Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ Սահմանադրությամբ ամրագրել իշխանության նոր թեւ

Հունիս 01,2015 13:00

Այն կվերահսկի իշխանության մյուս բոլոր թեւերին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության մասին հայտարարությունը դարձել է քաղաքական օրակարգը պայմանավորող գլխավոր գործոններից մեկը: Ողջունելով նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը եւ գիտակցելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, միաժամանակ պետք է արձանագրել, որ սահմանադրական յուրաքանչյուր բարեփոխում, բնականաբար, իր հետ բերում է իրավական համակարգի որոշակի ցնցումներ, որոնք իշխող քաղաքական ուժը կփորձի հնարավորինս մեղմել:

Իրավական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարացման, նրա անմիջական կիրառման գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը, միանշանակ, կարելի է համարել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ յուրաքանչյուր` ժողովրդավարացման ուղին բռնած պետության կարեւոր խնդիրներից մեկը: Այս ճանապարհով միայն հնարավոր կլինի հանրային կյանքում աստիճանաբար արմատավորել օրենքի գերակայության, նրա առաջ բոլորի հավասարության գիտակցումը, քանզի անկատար իրավական համակարգը, օրենքում առկա բացթողումներն ու թերությունները այն խոչընդոտներն են, որոնք հնարավորություն չեն տալիս ամբողջ հասարակությանը միավորել իրավական հուսալի «տանիքի» տակ: Եվ անկախ կարգավորման ոլորտից, իրավական ակտի ոչ հստակ կիրառությունը, պայմանավորված` անորոշ ձեւակերպումներով, հստակ կիրառման մեխանիզմների բացակայությամբ, ակտի կիրառումը ապահովելու իրավասությամբ օժտված մարմնի կամ մարմինների կողմից այն կիրառելու ընթացքում դրսեւորվող սուբյեկտիվիզմի բարձր աստիճանով, հասարակության մեջ կարող են առաջացնել օրենքի նկատմամբ անվստահության, անպաշտպանվածության, անզորության զգացողություն: Պետության քաղաքական ղեկավարության կարեւորագույն խնդիրներից է չեզոքացնել նման տրամադրությունները այնպիսի կառավարման համակարգ ձեւավորելով, որն ի վիճակի կլինի որակյալ իրավական ակտեր մշակել, ապահովել այդ իրավական ակտերի անաչառ կիրառությունը, այդ ակտերի իրավաչափ կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացումը, իսկ որպես թվարկված խնդիրների կատարման երաշխիք` կիրառել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իշխանության թեւերի նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմ: Իսկ հիմա` ըստ էության:

Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի` «Պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան`օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»: Իշխանությունն այս առումով իրոք բաժանված է թեւերի, որոնք հավասարակշռում են միմյանց` թույլ չտալով իշխանության գերկենտրոնացում որեւէ թեւի ձեռքում: Բայց իշխանության երեք թեւերը` Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, իրենց կարգավորման ոլորտներում փաստացի ունեն այնպիսի իշխանություն, որի նկատմամբ չկան արդյունավետ զսպման մեխանիզմներ՝ որը կենթադրեր հասարակական վերահսկողություն, գործունեության արդյունքների չափելի գնահատական՝ հիմնված առկա իրողությունների վրա:
Այսպիսի պայմաններում պետական ապարատի աշխատանքի որակը կարող է շարունակ ընկնել` իր հետ բերելով հասարակական ավելի մեծ դժգոհություններ:
Առաջարկում եմ Սահմանադրությամբ ամրագրել եւ ձեւավորել իշխանության եւս մեկ թեւ (այսուհետ` Մարմին), որի գործառույթը կլինի վերահսկողության իրականացումը պետական ամբողջ համակարգի գործունեության նկատմամբ, մշտադիտարկման միջոցով հասարակության ձեռքը մշտապես պահել պետական իշխանության զարկերակին` բացահայտելով պետական իշխանության այն մարմինները, որոնց գործունեության նկատմամբ առկա է հասարակական ավելի մեծ օբյեկտիվ դժգոհություն, առաջարկել առկա խնդիրների լուծման տարբերակներ` իր գործունեության ընթացքում ձեւավորված համոզմունքների ու տպավորությունների հիման վրա:

Մարմնի մեջ պետք է ներառել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, կառավարության որոշումներով ստեղծված վերահսկողական գործառույթ ունեցող մարմինները: Բացառություն կարող են լինել Հայաստանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերը, որոնց կազմում կարող են պահպանվել վերահսկողական գործառույթ ունեցող ստորաբաժանումներ: Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում կարող են ներառվել ներքին աուդիտի ստորաբաժանումներ:
Նմանատիպ Մարմինը իր գործունեությունը կիրականացնի մշտական հիմունքներով, եւ բացի ընդհանուր պլանային վերահսկողությունից, կիրականացնի նաեւ ուսումնասիրություններ եւ դիտարկումներ ամենատարբեր ուղղություններով՝ պայմանավորված հասարակությունից ստացված ազդակներով` դիմում, բողոք, առաջարկությունների տեսքով, եւ սեփական մտահոգություններով: Մարմինը որոշակի պարբերականությամբ` իր գործունեության արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա կներկայացնի բաց հաշվետվություններ եւ կտա պետական մարմինների ընթացիկ գործունեության վերաբերյալ քաղաքական գնահատական:
Տվյալ Մարմնի ղեկավար օրգանը պետք է ունենա կոլեգիալ կառուցվածք, ընդ որում, որպես Ազգային ժողովում ընդդիմություն գրանցված քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է կազմեն ղեկավար օրգանի կազմի առնվազն կեսը: Ընդդիմադիր ուժերի կողմից մարմնի ղեկավար օրգանի անդամ նշանակված ներկայացուցիչները պետք է ընդգրկված լինեն տվյալ քաղաքական միավորի` օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցելու համար կազմված նախընտրական ցուցակներում:

Մարմնի ղեկավարը եւ ղեկավար օրգանի անդամների մյուս կեսը կնշանակվեն հանրապետության նախագահի կողմից, եւ չպետք է հանդիսանան իշխող քաղաքական ուժի կամ իշխող կոալիցիան կազմող ուժերի ներկայացուցիչներ: Առաջարկվող պառլամենտական կառավարման մոդելի պարագայում, որը ենթադրում է հանրապետության նախագահի իրավասությունների էական կրճատում, կարծում եմ, հանրապետության նախագահին անհրաժեշտ է տալ իշխող քաղաքական ուժին արդյունավետ վերահսկելու հնարավորություն եւ լծակներ:

Մարմնի աշխատանքները կմեկնարկեն եւ կընթանան հերթական գումարման Ազգային ժողովի գործունեությանը զուգահեռ: Մարմնի ղեկավարը կիրականացնի Մարմնի կողմից կատարվող աշխատանքների ընդհանուր ղեկավարումը: Մարմնի կառուցվածքի, գործունեության, լիազորությունների վերաբերյալ մանրամասները կսահմանվեն օրենքով:
Երեւի թե կարելի էր պնդել, որ նպատակահարմարությունից ելնելով՝ այսպիսի Մարմին հնարավոր էր ստեղծել իշխանության ինչ-որ թեւի կազմում, օրինակ` գործադիր իշխանության կազմում, որտեղ եւ այն կիրականացներ նույնատիպ գործառույթներ եւ կարիք չկա, որ նրա գոյությունը ամրագրված լինի Սահմանադրությամբ: Բայց այդ դեպքում, ինչպես ցույց է տալիս փորձը, ժամանակի ընթացքում այն անխուսափելիորեն սերտաճում է իշխանության տվյալ թեւին եւ արդյունավետ չի իրականացնում իր առջեւ դրված խնդիրները:

Ակնկալվող արդյունքների մասով կարող եմ նշել, որ պետական համակարգը կազմող իշխանության թեւերը կգործեն ավելի արդյունավետ, ավելի զգոն եւ ուշադիր` իրենց թիկունքում մշտապես զգալով Մարմնի շնչառությունը: Հասարակության մեջ կմեղմվեն պետական ապարատի գործունեության բացթողումներով պայմանավորված դժգոհությունները, կավելանա պետական համակարգի նկատմամբ վստահությունը:
Իշխանության այդ թեւը հասարակության գիտակցության մեջ կամրապնդվի որպես գործող ժողովրդավարական ինստիտուտ:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930