Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես վարչապետ եմ, ապա իմ որդին իրավունք չունի՞ լինելու երկրի լիիրավ քաղաքացի»

Մայիս 20,2015 16:30

Հարցնում է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը

– Արդեն հայտնի է, որ առաջիկայում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, որպես Արտաշատ քաղաքի քաղաքապետի թեկնածու, կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին: Կարծիքներ հնչեցին, որ իշխանություն ունեցող հայրերը իրենց որդիների համար պատրաստում են քաղաքական կարիերա: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է այս առաջադրումը։

– Ես չեմ կարող չծիծաղել այս կարգի գնահատականի վրա, ներեցեք, բայց այն, ինչ ասվում է, առնվազն զուրկ է տրամաբանությունից: Նախ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեր երկրի գլխավոր օրենքը թույլատրում է ընտրել եւ ընտրվել: Այսինքն՝ առաջադրվել այս կամ այն ընտրություններում որպես թեկնածու եւ ընտրվել (կամ՝ ոչ): Սա սահմանադրական նորմ է. հիմա, ի՞նչ, դուք առաջարկում եք, որ այս նորմը գործի ընտրողաբա՞ր: Երկրորդ՝ նույն Սահմանադրության մեջ չկա արգելող դրույթ առ այն, որ այս կամ այն պաշտոնը զբաղեցնողի կամ այս կամ այն մասնագիտությունը ունեցողի որդին, դուստրը, կինը եւ այլք զրկված են ընտրվելու իրավունքից։ Եվ ի վերջո՝ երրորդը, ըստ այդ տրամաբանության՝ եթե ես վարչապետ եմ, ապա իմ որդին իրավունք չունի՞ լինելու երկրի լիիրավ քաղաքացի։

– Իսկ Արգամ Աբրահամյանը ի՞նչ արժանիք ունի՝ բացի երկրի վարչապետի որդին լինելուց։

– Դուք ուզում եք, որ ես թվարկեմ երիտասարդի արժանիքնե՞րը. սիրով, քանի որ այլ դեպքերում գուցե չկարողանայի անել այդ բանը: Քանի որ ես ոչ բոլորին եմ ճանաչում եւ ոչ բոլորի երեխաներին, այս դեպքում անձամբ ճանաչում եմ Արգամին եւ ծանոթ եմ արդեն շուրջ քսան տարի, երբ նա փոքր էր, եւ Հովիկ Աբրահամյանը դեռ վարչապետ չէր։ Ընդհանրապես, Աբրահամյանների ընտանիքը արժանի է գովեստի, քանի որ սա իրականում ամուր հայկական ընտանիք է՝ իր ավանդույթներով, մեծերի հանդեպ ճիշտ վերաբերմունքով եւ երեխաների ճիշտ դաստիարակությամբ, սա բազմանդամ ընտանիք է եւ պահպանողական։ Տիկին Աբրահամյանի համեստությունը, կրթական մակարդակը, կանացի ուժն ու հմայքը հայ կնոջ հրաշալի կերպար է, իսկ ՀՀ վարչապետը իր մարդկային ունակությունների, խելքի շնորհիվ, գյուղացու որդի լինելով, կարողացել է հասնել երկրի այս պաշտոնին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի նրանց միակ որդին իր ծնողների արժանի զավակը չլինի, երբ ստացել է ճիշտ կրթություն, հայեցի դաստիարակություն, երբ ինքն արդեն երկու հրաշալի բալիկների հայր է եւ շատ լավ գիտի այն քաղաքի խնդիրներն ու հոգսերը, որի քաղաքապետի պաշտոնում կարող է առաջադրվել։ Այսպես կամ այնպես՝ նա արդեն վաղուց զբաղվում է այդ խնդիրների լուծմամբ, մարդկանց լսելու եւ աջակցելու կարողություն ունի, եւ մենք փոխանակ ուրախ լինենք, որ Արտաշատ քաղաքը կարող է ունենալ ընտրված, երիտասարդ, խոստումնալից, կարգին քաղաքապետ, սկսում ենք ջուր պղտորել, թե՝ տեսեք-տեսեք, վարչապետի որդին ուզում է քաղաքապետ դառնալ: Եթե ճիշտն եք ուզում՝ արտաշատցիներն են ուզում, որ իրենց քաղաքապետը լինի ոչ թե ինչ-որ մեկը, այլ Արգամ Աբրահամյանը։

– Դուք այնպես եք գովում Արգամ Աբրահամյանին՝ կարծես ընտրարշավն արդեն սկսվել է։

– Դուք հարցրիք՝ ես պատասխանում եմ, իսկ ես երբեք չեմ կեղծում. եթե նա լիներ անարժան մեկը, ես հենց այդպես էլ կասեի: Իհարկե, ինձնից կնեղանային, բայց ես միեւնույն է՝ կասեի ճշմարտությունը, հիմա նույնպես ես ասում եմ այն, ինչ համապատասխանում է իրականությանը։ Եվ, ընդհանրապես, կարծում եմ՝ վաղուց ժամանակն է մարդկանց, պաշտոնյաների, պատգամավորների, շարքային գործիչների, լրագրողների, բոլորի մասին խոսելիս անհարմար չզգալ նշել այդ մարդու արժանիքները, լավ, դրական կողմերը։ Սա պիտի դառնա սովորություն, քանի որ մեր հասարակությունը հոգնել է կեղծ սկանդալներից, մարդկանց հանիրավի սեւացնող լուրերից, բացասական էմոցիաներ առաջացնող աղմուկից։ Ես միշտ սիրում եմ կրկնել՝ պաշտոնյան նույնպես մարդ է։

– Բայց մենք սովոր ենք, ավելի ճիշտ` այս տարիների ընթացքում ականատեսն ենք եղել նրա, որ պաշտոնյաների որդիները լինում են վատ դաստիարակված, միշտ ներքաշված են կռիվների եւ խուլիգանությունների մեջ։

– Ձեր այս կարծիքը կիսում եմ մասամբ, քանի որ եթե նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ այդ խավի զավակների վատ պահվածքը չնչին տոկոս է կազմում: Ուրիշ հարց, որ նրանցից շատերը հովանավորվում են: Օրինակ՝ դուք չեք հարցնում, բայց ես ասեմ Սյունիքի մարզպետի որդու մասին. տեսեք, եթե այդ տղան (ի դեպ, չեմ ճանաչում եւ ոչ մի խոսք նրա մասին չեմ կարող ասել), ում անունը շոշափվեց հայտնի կռիվների մեջ, ժամանակին որպես կարգապահ քաղաքացի գնար եւ կանգներ իրավապահների առաջ եւ հնարավորություն տար գործը քննել եւ ճշմարտությունը պարզել, ես ավելի ուրախ կլինեի եւ որպես երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ ավելի վստահ։ Երկրորդ կարծիք լինել չի կարող՝ եթե մեկը մեղավոր է, պիտի պատժվի ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Ինչ-որ մեկի որդին լինելը չպիտի ազատի պատասխանատվությունից: Ցավոք, այո, կան փաստեր, բայց սրանց մասին պիտի խոսվի եւ քննադատվի, որ վերանան։ Մյուս կողմից՝ չեմ կարող չասել որպես ծնող՝ իսկ դուք ի՞նչ գիտեք, ինքը՝ Խաչատրյանը, որպես ծնող ի՞նչ ապրումներ ունի եւ ի՞նչ է զգում՝ որպես հայր:

Մեկ այլ օրինակ բերեմ. երբ ասում եմ՝ մասամբ եմ համամիտ ձեր գնահատականին, բացատրեմ։ Իմ մեծ փեսան երբ ամուսնացավ դստերս հետ՝ նախարարի որդի էր, բայց ավելի արժանավոր, համեստ, ճիշտ դաստիարակված, օրինապաշտ քաղաքացի դուք դժվար թե գտնեք: Այսօր նույնպես նա այդպիսին է, երբ պատգամավորի որդի է, կուսակցության ղեկավարի որդի: Այնպես որ՝ ձեր ասածի մեջ կա եւ դառը ճշմարտություն, եւ չափազանցություն. չպիտի մոռանալ, որ մարդիկ տարբեր են՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Manvel says:

    Երբ ընտրությունները չկեղծվեն բոլոր խոսակցությունները կվերանան:Ինչպես նաև մարգարիտեսայանները;

  2. ՀՀ քաղաքացի says:

    Հարցազրույցից տպավորություն եմ ստանում, թե Մարգարիտ Եսայանը փորձում է ազգականներից մեկին լավ` ՉԱԼԱՂԱՋ գործի տեղավորել:
    Ասում եք Աբրահամյանների ընտանիքը արժանի է գովեստի, քանի որ սա իրականում ամուր հայկական ընտանիք է՝ իր ավանդույթներով, մեծերի հանդեպ ճիշտ վերաբերմունքով…Հա որ??? Ընտանիքի հայր վարչապետը ԱՐԱ-ով է խոսում ՀՀ քաղաքացու հետ` https://www.youtube.com/watch?v=VuW30NNvKl4: Նման հայկական ավանդույթ չեմ հիշում, վստահ եմ, որ սա ճիշտ վերաբերմունք չի:
    2008-ին նախագահի ընտրության քարոզարշավի ժամանակ Աբրահամյան Արգամն ու ընկերները հարձակվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Լեւոն Տեր-Պետրոսյանն աչքիս լույսը չի, այստեղ նրա անձի խնդիրը չի, Աբրահամյաննները այլակարծություն չեն հանդուրժում: Վստահ եմ, որ սա ճիշտ վերաբերմունք չի:
    Արգամը որ դառնա, ԸՆԴԳԾՈՒՄ ԵՄ` դառնա, ոչ թե ընտրվի քաղաքապետ ԱՐԱ-ով է խոսելու արտաշատցիների հետ եւ ծեծելու է իր կարծիքից տարբեր կարծիք հայտնողին: Այսքանից հետո ակնհայտ է, որ տիկին Աբրահամյանը չունի կրթական այն մակարդակը, համեստության այն պաշարն ու կանացի այն ուժը որ ամուսնուն բացատրի, որ ՀՀ քաղաքացու վճարած հարկերից աշխատավարձ ստացողը չպետք է այդ քաղաքացուն ԱՐԱ ասի, եւ այլակարծիք մարդուն ծեծել պետք չէ:
    Վստահ եղեք, որ այսպես շարունակվելու դեպքում Արգամը կդառնա Լիսկա-2:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031