անընդհատ մարզեր է գնում, հանդիպումներ է ունենում, նա նորից սկսել է ակտիվանա՞լ:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ այդտեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Պարոն Ծառուկյանը արել է իր հայտարարությունը, որ ինքը հեռացել է ակտիվ քաղաքականությունից, զբաղվելու է բարեգործությամբ եւ իր այցը Արմավիրի մարզ մթերման հետ կապված էր: Երբ բազմաթիվ մթերողներ ուղղակիորեն հայտարարել են, որ իրենք շատ փոքր ծավալներով են մթերում անելու, իսկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր ծավալները չեն փոխվելու, ավելին՝ ինքը պատրաստ է մթերել ավելի մեծ ծավալներ, որպեսզի ՀՀ գյուղացիական տնտեսությունները չտուժեն, կարծում եմ, դա միայն կարելի է ողջունել, ոչ թե դրա տակ փորձել քաղաքական ինչ-ինչ ենթատեքստ փնտրել»:

Հարցին՝ Դուք հանդիպո՞ւմ եք, քննարկումներ չե՞ք ունենում Գագիկ Ծառուկյանի հետ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Քաղաքական՝ ոչ, մարդկային հանդիպումներ ունենում ենք: Բայց քաղաքականության մասին ունենք պայմանավորվածություն պարոն Ծառուկյանի հետ չխոսել, եւ ես հարգում եմ պարոն Ծառուկյանի որոշումը՝ իր հետ քաղաքական հարցեր չքննարկել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԲՀԿ-ամետ քաղաքացիները մտածում են, որ Ծառուկյանը կգործի որպես գործարար, բարեգործ, ընտրությունների ժամանակ կվերադառնա: Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են վստահել եւ հավատալ Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին, բայց այս պահին կա Գագիկ Ծառուկյանի մեկ հայտարարություն՝ որ ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Այլ հայտարարություն չկա: Երբ որ կլինի այլ հայտարարություն, ես պատրաստ կլինեմ քննարկելու»:

Գագիկ Ծառուկյանի որդուն առեւանգելու լուրերի հետ կապված էլ՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվություն չունի եւ Իվետա Տոնոյանի պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031