Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու սպանության պատվերը «Ֆառն» էր տվել

Հունիս 06,2015 14:00

Երեւանի քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել 12 տարի առաջ կատարված սպանությունների գործով Անդրանիկ Երեմյանին եւ «Կայծ» մականունով հայտնի Կամսար Հակոբյանին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, 2003թ. հուլիսի 25-ին, ժամը 12-15-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղու վրա, մի խումբ անձինք, ապօրինաբար ձեռք բերած եւ կրած ինքնաձիգներով, սպանության դիտավորությամբ, կրակահերթ են արձակել «31 029» մակնիշի 65 ԼՕ 285 համարանիշի «Էլբա» տաքսի ավտոմեքենայում գտնվող անձանց վրա: Սպանվել են վարորդը՝ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը եւ Դավիթաշեն թաղամասի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 տան բնակիչ Արկադի Սամվելի Գեւորգյանը: Վերջինի եղբայրը՝ Արտյոմ Սամվելի Գեւորգյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ շնորհիվ բժիշկների, նրա կյանքը փրկվել է։
Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Երեւանի Դավիթաշեն թաղամասի բնակիչ Գեւորգ Վիկտրի Մանուկյանը եւ նույն թաղամասի բնակիչներ, եղբայրներ Արտյոմ եւ Արկադի Գեւորգյանները միմյանց ճանաչել են 10 տարի եւ գտնվել են նորմալ փոխհարաբերությունների մեջ։

Նրանց միջեւ թշնամությունը սկսվել է մի չնչին միջադեպից հետո. երբ Գեւորգ Մանուկյանը Արտյոմ Գեւորգյանի կողմից իր հորեղբոր անչափահաս որդուն՝ Արտյոմ Մանուկյանին հայհոյել եւ ապտակել է: Պատճառները պարզելու նպատակով, 2002 թ. նոյեմբերի 27-ին Գեւորգը գնացել է Արտյոմ Գեւորգյանի առանձնատուն։ Առանձնատան դիմաց, ըստ նախաքննությամբ ձեռք բերվածի, կանգնած են եղել Արտյոմն ու Արկադին, նրանց ընկերները՝ Հարություն Տերտերյանը, Համլետ Մկրտչյանը եւ Վաչիկ Մանուկյանը։ Նախաքննության մարմնի տեղեկացմամբ, տարածքում հայտնված Գեւորգի հորեղբայրը՝ Գրիգոր Մանուկյանը, «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակել է Արտյոմ եւ Արկադի Գեւորգյանների, նրանց ընկերների վրա։ Վերջինները դիմել են փախուստի՝ խուսափելով կրակոցներից, իսկ Գեւորգը «Բերետտա» տեսակի ատրճանակից դարձյալ կրակել է դեպքի վայրից փախչող Հարություն Տերտերյանի վրա եւ սպանել նրան։ Կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ է ստանում նաեւ Համլետ Մկրտչյանը։
Դեպքից հետո Գրիգոր եւ Գեւորգ Մանուկյանները դիմել էին փախուստի եւ թաքնվել քննությունից։ Նրանց նկատմամբ նախաքննության մարմինը հայտարարել էր հետախուզում: Ի դեպ, 2003 թ. մարտի 21-ին Երեւանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվում է հետախուզման մեջ գտնվող Գրիգոր Գեւորգի Մանուկյանի դիակը։
Մահվան կապակցությամբ, բնականաբար, դադարեցվել էր նրա քրեական գործը:
Գեւորգ Մանուկյանը դեռ որոնվում էր:

Սպասվում էին նոր զարգացումներ:
Քննչական մարմնի ձեռք բերված ապացույցների համաձայն, երեւանաբնակներ, «Երկու ընկեր» ՍՊ ընկերության տնօրեն, «Ֆառ» մականունով Արթուր Սուրենի Սարգսյանը տեղեկանալով, որ իր ընկերոջ որդին` Գեւորգ Մանուկյանը, Արտյոմի, Արկադիի հետ գտնվում է թշնամական հարաբերությունների մեջ, ավելին, նպատակ ունեն Գեւորգ Մանուկյանից, նրա մտերիմներից, որոնց թվում նաեւ իրենից, վրեժխնդիր լինել Հարություն Տերտերյանին սպանելու համար, «իր կյանքին սպառնացող վտանգ» տեսնելով, որոշում է կազմակերպել եղբայրների սպանությունը։ Նա սպանության կատարումը պատվիրում է «Կայծին»՝ Կամսար Հակոբյանին, եւ Անդրանիկ Երեմյանին, Առաքել Սարգսյանին: Նրանց «Ֆառը» տրամադրում է բնակարան, ապա՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի 1-ին տնակը:

Խումբն ապահովվում է բջջային հեռախոսներով, տրանսպորտով, իսկ «Երկու ընկեր» ՍՊ ընկերության վարորդ Կարեն Նորայրի Խալաթյանին տրվում է 6500 ԱՄՆ դոլար, հանձնարարվում է մեկնել Թբիլիսի՝ ավտոմեքենա գնելու համար։ Չի ուշանում նաեւ «Մերսեդես-Բենց-124» մակնիշի, «B-1 300V 24.04.03» համարանիշի ավտոմեքենան։ Այն հանձնվում է եռյակին:

Գեւորգյան եղբայրների տեղաշարժերի ու գտնվելու վայրի մասին ինֆորմացիա տրամադրում էր նրանց մտերիմը՝ Համլետ Մկրտչյանը, որը տրամադրել է Արտյոմի եւ Արկադիի լուսանկարը:

Սպանության օրը նրանք տեղեկացել էին, որ Գեւորգյանները պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Այս տարվա փետրվարի 22-ին հետախուզման մեջ գտնվող Կամսար Հակոբյանը ՌԴ-ից էտապավորվել է Հայաստան եւ կալանավորվել է:
Իսկ ապրիլի 20-ին քրեական գործից Անդրանիկ Երեմյանի եւ Կամսար Հակոբյանի վերաբերյալ մասն անջատվել էր, հետախուզման մեջ գտնվող Առաքել Սարգսյանի մասով քրեական գործով վարույթը կասեցվել է:

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Վայ ձեզ, անիրավների, տգետների ու անդաստիարակ արարածների խառնաամբոխ, որ “ազգ” եք կոչվում! Տո ձեր գլխին վարժեցրած մի սեւ գորիլլա է պետք, քառակուսի գլխով, հաստ կոպալը ձեռքին, որ չկարողանաք ոչ աջ թեքվել, ոչ ձախ, խփի ու տափակեցնի, թաց տեղ թողնի միայն! Մի կաթիլ մեղրի կենդանիների մակարդակին ենք հասել,- երեխին ապտակեց, հորեղբայրն եկավ կրակեց, սպանվեցին, մարդասպաններ վարձեցին, կուսակցական մակարդակի կոնֆլիկտներ առաջացան, պրեզիդենտներ խառնվեցին …. այս կերպ մի ախմախ երկիր վարի գնաց! Աշխարհին նայեք, ով ինչ գործի է, իսկ մենք ինչ!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930