Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից բուհերի օպտիմալացման մասին

Հունիս 04,2015 12:30

Վերջերս «Առավոտն» անդրադարձավ բուհերը Գյումրի տեղափոխելու թեմային եւ ներկայացրեց բացասական, անգամ խնդրի լուծման հեգնանք արտահայտող կարծիքներ: Դեռեւս չորս տարի առաջ «Առավոտում» մեկնաբանել եմ այս խնդիրը եւ մինչեւ հիմա էլ համոզված եմ, որ Երեւանն իրոք պետք է բեռնաթափել համալսարանական թոհուբոհից: Սակայն հարցի լուծման գծով ունեմ սեփական մոտեցումներ:

Նախ՝ մեր հանրապետության համար շուրջ 80 բուհի առկայությունը մեծ շռայլություն է: Կարծում եմ, որ ընդամենը 5 խոշոր համալսարանական մարզային հանգույցներով (կենտրոնական, հյուսիսային, հարավային, արեւմտյան եւ արեւելյան) արդյունավետ կլինի բուհերի տեղաբաշխումը, որոնցից յուրաքանչյուրը կունենա առնվազն 20 000 ուսանող եւ հնարավորինս կընդգրկի բոլոր մասնագիտությունները: Հայաստանը չունի այն գերզարգացած կրթական շուկան, որ կրթություն կազմակերպի ներկայիս մասնագիտացված բուհերում: Վերաձեւավորված այդ խոշոր բուհերը հնարավորինս պետք է մատուցեն օպտիմալացված կրթական ծառայություններ` բազմապրոֆիլ ուղղություններով:
Իսկ ինչպես պետք է լուծել այդ օպտիմալացման արդյունքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի, շենքային պայմանների, դիմորդների ապահովվածության հարցը՝ հանրապետության մարզերում: Լուծման ուղիները տեսանելի են, սակայն իրագործման տեւական եւ փուլային ժամանակահատված են պահանջում: Նախ եւ առաջ, բուհերի տեղաբաշխման գործընթացը միայն պետական ռեսուրսներով հնարավոր չէ իրականացնել: Մասնավորը պետք է ձեռք բերի Երեւան քաղաքի կենտրոնում գործող բուհերը ոչ թե գնման, այլ փոխանակման ճանապարհով: Իսկ փոխանակվելու է մինչ այդ հանրապետության որեւէ մարզում արդեն իսկ իր միջոցներով կառուցված բուհական համալիրը, որը կունենա ժամանակակից բուհի բոլոր ենթակառուցվածքները (ուսանողական ավան, դասախոսների հյուրատուն, սպորտային, գրադարանային, կենցաղսպասարկման հանգույցներ եւ այլն): Շենքային փոխանակման նման փորձ, բայց ոչ բուհերի գծով, մենք արդեն իսկ ունենք Երեւան քաղաքի ներսում:

Երեւանի կենտրոնում գործող բուհերը նախատեսված չեն ոչ համալսարանական ներկայիս անհրաժեշտ ենթակառուցվածքային նորմերի, եւ ոչ էլ այսչափ ուսանողության համար: Եթե դրանք անցյալ դարում իրենց քաղաքաշինական չափանիշներով ներդաշնակ էին կրթական ծառայությունների մատուցման նորմերին, ապա ներկայումս հիմնականում դժվարություններ ենք տեսնում հանրակացարանների, կրթական տարածքների, սպորտային համալիրների, շրջաններից ուսանողների ամենօրյա տեղափոխումների, անգամ ավտոմեքենաների կայանատեղերի ապահովման հարցում, որոնք մենք չենք ունենա միջազգային չափանիշներով մարզային նորակառույց խոշոր համալսարաններում:
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ապահովման հարցն էլ հնարավոր է լուծել համալսարաններին կից հյուրատներ կառուցելու, ընդհուպ հեռավար ուսուցման տարրերի ներմուծմամբ` լսարանային ժամերի կրճատման ճանապարհով: Այսօր, անգամ արեւմտյան երկրներում են բուհերի խոշորացման ճանապարհով լուծում կրթության որակի, ծառայությունների մատուցման ինքնարժեքի նվազեցման, տարածքային զարգացվածության համահարթեցման հարցեր: ԱՄՆ-ում ոչ բարենպաստ կլիմայական գոտում գտնվող քաղաքներում կան համալսարաններ, որտեղ սովորող ուսանողների թվաքանակը բազմաթիվ անգամ գերազանցում է բուն քաղաքի բնակչությանը: Գերմանիայում ներկայումս մեծ թափ է ստացել համալսարանների խոշորացման գործընթացը: Ուրեմն ոչ թե պետք է անմիջապես մերժել Երեւանի կենտրոնից բուհերի բեռնաթափման հարցը, այլ կազմել հստակ ռազմավարություն, տեսանելի ապագայում բուհերը մարզեր տեղափոխելու գծով, որից բոլորս շահառու դուրս կգանք:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930